Ստամբուլում միջադեպ է գրանցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառման ժամանակ

Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր լարվածություն է առաջացել Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում, ուր Մարդու իրավունքների միությունը (IHD) հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Այդ ժամանակ խմբին է մոտեցել մի մարդ, ով հայտարարել է. «Դուք ստում եք, դուք խեղաթյուրում եք պատմական փաստերը: Թուրք ազգը չէր կարող ցեղասպանություն գործել»:

Նշվում է, որ IHD-ի ստամբուլյան մասնաճյուղը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել է Թուրք-իսլամական ստեղծագործությունների թանգարանի առջև, որը ժամանակին ծառայել է որպես բանտ:

Հիշեցնենք, որ 2009 թվականի աշնանը թուրքական Hürriyet թերթի գլխավոր խմբագիր Էրթուղրուլ Օզքյոքն իր հոդվածում գրել էր. «Դերսիմի քրդերին սպանդի ենթարկելու կապակցությամբ վարչապետ Էրդողանն օգտագործել է «Դերսիմի կոտորած» բառերը:

Բացի այդ, Դարֆուրի (Սուդան) ցեղասպանության կապակցությամբ նա նշել է, որ մահմեդականն ի վիճակի չէ ցեղասպանություն իրականացնել: Իսկ այդ դեպքում ո՞վ է 1937-1938 թվականներին Դերսիմում կոտորել քուրդ-ալևիներին, ո՞վ է ռումբեր նետել նրանց քարանձավների վրա: Մի՞գուցե քրիստոնյա թուրքը:

Ցայժմ անհայտ է մնում «Դերսիմյան դեպքերի» ժամանակ զոհվածների թիվը, որը տատանվում է 7000-90.000-ի միջև: Եվ եթե այդչափ մարդկանց սպանությունը պաշտոնապես (Էրդողանի մակարդակով) անվանվում է կոտորած, ապա ի՞նչ ասել «Հայկական խնդրի» մասին:

Հայկական թեզերի համաձայն, 1915 թվականին զոհվածների թիվը կազմել է 1.5 միլիոն մարդ: Որքանո՞վ է այդ թիվը գերազանցում «դերսիմյանը»: Եթե Դերսիմում զոհվածների թիվը եղել է 7000, ապա` 200 անգամ, իսկ եթե 90.000, ապա՝ 17 անգամ: Լավ, ասենք թե 600.000 է:

Եթե Դերսիմում տեղի ունեցածը կոտորած է, ապա ինչպե՞ս բնութագրել «Հայկական խնդիրը»՝ «մեծ կոտորած», «խոշոր կոտորած», «սարսափելի կոտորած», «մեծամասշտաբ կոտորած»: Եվ եթե վաղն այս հարցի պատասխանը ծառանա Թուրքիայի ղեկավարության առջև, ապա ո՞րը կլինի պաշտոնական պատասխանը»:

Այս հոդվածից շատ չանցած Օզքյոքը հեռացվեց Hürriyet-ի գլխավոր խմբագրի պաշտոնից, որտեղ աշխատում էր շուրջ 20 տարի:

Տեսանյութեր

Լրահոս