Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում արհեստական բանականության ենթակառուցվածքում 500 միլիարդ դոլարի ներդրման մասին

Տեխնոլոգիական առաջատար երեք ընկերություններ՝ OpenAI-ը, SoftBank-ը և Oracle-ը, կստեղծեն նոր ընկերություն, որը կկոչվի Stargate և կզբաղվի Միացյալ Նահանգներում արհեստական բանականության ենթակառուցվածքի զարգացմամբ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդ 3 ընկերությունների ղեկավարների հետ Սպիտակ տանը ներկայացրել է այս նախագիծը՝ այն անվանելով «պատմության մեջ ԱԲ ենթակառուցվածքի հետ կապված խոշորագույն նախագիծը»։

Դոնալդ Թրամփի հետ միասին համատեղ նախագծի մասին հայտարարել են ԱԲ հետազոտությամբ զբաղվող OpenAI ընկերության ղեկավար Սեմ Ալթմանը, ճապոնական ներդրումային SoftBank հոլդինգի տնօրեն Մասայոշի Սանը և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող Oracle ընկերության տնօրեն Լարի Էլիսոնը։

Նախ նշված ընկերությունները 100 միլիարդ դոլար կներդնեն նախագծում, իսկ առաջիկա տարիներին ներդրումները կհասնեն 500 միլիարդ դոլարի։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ նախագիծն ԱՄՆ-ում կստեղծի 100 000 աշխատատեղ։Թրամփի խոսքով՝ Stargate-ը կկառուցի ֆիզիկական և վիրտուալ ենթակառուցվածք՝ աջակցելու ԱԲ-ի հաջորդ սերնդին», այդ թվում՝ կկառուցվեն տվյալների կենտրոններ ամբողջ երկրում։

Շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են Տեխասում։ Սեմ Ալթմանը շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին «դարաշրջանի ամենակարևոր նախագծի» իրականացման համար։ OpenAI-ի տնօրենը նախկինում ԱՄՆ պաշտոնյաներին կոչ էր արել օգնել ենթակառուցվածքի կառուցման գործում, որպեսզի ԱՄՆ-ն ԱԲ-ի ոլորտում պայքարում Չինաստանից առաջ գտնվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս