«Ի պատասխան Ալիևի սպառնալիքների՝ Հայաստանն առաջարկել է «խաղաղության խաչմերուկը». Արմեն Գրիգորյան
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է ՀՀ իշխանությունն արձագանքում Ալիևի ռազմատենչ հայտարարություններին, մասնավորապես, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման առնչությամբ։
«Ընդհանուր առմամբ Հայաստանի մոտեցումը հարցերին հստակ ձևակերպված է՝ օրակարգային բոլոր հարցերով մենք առաջարկել ենք լուծումներ։ Մեկը, օրինակ, ապաշրջափակումն է, և Հայաստանն առաջարկել է «խաղաղության խաչմերուկը», և «խաղաղության խաչմերուկն» է մեր տեսլականը տարածաշրջանում ապաշրջափակմանը։ Բացի դրանից, բոլոր հարցերով՝ «խաղաղության պայմանագրի», և՛ սահմանազատման, և՛ մնացած այլ հարցերով մենք շարունակում ենք այս ուղղությամբ շարժվել։ Խաղաղության օրակարգը շարունակում է մնալ մեր առաջնահերթությունը»,- շեշտեց Արմեն Գրիգորյանը։
Լրագրողի հարցին՝ Ալիևն այդ ուղղությամբ չի գնում, նա բոլորովին այլ ուղղությամբ է գնում, հետևաբար՝ Հայաստանը որքա՞ն է շարունակելու խաղաղություն մուրալ, Արմեն Գրիգորյանը պատասխանեց.
«Մենք խաղաղությունը չենք խնդրում, առաջարկում ենք խաղաղ լուծումներ բոլոր գոյություն ունեցող հարցերին։ Արդեն նշեցի, որ ապաշրջափակման հարցում առաջարկել ենք «խաղաղության խաչմերուկը», մնացած հարցում առաջարկել ենք լուծումներ, սա է մեր օրակարգը»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում