Մհեր Գրիգորյանի գրասենյակը փակագծեր չի բացում. իշխանական էմիսարները Տավուշում իրականությունից դուրս տեղեկություններ են տարածում. Տիգրան Աբրահամյան

Արդեն հայտնի է, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացի հաջորդ փուլը ևս Տավուշում է լինելու, և վտանգ կա, որ Ադրբեջանը դրա արդյունքում վերահսկելու է Վրաստանից Հայաստան մտնող գազատար խողավակաշարը, ամբողջ Տավուշը, Լոռու մարզի կեսը, այսինքն, Հայաստանը ծանր մարտահրավերների առաջ է կանգնելու:

Անկախ նրանից, թե իշխանություններն ինչ են ասում հրապարակային, թերևս, նրանք ևս հասկանում են այս ամենը, եթե հաշվի առնենք, որ 2019 թվականին իշխանական շրջանակները պնդում էին, որ «Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը փորձել է միջդիրքային տարածքում առաջանալ և նոր բնագիծ զբաղեցնել Պապաքարի բարձունքի շրջանում, և տվյալ խնդրի իրականացման դեպքում հայկական մի շարք բնակավայրեր, Վրաստանից Հայաստան մտնող գազատար խողավակաշարը և Հայաստան-Վրաստան ավտոմայրուղու որոշ հատվածներ կհայտնվեին ադրբեջանական կողմի խոցման տիրույթում»:

Սակայն, ինչպես «Արմենպրեսում» հրապարակված վերլուծականում էր նշվում, «հայկական կողմի գործողությունների արդյունքում հակառակորդը ոչ միայն չի կարողացել իրականացնել իր առջև դրված խնդիրը, այլև սահմանի որոշ հատվածներում կորցրել է անգամ տիրապետող դիրքերը»:

«ՀՀ զինված ուժերը, մասնավորապես, բարելավել են իրենց դիրքերը՝ արձանագրելով որոշակի առաջխաղացում և ամրապնդվելով Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով: Սահմանային գոտու արբանյակային լուսանկարների վերլուծությունը փաստում է, որ հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ են գտնվում մեր երկրի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող` Վրաստանից Հայաստան մտնող գազատար խողավակաշարը և Հայաստան-Վրաստան ավտոմայրուղին, ինչպես նաև ադբեջանական մի քանի գյուղական բնակավայրեր տանող ճանապարհները»,- շեշտվում էր պետական լրատվամիջոցի հոդվածում:

Կարդացեք նաև

Այսօր, ինչպես բազմիցս նշել ենք, իշխանությունները դեմ են գնում իրենց իսկ պնդումներին և ոչնչացնում ՀՀ ԶՈՒ հաջողությունները՝ այն փաթեթավորելով, թե իբր 44-օրյա պատերազմից հետո անվտանգային նոր միջավայր է ձևավորվել, որը պահանջում է սահմանների ճշգրտում:

Բնականաբար, 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի շուրջ անվտանգային նոր միջավայր է ձևավորվել, և հենց դա պիտի ստիպեր Նիկոլ Փաշինյանին, ուժային կառույցներին, իշխանություններին առավել սառը հաշվարկներ կատարել Ադրբեջանի հետ ցանկացած գործընթացի գնալիս, թույլ չտալ միակողմանի զիջումներ, ինչն արվել է:

Իսկ ամեն ինչ դեռ առջևում է, և պատահական չէ, որ իշխանությունը հերթական փոթորկից առաջ մասշտաբային տեղեկատվական նախապատրաստական աշխատանքներ է սկսել Տավուշում և սահմանազատման գործընթացի շրջանակներում մարզում, տարբեր ուժային կառույցների և ՔՊ հովանավորյալների միջոցով ապատեղեկատվություն տարածելով:

Չմոռանանք, որ անցած տարի Տավուշում ապօրինի այս գործընթացի մեկնարկի օրերին Փաշինյանը ժողովրդին վախեցնում էր պատերազմով՝ ասելով. «Պատերազմ թույլ չտալն է պատճառը, որ պետք է գնանք այս հատվածներում սահմանի ճշգրտման»: Սա որպես հիմնավորում՝ այսօր էլ տարբեր առիթների դեպքում Փաշինյանը բերում է, երբ թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների կատարման հարց է առաջանում:

Եվ ցավով պետք է նշել, որ գործող իշխանության որդեգրած խաղաղության օրակարգի արդյունքում թշնամին ավելի է մոտեցել հայկական բնակավայրերին և ցանկացած պահի մարդ առևանգելու հնարավորություն ստեղծել, սակայն Տավուշում և անվտանգային առումով այլ կարևոր հատվածներում բնակչության շրջանում դեռ հաջողվում է իշխանություններին իրացնել իրենց ապատեղեկատվություններն ու մանիպուլյացիաները:

Այսինքն՝ սպառնալիքները ոչ միշտ են ճիշտ ընկալվում և գնահատվում, որովհետև իշխանությունը քաղաքացիներին մոլորեցնելու ուղղությամբ նաև «տակից» է մեծ աշխատանք տանում: Սա ինչ-որ առումով ընդդիմության թերացման արդյունք է նաև:

Իսկ ինչպե՞ս է իշխանությունն աշխատում, ի՞նչ ասել է գործել ուժային կառույցների միջոցով, 168.am-ի հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, ով այս օրերին լինելով Տավուշի և Սյունիքի գյուղերում և բնակավայրերում, անձամբ է համոզվել այս ամենում, նշեց.

«Մասնավորապես, Տավուշում հասարակության շրջանում իշխանություններն իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածում, հատկապես, այսպես կոչված, սահմանազատման գործընթացի և սահմանագծում տեղի ունեցողի առնչությամբ:

Ըստ էության, փորձ է արվում մարդկանց ամբողջությամբ ապակողմնորոշել և կեղծ տեղեկությունների հիման վրա մարդկանց գլխի տակ «փափուկ բարձ դնել»: Ես ինքս առիթ ունեցել եմ որոշակի ճշգրտում մտցնելու համար նաև փոխվարչապետի գրասենյակին հարցադրումներ անելու, բայց միակ պատասխանը, որ հնչում է, այն է, որ առաջիկայում տեղի ունեցող պրոցեսներն իրականացվելու են Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված կանոնակարգի և դրա սկզբունքների ներքո, ինչը, բնականաբար, որևէ ձևով չի բացում փակագծերը՝ հիմնական պրոցեսի և ուղենիշների հետ կապված:

Կան որոշակի հարցեր, որ այդ կանոնակարգով կա՛մ չեն սահմանվում, կա՛մ բազմաթիվ այլ հարցեր են առաջացնում: Եվ իշխանությունը, բնականաբար, փորձում է զերծ պահել հանրությանն օբյեկտիվ տեղեկատվությունից: Նույնիսկ ակնհայտ փաստերը, որոնք ոչ մի ձևով չեն կարող իրականությանը մոտ լինել, մարդկանց մոտ տարբեր էմիսարների միջոցով գյուղերում տանում և տարածում են: Ավելին, փորձում են անգամ թշնամություն հրահրել գյուղերի, այն խմբերի միջև, որոնք գիտակցելով իրական վտանգները, որոշակի ակտիվություն են դրսևորում»:

Հակադարձմանը՝ ամրացված շրջանները դերակատարում ունե՞ն կամ օգտագործվո՞ւմ են իշխանական այս քարոզչության մեջ, Տիգրան Աբրահամյանն ասաց.

«Կոնկրետ ուղղություններում ամրացված շրջանները, ինժեներական կառույցները, իհարկե, վատ գաղափար չեն, սակայն ամրաշինական և պաշտպանական տեսանկյունից, բնականաբար, դրանց շղթայական կապը, կոմունիկացիան պետք է ապահովվի: Այսինքն, սա պետք է տեղի ունենա նաև բոլոր այն անձնակազմերի տեղակայման առումով, որոնք պետք է տարբեր իրավիճակներում, տարբեր ռեժիմների փոփոխության գան և զբաղեցնեն ամրացման շրջանները:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ առաջնագծում ցանկացած ինժեներական և պաշտպանական կառույցի հիմքում անձնակազմի մարտական պատրաստության վիճակի, մասնագիտական կարողությունների, համալրման խնդիր կա, և միայն մեկ էլեմենտի ապահովման դեպքում հնարավոր չէ մարտական կամ լուրջ որևէ հարց լուծել: Այսինքն, ամրացված շրջանները՝ որպես «թանգարանային» նմուշներ, կամ՝ «հանգստի», «տուրիզմի» ուղղություններ մարդկանց ներկայացնելը, էական խնդիր չի լուծում փաստացի:

Ավելին, իրականության մեջ մեկ ուղղություն կա, որով աշխատանք է իրականացվում, և դրանով պայմանավորված է, որ մարդկանց տանում են այնտեղ, որտեղ որոշակի աշխատանք, այնուամենայնիվ, տարվում է:

Բայց, կրկնում եմ, ամրացման շրջանները պետք է ոչ միայն դառնան մեր ամբողջ պաշտպանական բնագծի էլեմենտը, այլ շղթայական կապ պիտի ապահովվի առաջնագծում տեղակայված մարտական դիրքերի և ռազմական նշանակության տարբեր օբյեկտների միջև»:

Ի դեպ, իշխանությունները մինչև 16 միլիոն դրամ աջակցություն էին հատկացնում սահմանամերձ տարբեր բնակավայրերում սեփական տուն կառուցելու համար:

Ընդդիմադիր պատգամավորը մեզ հայտնեց, որ սրա հետ կապված հակասական տեղեկություններ կան:

«Սահմանամերձ տարբեր բնակավայրերում, որտեղ սկսվել է կամ հայտարարվել է այդ ծրագրերի մասին, և նույնիսկ տներ են կառուցվել, ինձ տեղերում փոխանցել են, որ այդ աշխատանքները կանգնեցված, սառեցված են: Դժվար է ասել՝ ինչն է պատճառը, գուցե հիմա ֆինանսական հիմնական միջոցները կենտրոնացնում են սահմանազատման ենթակա համայնքներում, օրինակ, Տավուշի մարզում, բայց փաստ է, որ կան տեղեր, որտեղ այս թեմայի հետ կապված բավականին հակասություններ կան, ինչի հետ կապված առաջիկայում փորձելու եմ պարզել:

Հարկ է նշել, որ համայնքներում այդ ծրագրի հետ կապված մոտեցումները տարբեր են, առաջին հայացքից թվում է՝ լավ ծրագիր է, կարող է խթանել երիտասարդներին գյուղերում պահելը, բայց, մյուս կողմից, տեղեկացնում են, որ կան մարդիկ, որ տարիներով ապրում են ՌԴ-ում, գալիս են, տներ կառուցում և հետագայում հեռանում: Կամ՝ այդ ծրագրի շահառու են դառնում մարդիկ, որոնք բնակարանային խնդիր չունեն, բայց առաջին փուլում հենց նրանք են ներգրավվում այդ աշխատանքներում: Այսինքն, ծրագրի էֆեկտիվության և գոյության հետ կապված խնդրահարույց թեմաները շատ են»,- մանրամասնեց Տիգրան Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ 2026-ին ՀՀ-ում ԱԺ ընտրություններ են անցկացվելու, եթե ինչ-որ պահի իշխանությունների քաղաքական պլաններում փոփոխություններ չլինեն:

Նշենք, որ 2021 թվականի մայիսի 12-ին ադրբեջանական զինված խմբավորումները մտել էին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ ՀՀ սուվերեն տարածք, իսկ Նիկոլ Փաշինյանը թույլ չէր տվել բանակին կանխի դա, որ պատերազմ չսկսի և չխափանվեն արտահերթ ընտրությունները, երբ, ինչպես Փաշինյանն էր ասել՝ ՀՀ լուծարման խնդիր էր դրված:

Իսկ սահմանազատման ենթարկված և ենթակա բնակավայրերում բնակչությունն ընտրել էր Նիկոլ Փաշինյանին՝ հավատալով խաղաղության հաստատման նրա խոստումներին: Բայց այդ ժամանակ Փաշինյանը խաղաղության դարաշրջան էր խոստանում նաև Արցախի համար, «100 տուն» ծրագիրն էր իրականացվում, թե ինչ եղավ, տեսանք: Առջևում, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի իրականացումն է և սահմանազատման հաջորդ փուլերը՝ մինչև Մեղրիի սահման…

Տեսանյութեր

Լրահոս