Դանիել Իոաննիսյանին առանձնահատուկ տեղեկացնենք՝ ՀԵՐՔՈՒՄ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՀԵՐՔԵԼՈՒ ԲԱՆ ՉԿԱ

Հունվարի 30-ին 168.amհրապարակում էր կատարել այն մասին, որ ՔՊ-ականների միակ ու անկրկնելի, իրավունքի բոլոր ճյուղերի կարկառուն մասնագետ, իրականում իրավունքի ու իրավագիտության հետ որևէ աղերս չունեցող, պաշտոնյաներ ընտրող ու ատեստավորող բոլոր հնարավոր հանձնաժողովների անդամ, Հայաստանում պարեկային ձախողված ծառայության ներդրման ջատագով ու հեղինակ, եվրոպական բոլոր կառույցների և այս իշխանությունների սիրելի կրթությամբ ֆիզիկոս «իրավապաշտպան» Դանիել Իոաննիսյանը նախորդ կիրակի օրը Սևանի ափին գտնվող մի չգործող բժշկական կենտրոնի տարածքում իրեն հրաձգարանում է պատկերացրել ու մի քանի ընկերների հետ միասին հրազենի կիրառմամբ զվարճանքի (իսկ միգուցե այլ գործողության, դա թող իրավապահները պարզեն,- Գ.Ս.) նոր տեսակ է հորինել. իրեն պատկանող հրազենի 2 տեսակներով` ակոսափող և հարթափող, չգիտես՝ ալկոհոլի՞, թե՞ հոգեներգործուն այլ միջոցների ազդեցության տակ (դա էլ թող փորձաքննությունը պարզի։- Գ.Ս.), այնքան է այդ տարածքում անկանոն կրակոցներ արձակել, որ դեպքի վայր են ժամանել այդ ձայները լսած պարեկները ու տեղում հայտնաբերել կրակված պարկուճներ։

Գրել էինք նաև, որ ոստիկանությունում վարչականով արագ փակել են թեման, անգամ նյութերը քննչական մարմնին չեն փոխանցել, ուշադիր… Որ հանկարծ քրեական վարույթ չնախաձեռնվի` դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այս առնչությամբ հարցեր էինք հղել ոստիկանությանը: Ոստիկանությունից, ի դեպ արձագանք դեռ չունենք:

Նույն օրը՝ ուշ, Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում ընդունել էր նկարագրված փաստերը:

««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173-րդ հոդվածներ հակասում են իրար։

Առաջինը ենթադրում է, որ բնակավայրերից ու ճանապարհներից որոշակի հեռավորության վրա է միայն արգելվում քաղաքացիական զենքից կրակելը, իսկ մյուսը տուգանք է սահմանում, ըստ էության, հրաձգարանից դուրս կրակելու համար։

Այս հակասության արդյունքում էլ ամայի տեղում կրակելուց հետո օրերս տուգանվեցի ոստիկանների կողմից։ Որոշ լրատվամիջոցներ, սակայն, այս պատմությունը տարածում են մի շարք սուտ փաստերով ու եզրահանգումներով համեմված։

Լրատվամիջոցին հերքման պահանջը արդեն գրվում է, ժամերի ընթացքում կուղարկվի։ Միայն ասեմ մի քանի բան`

Ա. Եթե Ոստիկանությունը ուզենար կոծկեր` օրենքի հակասությունը իմ օգտին կմեկնաբաներ։ Ի վերջո, համարյա բոլոր օրինական զենք ունեցողների էլ ամայի չոլերում են կրակում։ Բայց ես չեմ առարկել տուգանվելուն, որ դա այլ կերպ չընկալվի։

Բ. Տեղում հորդորել եմ ոստիկաններին ստուգել ամեն ինչ, որ հարցեր չմնան (զենքի-զինամթերքի օրինականություն, որսի բացակայություն, սթափություն և այլն)։

Գ. Տարածքում/մոտակայքում ընդհանրապես այլ մարդ չի եղել։ Բացի անվտանգության սուրբ կանոններից, պահպանել եմ նաև կրակոցների ձայնով մարդկանց չվախեցնելու չգրված կանոնը»:

Վերջին կետը հիրավի ուշագրավ է. տարածքում մարդ չի եղել, ձայն չի լսվել, բայց երևի սուրբ հոգու հետ կապ ունեցող պարեկներն ինչ-որ հրաշքով լսել են կրակոցների ձայներն ու ժամանել դեպքի վայր:

Դանիել Իոաննիսյանը, ինչպես և խոստացել էր, մեզ հերքման պահանջ ուղարկել է, բայց մոռացել է նշել՝ ինչը հերքենք հատկապես:

Բավականին ծավալուն հերքման պահանջի առաջին հատվածը մեր նյութի վերահրապարակումն է: Հետո գրել է, թե մեջբերված նյութում պարունակվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, իսկ նյութում զետեղված պնդումների հրապարակումը ոտնձգում է իր իրավունքներին:

Ապա վկայակոչել է «ԶԼՄ մասին» օրենքի 8-րդ հոդվածի դրույթները ու պահանջել …

Դանիել Իոաննիսյանն իր հերքման պահանջի տեքստը հավանաբար չի կարդացել, այլապես հակասությունները կնկատեր:

Հիմա մեջբերված նյութում պարունակվող տեղեկությունները չե՞ն համապատասխանում իրականությանը, թե՞ Դանիել Իոաննիսյանը հերքում է տարածված տեղեկությունների մի մասը, ինչպես գրել է իր գրառման մեջ:

Իհարկե, հասկանում ենք, որ բարդ է իրավունքի ամենատարբեր ճյուղերի վերաբերյալ դատողություններ անել ու չխճճվել, բայց այնուամենայնիվ, ի՞նչը հերքենք՝ կրակոցների փա՞ստը, պարեկների գա՞լը, վարչականով թեման փակե՞լը, վարույթ չնախաձեռնե՞լը, ի՞նչը…

Ո՞րը հերքենք, մեր հարցադրո՞ւմները ոստիկանությանը, թե՞ առհասարակ լրագրողական հարցադրումները. Ցավում ենք, բայց պատմության մեջ հերքման նման ֆորմատ դեռ չի ստեղծվել:

Ի վերջո, առարկայական ի՞նչն է հերքում Իոաննիսյանը, հրապարակման ո՞ր մասը. Նկատենք ևս մեկ անգամ հատուկ վերջինիս համար, որ հերքել կարող ենք միայն մեր հրապարակած փաստերը, բայց, ցավոք, դրանք անգամ ինքը՝ Իոաննիսյանը, չի հերքում:

Հիմա՝ ըստ էության:

Այո՛, մենք գրել և պնդում ենք, որ ոստիկանությունը չէր կարող լույսի արագությամբ ստուգել Դանիել Իոաննիսյանին պատկանող երկու հրազենի հետ կապված ինֆորմացիան: Դրա համար քրեական վարույթ պետք է նախաձեռնվեր: Ի դեպ, պրակտիկան հենց ոստիկանությանն է:

Այո՛, մենք գրել ենք, որ ձայները լսելի են եղել, այլապես պարեկները չէին լսի ու գա դեպքի վայր:

Այո՛, մենք գրել ենք, որ եթե իր իսկ «զավակ» պարեկային ծառայության աշխատակիցները թեմային հնչեղություն են տվել, ապա թեմայի մեջ հնչեղություն իրականում եղել է:

Այո՛, մենք հարցեր ենք բարձրացրել, որոնք այսօր էլ են ակտուալ, և որոնց պատասխանները մենք չենք ստացել

Այո՛, մենք հրավիրել են Իոաննիսյանի դոնոր կազմակերպությունների ուշադրությունը փաստին:

Եվ այո՛, միգուցե Դանիել Իոաննիսյանն իսկապես զվարճանքի այդ տեսակն է նախընտրում, և ոչ մի արգահատելի, դատապարտելի, առավել ևս՝ քրեորեն պատժելի արարք չի էլ կատարել, սակայն դա պետք է արվեր այն կարգով, որ կարգով որ արվում է ընդդիմադիր դիրքորոշում ունեցող քաղաքացիների վերաբերյալ:

Հիմա՝ ուշադիր:

«Իոաննիսյանը տեղում հորդորել է ոստիկաններին ստուգել բոլոր հանգամանքները, որ իրավապահների մոտ հարցեր չմնան: Այդ թվում՝ ստուգվել է զենք-զինամթերքի օրինականությունը, որևէ որսի բացակայությունը, Իոաննիսյանի սթափությունը և այլն: Արդյունքում որևէ հավելյալ խախտում չի հայտնաբերվել, Իոաննիսյանի արտաշնչած օդում ալկոհոլի պարունակությունը եղել է 0.000 mg/L»,-  գրելէ Դանիել Իոաննիսյանը:

Իսկ հետաքրքիր է, եթե վերոնշյալ գործողությունները հնարավոր է անել կարճ-ժամանակում, ասենք, լավ, մի քանի ժամվա ընթացքում, բա նույնը ինչո՞ւ չէր կարելի անել, օրինակ, հանրային գործիչ Հովհաննես Ավետիսյանի կամ, ասենք, «ազատազենի» տղաների առնչությամբ:

Ինչո՞ւ էր, օրինակ, ոստիկանությունը, ավտոմեքենայի մեջ նստած Հովհաննես Ավետիսյանին կասկածում ապօրինի զենք ունենալու մեջ, ձերբակալում, տանում ՁՊՎ, պահում մի քանի օր, հետո մինչ օրս, արդեն ամիսներ շարունակ ստուգում զենքի օրինականությունը, և այդ ամենը, բնականաբար, քրեական վարույթի շրջանակում, բայց, օրինակ, Դանիել Իոաննիսյանի պարագայում այլ ընթացակարգեր են գործում:

«Այսօր լրացավ 3-րդ ամիսը, ինչ Nիkոլի հակահայ ռեժիմը իրականացնում է իր քաղաքական հետապնդումը իմ և այլ ընկերների հանդեպ՝ կեղծ գործեր կարելով և դրանցով մեզ վախացնելու կամ մաշացնելու նպատակով:

Երեք ամիս է արդեն, որ ապօրինի պահում են օրինական զենքերս և հեռախոսս: Երեք ամիս է արդեն Nիkոլի քննչական կոմիտեն կեղծ գործով իբր թե վարույթ է անում, իբր թե քննություն է տանում»,- երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր Հովհաննես Ավետիսյանը:

Իսկ միգուցե Դանիել Իոանիսյանը նաև սրա մասին գիտի, ինչպես որ չգիտեր, որ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը զրկված է տարրական նամակագրության իրավունքից:

Այնպես որ՝ Դանիել Իոաննիսյանին առանձնահատուկ տեղեկացնենք՝ ՀԵՐՔՈՒՄ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՀԵՐՔԵԼՈՒ ԲԱՆ ՉԿԱ:

Տեսանյութեր

Լրահոս