Ինչպիսին իշխանության դեմքն է, այնպիսին էլ նրա թեկնածուներն են. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ ԲԴԽ անդամի պաշտոնում Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը զարմանալի չէ՝ ինչպիսին իշխանության դեմքն է, բնականաբար, այնպիսին էլ նրա թեկնածուներն են։

«Այստեղ զարմանալու բան չկա, կարելի է զայրանալ, կարելի է կոշտ ու կոպիտ որակումներ անել այն ամենի մասին, ինչն ուրվագծված է եղել տվյալ անձի խոսքի կամ դիրքորոշումների մեջ։ Բայց կրկնում եմ՝ սա այս իշխանության դեմքն է, նրա բերած կադրերն են։ Բնականաբար, և՛ բարոյական և՛ մնացած մակարդակներում ամբողջությամբ միմյանց համահունչ են»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորը նաև ասաց, որ իշխանությունը խրախուսում է նմանատիպ անձանց ու նմանատիպ խոսքը, որը հիմնված է ատելության, ներհայաստանյան հասարակության տարբեր խմբեր միմյանց «դեմ հանելուն», բևեռացման տանելուն։ Նա շեշտեց, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո այս ամենը եղել է օրվա իշխանության հիմնական սկզբունքը։

«Իշխանությունն առաջին պլան է բերում բոլոր այն անձանց, որոնք տեղավորվում են այդ «կլիշեների» շրջանակներում, կարծում եմ՝ այս մասով որևէ արտառոց բան տեղի չի ունեցել»,- հավելեց Տիգրան Աբրահամյանը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է Ալեքսանդր Սիրունյանի հայտարարությանը, թե՝ «արցախահայերն ուզում են ապրել միայն Սայաթ-Նովա փողոցում», և արցախահայերի հասցեին հայհոյանքներ հնչեցնելուն, Տիգրան Աբրահամյանն ասաց, որ իշխանությունների համառ ջանքերով այսօր արցախահայերը չեն ապրում իրենց սեփական բնօրրանում, որտեղ մի քանի հազար տարի ապրել են։ Արցախն այս իշխանությունների համառ ջանքերի պայմաններում է մնացել առանց հայերի։

Խոսելով իշխանությունների քննադատությունների մասին, թե Արցախի իշխանությունը հրաժարվեց Սոֆիայում բանակցել ադրբեջանական կողմի հետ, այդ պատճառով էլ տեղի ունեցավ Արցախի հայաթափումը, Տիգրան Աբրահամյանը նշեց, որ այստեղ իրավիճակը բոլորովին այլ է, այն էր՝ իշխանությունն ամեն ինչ անում է և դիտմամբ փորձում է իրականությունը մարդկանց խեղաթյուրված ձևով ներկայացնել՝ ինչը նորություն չէ։

«2022 թվականի դեկտեմբերին, ըստ էության, Արցախի դեմ տեղի է ունեցել ագրեսիայի հերթական փուլի մեկնարկը։ Նախ, 10-ամսյա բլոկադայի ենթարկվեց Արցախը, արցախցիները, իսկ հետագայում ռազմական գործողություններով տեղի ունեցավ ոչ միայն արցախահայերի բռնի տեղահանություն, այլև Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողություն։ Այդ օրերին, երբ խոսում են Սոֆիայի մասին՝ կհիշեք, որ Արցախից պատվիրակություն էր գնացել Եվլախ, և այնտեղ բանակցություններ էին տարվում։ Իհարկե, այն, ինչը քննարկվել էր այնտեղ, որևէ ձևով իրականություն չդարձավ։ Իրադարձությունների այս ողջ շղթան ցույց տվեց, որ Ադրբեջանը խնդիրը ուներ ոչ թե նրա հետ, որ արցախցիների հետ այս կամ այն քաղաքում հանդիպեին, այլ ի սկզբանե խնդիր էր դրված բլոկադայի միջոցով քամել Արցախը, մարտունակությունից զրկել արցախցիներին և հետո ռազմական ֆազայի միջոցով հասնել Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողության»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս