Կորոնավիրուսի թեստը լուրջ պատճառ չէ. դա նշանակում է՝ ինչ-որ իրադարձություն է տեղի ունեցել. Գարիկ Քեռյան
Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հետևորդներին տեղեկացնելով, որ դեկտեմբերի 23-ին վարակվել է կորոնավիրուսով, բայց այսօր արդեն կորոնավիրուսի թեստը բացասական է եղել։
«Դեկտեմբերի 23-ին և 24-ին մեկուսացել և աշխատել եմ կեցավայրից: Դեկտեմբերի 25-ին ախտորոշումս արդեն բացասական է և վերադառնում եմ աշխատանքային սովորական ռեժիմի:
Այսուհանդերձ, նաև խորհրդակցելով գործընկերների հետ, չեմ մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Մինչև օրվա վերջ որոշում կկայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
Ի դեպ, Հայաստանը 1 տարով ստանձնել էր ԵԱՏՄ նախագահությունը, ուստի ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը պետք է կայանար Հայաստանում, մինչդեռ նոյեմբերին ռուսական կողմը պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանի խնդրանքով նիստը կկայանա ՌԴ-ում, բայց նիստի նախագահությունը կստանձնի Նիկոլ Փաշինյանը։
ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանի խոսքով՝ հասկանալու համար, թե Հայաստանն այդ նիստերին մասնակցել-չմասնակցելով ինչ է շահում կամ կորցնում, պետք է ռեալ նայել իրավիճակին։ Այսօրվա վիճակով՝ վերջին մի քանի տարվա ընթացքում ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը մի քանի անգամ ավելացել է։
«ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպերնիկի գրառման մեջ տեսա, որ ԵԱՏՄ երկրների հետ տարեկան ապրանքաշրջանառությունն ավելացել է 16 մլրդ դոլարով։ Եթե մենք ռեալ նայենք մեր տնտեսական վիճակին, ապա մեր ամբողջ տնտեսությունը հիմնված է ռուսական էժան գազի տրամադրման վրա, դա և՛ տրանսպորտն է, և՛ էներգետիկան է, նաև պարենային խնդիրների խնդիրն է լուծում։ ՌԴ-ից ներմուծվող հացահատիկն ապահովում է մեր պարենային անվտանգությունը։ Հայաստանում է ռուսական ռազմաբազան, հայ-թուրքական սահմանին կանգնած են ռուս սահմանապահները, այս ամենը երկար կարելի է թվարկել։
Ասել, թե ՀՀ-ում կա կայուն գիծ, որպեսզի այդ ամենը խզի, զրոյացնի ու հույսը դնի մեկ այլ տնտեսական ու քաղաքական մարմնում ինտեգրվելու վրա՝ չկա։ Այսինքն՝ ՀՀ իշխանության այս խոսույթը՝ գնալ-չգնալը, մասնակցել-չմասնակցելը, ՀԱՊԿ-ից դուրս գալ կամ չգալը, սառեցնել կամ չսառենցելը՝ Հայաստանի համար կարող է ունենալ բավականին բացասական հետևանքներ՝ տնտեսական, քաղաքական ու ռազմական առումով»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գարիկ Քեռյանը։
Նա ընդգծեց՝ որևէ մեկը չի վիճարկում, որ Եվրոպական Միությունը շատ ավելի բարձր մակարդակի զարգացած երկրների տնտեսական կառույց է, նաև որևէ մեկը չի վիճարկում, որ ՀԱՊԿ-ը համեմատած ՆԱՏՕ-ի հետ՝ շատ ավելի կայուն ու դինամիկ ռազմական կազմակերպություն է, անվտանգության երաշխիքներն ավելի բարձր են։ Սակայն որևէ մեկը չի կարող մեկ փաստ բերել, որ ՆԱՏՕ-ում կամ ԵՄ-ում սպասում են Հայաստանին։
«Եթե դու դուրս ես գալիս մեկ տնտեսական կառույցից, սառեցնում ես հարաբերություններդ և չունես հստակ պլան, թե քո տնտեսությունը, էներգետիկան, տրանսպորտը, պարենային անվտանգությունն ինչպես ես լուծելու, սա արդեն շատ մեծ հարցական է։ Եթե դու դիսկուրսի թեմա ես դարձնում ՀԱՊԿ-ից դուրս գալը, բայց չես նշում, թե ո՞ր կառույցում պետք է գտնես քո անվտանգային երաշխիքները՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայից պաշտպանվելու համար, սա ևս մնում է հարցական, որովհետև ՆԱՏՕ-ի անդամ նույնիսկ Վրաստանն ու Ուկրաինան չդարձան, որոնք 15-20 տարի կատարում էին նրանց բոլոր պահանջները»,- հավելեց քաղաքագետը։
Գարիկ Քեռյանը հիշեցրեց՝ եթե մի քանի ամիս առաջ հայտարարվում էր, որ ԵԱՏՄ խորհրդի նիստը պետք է նախագահի Հայաստանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բայց այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը նման գրառում է կատարում, նշանակում է, որ ինչ-որ իրադարձություն է տեղի ունեցել, որը ստիպել է նրան նման գրառում կատարել։ Պարզ է, որ կորոնավիրուսի թեստը չի կարող լուրջ պատճառ լինել, հատկապես, որ արդեն 2 տարի է՝ կորոնավիրուսի թեստ գրեթե որևէ մեկը չի հանձնում։
«Միևնույն ժամանակ չեմ կարծում, թե ՀՀ կառավարությունը դուրս գա ԵԱՏՄ-ից, քանի որ դրանից հետո ստեղծվող վիճակը բավականին լուրջ հետևանքներ կունենա առաջին հերթին՝ իշխանության համար։ Կան մի քանի իրողություններ, որոնք կենսագործունեության համար վճռորոշ են՝ անհնար է դուրս գալ ԵԱՏՄ-ից ու նման գնով ստանալ ռուսական գազը, կամ ՀՀ գյուղատնտեսությունը բաց մուտք ունենա ռուսական շուկա։ Դժվար թե այս մասին չիմանան ՀՀ իշխանությունները, մասնավորապես՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը կոորդինացնում է այդ բոլոր աշխատանքները։
Կարծում եմ՝ սա ինչ-որ հարցերում Ռուսաստանի դիրքորոշման փոփոխության վրա ազդելու գործիք է կամ ճնշման փորձ։
Կոպիտ եմ ասում՝ Հայաստանի համար ինքնաոչնչացում կլինի, եթե դուրս գա ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից՝ չունենալով որևէ այլընտրանք։ Եթե լիներ այդ այլընտրանքը, ապա կարող էին դուրս գալ, ո՞ր հիմարը կարող էր ասել, որ ԵՄ-ն վատն է, բայց Հայաստանին ընդունո՞ւմ են այնտեղ։
Կան եվրոպամետներ, որոնք անգիտակից հայտարարում են, թե՝ ոչինչ, կմրսենք ու կսառենք մի 3 տարի, բայց հետո լավ կլինի, մի 10 տարի աղքատ կապրենք, բայց Հայաստանը կհասնի ԵՄ համապատասխան չափանիշներին։ 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանը կրկին մի 5 տարով տանել տնտեսական կոլապսի՝ աղետալի կլինի, որովհետև կարծում եմ՝ 6 ամիս հետո Հայաստանը կդատարկվի։ Մարդիկ կդադարեն հույս կապել Հայաստանի հետ և ո՛ չ կսառեն, ու ո՛չ էլ սոված կմնան»,- եզրափակեց Գարիկ Քեռյանը։