Բերենիկե` զարմանալի բուժարարը

Բուժիչ նամակներ

Բերենիկե ցեղը պատկանում է խլածաղկավորների ընտանիքին, ընդգրկում է ավելի քան 300 տեսակներ։ ՀՀ բնական պայմաններում հանդիպում են մոտ 20 տեսակներ։
Բերենիկե հայկականը հանդիպում է Գեղարքունիքի և Շիրակի մարզերում, պատմական Կարինի շրջանում` ծովի մակերևույթից 2000-3000 մ բարձրության վրա, քարքարոտ վայրերում։

Բազմամյա, 5-10 սմ բարձրությամբ խոտաբույս է, ցողունը հիմքում փայտացած է, պառկած կամ կանգնած։ Տերևները փետրավոր են, թելանման տերևիկներով, 1 սմ երկարությամբ, փայլուն կանաչ։ Ծաղիկները կապույտ են կամ վարդագույն` նույնպես փայլուն։ Դիմացկուն, քչապահանջ բույս է, հարմար է չիմապատ տարածքներ ձևավորելու համար։

Գրականության մեջ նկարագրված է մի շատ ուսանելի իրողություն։ 1805թ. Կարլսրուէի Բուսաբանական այգում սկսել են մշակել բերենիկե պարսկականը, որը կարող է ծաղկել նույնիսկ ձմռանը։

Մի քանի տասնամյակ անց բույսը տարածվել է Եվրոպայի ողջ տարածքի վրա, իսկ մեր օրերում հանդիպում է ամենուր։

Բուժիչ հատկություններ ունեն բերենիկե անտառայինը (Veronica chamaedrys) և բերենիկե բժշկականը (V. officinalis)։

Բերենիկե բժշկականի հայրենիքը Եվրոպան է և Կովկասը, տարածված է ՀՀ ցածրադիր, լեռնային և նախալեռնային շրջաններում` աճում է խոնավ վայրերում, թփուտներում և լուսավոր անտառներում։ Բարձրությունը հասնում է 10-30 սմ-ի, ունի սողացող կոճղարմատ, բարձրացող կամ սողացող ցողուն։ Տերևները եզրերում ատամնաձև կտրատված են։ Ծաղիկները կապույտ են, ունեն չորս թերթիկ, հավաքված են ուղիղ կանգնող ողկույզներով։ Ծաղկում է ապրիլ-հուլիս ամիսներին, մեղրատու բույս է` 1 հա հոծ մացառուտի բերքատվությունը 200-220 կգ է, մեղրը շատ որակյալ է։

Խոսուն անվանումը

Բույսի գիտական անվանումը բաղկացած է երկու բառերից, Vera և unica, թարգմանաբար` «միակ կամ իրական դեղ»։ Բույսն անվանում են նաև «Եվրոպական թեյ», հատկապես ֆրանսիացիներն ավելացնում են այն դեղաբույսերից ստացված գրեթե բոլոր պատրաստուկների մեջ։ Միջնադարում բույսը կիրառվել է որպես խորխաբեր միջոց` հազի դեղ։ Նախկինում բույսը լայնորեն օգտագործվել է գիտական բժշկությունում։

Պարունակում է դաբաղող և դառը նյութեր, խեժ, սապոնիններ, եթերային յուղ, բույսին բնորոշ գլիկոզիդներ, օրգանական թթուներ, մինչև 230 մգ վիտամին C (100 գ հումքի մեջ), կարոտին։

Բերենիկեն չի պարունակում թունավոր նյութեր, որի շնորհիվ լայնորեն կիրառվում է դեղաբուսային խառնուրդների մեջ։ Որպես բուժիչ հումք` մթերում են բույսի վերգետնյա մասը` ծաղկման շրջանում։

Անգինա. 2 ճ/գ բերենիկեի խոտը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, կատարեք ողողում։
Խորհուրդ է տրվում թրմել բերենիկեի և վաղենակի, երիցուկի, խնկածաղկի, գետնամորու տերևի խառնուրդը` 2 ճ/գ, 200 մլ եռջուր։ Կարելի է վերցնել նշված բույսերից մեկը կամ մի քանիսը։

Մրսածություն, չոր հազ, բրոնխիտ. Կարելի է խմել բերենիկեի թուրմը (տե՛ս անգինա), սակայն ավելի արդյունավետ է, եթե խառնեք ուրցի, խնկածաղկի, ջղախոտի, երեքնուկի, տատրակի, լոռասերմի հետ. 2 ճ/գ հումքը կես ժամ թրմեք 300 մլ եռջրում, քամեք։ Խմելուց առաջ թուրմը խառնեք եռջրի հետ (1։1), խմեք 200-ական մլ, օրը 5-6 անգամ, 1 թ/գ մեղրի հետ։

Բրոնխների ասթմա. Խմեք բերենիկեի և լոռասերմի խառնուրդի (1։1) թուրմը։ Պատրաստեք նույն չափաբաԺիններով, խմեք օրը 2-3 անգամ։

Նևրոզ, անքնություն, ջղակծկում. Բերենիկեն ունի հանգստացնող, հակակարկամային հատկություն, սակայն խորհուրդ է տրվում խառնել այլ, նման հատկություն ունեցող բույսերի հետ` ուրց, խնկածաղիկ, մատիտեղ թռչնի, սագամատնունի։ Ինչպես արդեն նշել ենք, պարտադիր չէ, որ խառնեք բոլոր խոտերը։

Հատկապես դաշտանադադարի ժամանակ խառնեք խնկածաղկի և բերենիկեի խոտերը (1։1)։ Պատրաստեք և խմեք վերոգրյալ չափաբաժիններով։

Միզապարկի բորբոքում. 1 ճ/գ բերենիկեի խոտը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ։ Խորհուրդ է տրվում խառնել երեքնուկի և գազարի տերևի հետ։

Լյարդի հիվանդություններ. Խմեք բերենիկեի և կատվատոտիկի, սագմատնունու կամ լոռասերմի խառնուրդի թուրմը (2 ճ/գ, 200 մլ եռջուր, 60-ական մլ` օրը 3 անգամ)։

Երիկամների քրոնիկ բորբոքում. Խառնեք բերենիկեի և մատիտեղ թռչնի խոտերը (1։1)։ 1 ճ/գ հումքը 6 ժամ թրմեք 200 մլ ջրում, դրեք թույլ կրակի վրա` մինչև հասնի եռման ջերմաստիճանի, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` նախաճաշից առաջ։

Միզաքարային հիվանդություն, հոդատապ. Խառնեք բերենիկեի, ձիաձետ դաշտայինի, ուրցի խոտերը (1։1։1)։ Պատրաստեք և խմեք` ինչպես նշված է նախորդ դեղատոմսում։
Այս դեպքում օգտակար է ավելացնել նաև կեչու տերևը, սագամատնունու խոտը, հապալասի տերևը։

Շաքարային դիաբետ. Բերենիկե բժշկականից ստացված պատրաստուկներն իջեցնում են շաքարի պարունակությունն արյան մեջ, օգտակար են հիվանդության նախնական փուլում։ 2 ճ/գ խոտը 2 ժամ թրմեք 500 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 5 անգամ։

Օնկոլոգիա։ Բերենիկեն ունի հակաուռուցքային հատկություն, վերջերս պարզվել է, որ այն կարող է կանխարգելել նույնիսկ չարորակ ուռուցքների զարգացումը, ինչի շնորհիվ խորհուրդ է տրվում կիրառել, որպես օժանդակ միջոց հակաուռուցքային թերապիայի ընթացքում։

Բարձր քրտնարտադրություն- 4 ճ/գ խոտը թրմեք 1 լ եռջրում, ավելացրեք լոգանքի ջրին։
Բերենիկեն ունի նաև ցավազրկող, արյունարգել, հակամանրէ, վերքամոքիչ, հակաբորբոքային, կապող հատկություններ։

Բույսի մատղաշ տերևներն ուտելի են։ Ծաղիկներն օգտագործում են իսպանական «Մադերա» գինու, լիքյորների, որոշ տեսակի կոնյակների արտադրությունում։

«168 ԺԱՄ»

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Արդեն վաճառքում է Ջուլիետա Սահակյանի հեղինակած «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը, որը վաճառվում է «Նոյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից։

Տեսանյութեր

Լրահոս