![](/banners/BeFunky-design.jpg)
Գարեգին վարդապետ Համբարձումյանը Վաշինգտոնում մասնակցել է Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին և Ազգային աղոթքի նախաճաշին
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/imgonline-com-ua-Resize-BcFW437R9zRYC.jpg)
Վաշինգտոնում օրերս տեղի ունեցած 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին և Ազգային աղոթքի նախաճաշին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ներկայացնում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական Հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:
Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
Միջոցառմանը ուղերձով հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, բանախոսություններ են ներկայացրել քաղաքական, կրոնական գործիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և փորձագետներ։ Գագաթնաժողովի նիստերին մասնակցում էր նաև Գերաշնորհ Տ․ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը (ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ)։
«Հայր Գարեգինը իր մասնակցությունը բերեց նաև ԱՄՆ Կոնգրեսում գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված նիստին` բարձրաձայնելով Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության, բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության, ինչպես և Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման հրամայականը:
ԱՄՆ կոնգրեսականների հետ առանձին հանդիպումների ընթացքում Հայր Սուրբը ներկայացրեց մանրամասն զեկույցներ, որոնք պատրաստվել էին Ամերիկայի Հայ իրավաբանների ասոցիացիայի հետ համատեղ։ Զեկույցներում փաստագրված էին Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակվող խախտումները և մշակութային ժառանգության ոչնչացումը, որոնք պաշտոնապես ներկայացվեցին ԱՄՆ օրենսդիրներին՝ հարցի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու և գործուն քայլերի ձեռնարկման նպատակով»,- նշված է Մայր Աթոռի տարածած հաղորդագրության մեջ: