Ինչպես միշտ՝ հանձնելու ենք, թշնամուց ստանալիք չունե՞նք. Տավուշում ականազերծում են իրականացնում՝ նախապատրաստվելով սահմանազատմանը

Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արդեն հայտարարել են, որ Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների հաջորդ փուլը կրկին տեղի կունենա Տավուշի մարզից։

Այս պահին Տավուշի մարզում այդ գործընթացի համար նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։

Աճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանը 168.am-ին փոխանցեց, որ այս պահին Կիրանց-Ոսկեպար հատվածում, որտեղ պետք է տեղի ունենա սահմանազատում, ընթանում են ականազերծման աշխատանքներ։

«Ականազերծման աշխատանքները կանեն և, ինչպես նախորդ անգամ՝ մեր զորքին կհանեն ու այդ տարածքները կհանձնեն թշնամուն, զորքին էլ կտեղափոխեն այլ վայր»,- իր մտահոգությունը հայտնեց Կարեն Ղազարյանը։

Կարդացեք նաև

Նրա բնորոշմամբ, սահմանազատում ու սահմանագծում չարիքը նորից Տավուշից են անելու, որովհետև իշխանությունը կարծում է, թե «հայկական կողմում հողեր կան, որոնք պատկանում են թշնամուն»։

«Ինչպես միշտ, մենք հանձնելու ենք, թշնամուց որևէ ստանալիք չունե՞նք։ Ինչ վերաբերում է մեր բնակիչների տրամադրություններին, ապա ասեմ, որ նախկինում էլ՝ երբ Կիրանցում տեղի ունեցավ այս գործընթացը, մարդիկ ոգևորված չէին։ Բայց իշխանությունները ժողովրդին համոզում էին, թե լավ է լինելու։ Կիրանցեցիները մինչև վերջին օրը հավատում էին, որ գյուղից ոչինչ չի հանձվելու, բայց երբ հասկացան, ճանապարհը փակեցին, ես էլ միացա իրենց, ու այդտեղից սկսվեց այդ մեծ իրադարձությունը՝ շարժումը։

Հիմա այս նույն ձև մտածում են Ոսկեպարի, Բաղանիսի, Կոթիի բնակիչները։ Կան ադեկվատ մարդիկ, որ Կիրանցի օրինակով գիտեն՝ իրենց ինչ է սպասվում, դրա մասին մենք էլ չենք լռում, ժամանակ առ ժամանակ հիշեցնում ենք»,- շեշտեց Կարեն Ղազարյանը։

Նա նաև նշեց, որ գուցե կան մարդիկ, որոնք դեռ այսքանից հետո չեն հավատում, որ կարող են տուն ու հող կորցնել, կամ էլ հավատում են, բայց շահ ունեն՝ սպասում են, այս գործընթացի արդյունքում տունը կորցնեն, իշխանությունից փոխհատուցում վերցնեն ու հեռանան։

«Կիրանցում այս ամենը մեկ օրում չի սկսվել, նախապատրաստեցին ու պատրաստվեցին, հիմա էլ նույն ձևով նախապատրաստվում են, բայց կրկնում եմ՝ այնպես չէ, որ մենք էլ պարապ նստած ենք»,- ասաց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Կիրանց-Ոսկեպար ճանապարհի հետ կապված մտահոգություններին, Կարեն Ղազարյանը նկատեց՝ ճանապարհը Կիրանցից մինչև Ոսկեպար գյուղ՝ 5 անգամ միջպետական ճանապարհը հատվում է Ադրբեջանի տարածքով։ Ամենամեծ հատումը, որը տեղի է ունենում, Ոսկեպար բնակավայրի մեջ է։

«GPS-ով  3-4 տուն հայտնվելու է Ադրբեջանի հսկողության տակ, ընդհուպ մոտենում են գյուղի դպրոցին ու գերեզմանատանը։ Չի բացառվում, որ դպրոցն անցնի թշնամու հսկողության տակ, իսկ մեր թշնամի իշխանությունը, այս սրիկայախումբը դա թույլ տա։

Այս կորուստներից խուսափելու միակ ճանապարհն իշխանափոխությունն է, բացառվում է, որ Նիկոլը մնա ու հողեր չհանձնի։

Նախորդ սահմանագծման արդյունքում թշնամուց մենք 1 սմ հող չենք ստացել, միայն եղել է մեկ մարտական դիրք, որտեղից Ադրբեջանն իր զորքը հանել է, բայց դա այդպես մնում է, մերոնք այնտեղ կանգնած չեն, այսինքն՝ մեր վերահսկողության տակ չէ։ Թող իշխանությունները հեքիաթներ չպատմեն»,- ընդգծեց Կարեն Ղազարյանը։

Տեսանյութեր

Լրահոս