Ոռոգման ջրի նոր սակագին՝ կես հեկտար՝ 500 դրամ, մեկ հեկտար՝ 1,000 դրամ․ Արման Թաթոյան
Պետություն չի կարող ունենալ իրական անվտանգություն, եթե չի արժևորում գյուղացու աշխատանքը։ Այս մասին Արմավիրում բնակիչների հետ հանդիպմանն ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։
Պետք է լինեն ընդամենը սիմվոլիկ գումարներ։ Եթե դու ջուր չես տալիս գյուղացուն, ամբողջ տարի էլի չարչարվելու է, մարդն արդյունք չի ունենալու, չի իմանալու ինչ բերք է ստանալու։ Դրա համար մենք նախատեսել ենք նվազեցնել ոռոգման ջրի սակագինը գյուղացիների տնամերձ ու ոչ բիզնես նպատակով հողերի համար՝ ոռոգման ջրի գինն ամբողջ սեզոնի համար պետք է լինի կես հետկար՝ 500 դրամ, 1 հա ունեցողինը՝ 1000 դրամ, 2 հա ունեցողինը՝ 2000 դրամ և այդպես շարունակ»,- ասել է Արման Թաթոյանը։
Նա անդրադարձել է նաև գյուղմթերքի մթերման խնդրին՝ նշելով, որ անընդունելի է, երբ գյուղացին իր խնդիրների հետ մնում է միայնակ և ստիպված է անհավասար պայմաններում բանակցել խոշոր մթերողների հետ։ Արման Թաթոյանն ընդգծել է, որ պետությունը պետք է կանգնի գյուղացու կողքին նաև մթերումների կազմակերպման և արդար պայմանների ապահովման հարցում։
Վարչապետի թեկնածուի խոսքով՝ գյուղատնտեսության զարգացումն ու գյուղացու պաշտպանությունը պետք է դառնան պետական քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը։



