Փաշինյանի «զգուշավորության» շնորհիվ Ադրբեջանի կեղծ թեզերը որպես իրականություն ծախվում են միջազգային հանրությանը. «ֆաշիստ» պիտակը շատ շրջանակներ ընդունելու են. Տիգրան Աբրահամյան
168.am-ը գրել էր՝ Ալիևը Փաշինյանի ռազմավարական գործարքի առաջարկին պատասխանել է այլ փոխշահավետ գործարքով: Մասնավորապես, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին հրավիրել է համագործակցել Արցախի՝ Բաքվում կալանքի տակ գտնվող նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործով՝ «քննության ընթացքում արծարծված դրվագներում որպես կասկածյալ կամ վկա անցնող անձանցից շատերն այժմ Հայաստանի Հանրապետության տարածքում են» խոսույթով:
Հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է, որ անկախ Հայաստանը «ֆաշիստական» պետություն է, և այն սպառնալիք է ներկայացնում իրենց և տարածաշրջանի համար:
«Անկախ Հայաստանը, ըստ էության, «ֆաշիստական» պետություն է (չակերտները՝ Մ.Պ.), քանի որ 30 տարի այն ղեկավարել են «ֆաշիստական» գաղափարախոսություն ունեցողները, ուստի նրանք էլ ձևավորել են այդ պետությունը: Մեր երկիրը «ֆաշիստական» պետության հարևան է, ֆաշիզմի սպառնալիքը չի վերացել: Ֆաշիզմը պետք է ոչնչացվի: Կամ դա կանի ՀՀ ղեկավարությունը, կամ՝ մենք, այլ ընտրություն չունենք»,- Փաշինյանին հրահանգել է Ալիևը:
Արձագանքելով Ալիևի այս և այլ պահանջ-հայտարարություններին՝ Նիկոլ Փաշինյանը հատկապես ՀՀ զինված ուժերի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու և ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու հարցերում ընդունել է ադրբեջանական պահանջները:
Բայց սրան զուգահեռ՝ Ադրբեջանին ներկայացրած իր պատասխան պահանջների «փաթեթում» Փաշինյանը ներառել է նաև հետևյալ կետը՝ «ամբողջական կերպով լուծել պահվող անձանց խնդիրը»:
168.am-ը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ զրույցում փորձել է հասկանալ՝ ինչ է սա ենթադրում, հատկապես, երբ Նիկոլ Փաշինյանին շատ քիչ է մտահոգում Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ճակատագիրը և ոչ միայն նրանց: Ավելին, նրան, ըստ էության, ձեռնտու չէ Արցախի ռազմաքաղաքական էլիտայի վերադարձը Հայաստան և՛ 44-օրյա պատերազմի, և՛ բանակցային ամբողջ գործընթացի, և՛ ֆաշիզմի սպառնալիքը ոչնչացնելու ադրբեջանական պահանջի համատեքստում: Իսկ գուցե ադրբեջանական մեկ այլ պահանջի կատարման դիմաց հնարավո՞ր է որոշ մարդկանց կամ բոլորի վերադարձը:
«Գերիների, ռազմագերիների և Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի և իրավունքների պաշտպանության հարցը ՀՀ-ում ձևակերպված հասարակական պահանջ է, և, բնականաբար, իշխանությունը չի կարող դա անտեսել: Եվ որոշակի պարբերականությամբ հանդիպումների կամ որոշ հայտարարությունների ժամանակ դրա մասին ակնարկները ուղիղ կամ անուղղակի ձևով խոսում են այն մասին, որ ՀՀ իշխանությունն ընդամենը փորձում է ցույց տալ, որ Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի ուղղությամբ հետաքրքրություն ցուցաբերում է: Չպետք է մոռանալ, որ բացի Արցախի ռազմաքաղաքական 8 ղեկավարներից, Ադրբեջանում ևս 15 հայրենակից ունենք, որոնք խաղաղ կամ ռազմական գործողությունների ժամանակ տարբեր իրավիճակներում հայտնվել են գերեվարության մեջ և որևէ առնչություն չունեն ո՛չ իրենց վերագրվող ռազմական հանցագործություններին, ո՛չ էլ,առավելևս, մարտական գործողությունների մասնակից են եղել»,-ասաց Տիգրան Աբրահամյանը:
ԱԺ պատգամավորի խոսքով՝ հիմա ստեղծված իրավիճակում ՀՀ իշխանությունն այլ ելք չունի, քան որոշակի պարբերականությամբայս թեմայով խոսել, իհարկե, ոչ այն ջանասիրությամբ, նպատակաուղղվածությամբ և թիրախային, որը պահանջվում է:
«Այսինքն, չեմ կարծում, որ Փաշինյանի խնդիրն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակելուն հասնելն է, կրկնում եմ, կա հանրության մեծ հատվածի պահանջ և քննադատություն իշխանության հասցեին՝ որպես պետություն Բաքվում պահվողների ճակատագրի ուղղությամբ որևէ քայլ չձեռնարկելու առումով, որովհետև այլ բան է, երբ դրանով զբաղվում են փաստաբանները, իրավապաշտպանները, և լրիվ այլ բան, երբ նմանատիպ խնդիրներով պետությունն է զբաղվում: Ըստ այդմ՝ իշխանությունը ստիպված է լինում երբեմն թեկուզ «ցածրաձայն» խոսել»,-նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Անդրադառնալով Ալիևի՝ Հայաստանը «ֆաշիստական պետություն» դիտարկելուն և այդ սպառնալիքի վերացման նրա պահանջին՝Տիգրան Աբրահամյանը համաձայնեց մեր այն դիտարկման հետ, որ Ալիևը փորձել է խոսել միջազգային հանրությանը հասկանալի լեզվով:
«Ադրբեջանը տարբեր փուլերում Հայաստանին կեղծ և շինծու մեղադրանքներ է առաջադրել, որոնք ինչ-որ ժամանակ աշխատել են, հիմա չեն աշխատում այդ մոտեցումները: Եվ Ադրբեջանը հնարավոր ռազմական գործողություններից առաջ փորձում է Հայաստանին նոր պիտակ կպցնել:
Իսկ «ֆաշիզմը» միջազգային հանրության տեսանկյունից միշտ դատապարտելի է եղել, և, բնականաբար, Ադրբեջանի նպատակն այն է, որ շատ շրջանակներ, որոնք այնքան էլ լավ տեղեկացված չեն մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, այդ «ֆաշիստ» պիտակը կարող են ընկալել՝ որպես իրականություն:
Այս ստեղծված իրավիճակը պայմանավորված է նաև նրանով, որ ՀՀ իշխանությունը որևէ ձևով չի հակադարձում, որևէ քայլ չի ձեռնարկում ադրբեջանական հակահայկական քարոզչությունը վերացնելու և իրականությունը ներկայացնելու համար, ինչը ներկայացվում է որպես զգուշավորություն, ներկա իրավիճակը չսրելու միջոց, բայց ստացվում է, որ Ադրբեջանի կեղծ թեզերը որպես իրականություն ծախվում են միջազգային հանրությանը»,-եզրափակեց պատգամավորը:
Հավելենք, որ «Արմենպրես»-ի խնդրանքով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այս մեղադրանքին իր պատասխանում Փաշինյանը նշել էր.
«Հաշվարկն այն է, որ արձագանքը կլինի՝ ֆաշիստը դու ես, և իմ նկարագրած գալարը կսկսի լարվել:
Բայց կա մյուս մոտեցումը. արձանագրենք, որ Ադրբեջանում Հայաստանի մասին այսպիսի ընկալում կա, և փորձենք հասկանալ, թե ի՞նչն է դրա պատճառը: Մյուս կողմից ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում նույնպես նման ընկալում կա Ադրբեջանի մասին: Հենց փոխադարձ այս ընկալումներն են, որ բերել են բազմամյա հակամարտության: Բայց խաղաղության ռազմավարությունն այն է, որ մենք արձանագրենք, որ Ադրբեջանում մեր մասին նման ընկալում կա, նրանք էլ արձանագրեն, որ Հայաստանում իրենց մասին նման ընկալում կա: Այդ ընկալումները քննարկելու, հասցեագրելու մասին է խաղաղության օրակարգը»:
Այսինքն, փոխանակակ ՀՀ իշխանությունները, որպես պատասխան ադրբեջանական այս որակում-մեղադրանքների՝ հստակ փաստեր ներկայացնեն ադրբեջանական հայատյացության և ֆաշիզմի, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ պիտի հասկանալ, թե ինչու Ադրբեջանը նման ընկալում ունի Հայաստանի նկատմամբ, իսկ Ալիևը շատ պարզ հիմնավորում է՝ ինչու:
Եվ հենց նման ձևակերպումներով և քայլերով է, որ Փաշինյանը լեգիտիմ հիմքեր է տալիս Ադրբեջանին Հայաստանի վրա հարձակվելու, ավելին, հիմքեր ստեղծում, որ միջազգային հանրությունը չպաշտպանի մեզ անգամ քաղաքական և քարոզչական հարթությունում: