Փաշինյանը թույլ չի տվել լուծել Չարենցավանի անձնագրայինի հարցը. Ընտրություններից առաջ ինչ-որ բաներ են նախատեսել. Գևորգ Հակոբյան
Չարենցավանում անձնագրայինը փակվել է՝ մի խումբ չարենցավանցիների պայքարն արդյունք չտվեց, քանի որ որոշումը կայացրել ու իրականացրել է Կառավարությունը։ Այս պահին չարենցավանցիներին առաջարկում են անձնագրի հարցերով գնալ հարակից համայնքներ, իսկ Չարենցավանի անձնագրայինի շենքը մասնավորեցնելու են։
Դեռ երկու ամիս առաջ Ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանը բողոքող չարենցավանցիներին ասել էր, որ կհանդիպի նրանց հետ, կլսի նրանց հուզող հարցերը, սակայն այդպես էլ հանդիպում տեղի չունեցավ։
Չարենցավանի բնակիչ, բողոքի ակցիաների մասնակից Գևորգ Հակոբյանն ասաց՝ անկախ այն հանգամանքից, թե այս պահին ՆԳ նախարարն ու Միգրացիոն ծառայության պետն ովքեր են, Չարենցավանի անձնագրայինի հարցը չի լուծվելու, քանի որ Նիկոլ Փաշինյանն է այդպես որոշել։
«Մեր հասկանալով՝ դեռ այն ժամանակ ՆԳ նախարարությունն ու Միգրացիոն ծառայությունն ուզում էին մեր հարցերը լուծել, սակայն նրանց Կառավարությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը թույլ չի տվել։
Անձնագրայինի շենքը հանել էին վաճառքի, որպեսզի մասնավորեցնեն։
Իմ կարծիքով՝ սրանք ընտրություններից առաջ ինչ-ինչ բաներ են նախատեսել, մեկը մյուսի հետ այս ամենը կապ ունի, հենց այնպես անձնագրային չէին փակի։ Այստեղ լուրջ բան է թաքնված՝ մեկը՝ որ տարածքները մասնավորեցնեն և ընտրություններին նոր տեխնոլոգիաներ կիրառեն՝ հօգուտ իշխանությունների, սա խոսակցության մակարդակով է դեռ։ Կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինյանը թույլ չտվեց այս հարցը լուծվի»,- 168.am–ի հետ զրույցում նշեց մեր զրուցակիցը։
Նա նշեց, որ փորձ չի արել հանդիպելու ՆԳ նոր նախարար Արփինե Սարգսյանի և Միգրացիոն ծառայության պետ Նելլի Դավթյանի հետ, քանի որ ի սկզբանե իրենց ասվել է՝ հարցը գտնվում է Կառավարության ու անձամբ Նիկոլ Փաշինյանի տիրույթում։
«Այս գերատեսչություններից մեզ հետ հանդիպումների ժամանակ բերանացի ասել են՝ սա Կառավարության որոշելիք հարցն է։ Դրա համար իմաստ չկա նորից դիմել ու ստանալ նույն պատասխանը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, նա առհասարակ մեր բողոքին ու մեր նամակներին չի արձագանքել։ Մենք Նիկոլ Փաշինյանին մոտ 8-9000 ստորագրություն ենք տվել, որի տակ ձևակերպել ենք մեր խնդիրը, սակայն նա այդ նամակին չի արձագանքնել՝ արդեն 3-4 ամիս է անցել։ ՆԳ նախարարությանն էլ ենք ուղղել, այնտեղից արձագանքել են, որ շրջիկ անձնագրայիններ կլինեն և այլն, բայց Նիկոլ Փաշինյանի կողմից որևէ խոսք մինչև այսօր չենք լսել»,- հավելեց մեր զրուցակիցը։
Մեր զրուցակիցն ընդգծեց՝ այս պահին իրենց ոչինչ չի մնում անել, քան հաջորդ ընտրություններում ՔՊ-ին չընտրելը։
«Մեզ մնում է, որ հաջորդ ընտրություններին չարենցավանցիներին կոչ անենք այս սրիկաներին ձայն չտան, այլ բան չի մնում, որովհետև ես այլևս չգիտեմ՝ ինչ անեմ։
Խոսակցություններ կային, որ Նիկոլ Փաշինյանը պիտի գա Չարենցավան, այստեղ ասֆալտ էին արել, ուզում էր բացմանը գար, մենք էլ պատրաստվում էինք իրեն «պատշաճ» դիմավորել։ Խոսակցությունները հասել էին իրեն, թե ինչ ենք պատրաստվում անել՝ չեկավ։ Նկատի ունեմ, նա գիտի՝ ինչպես են չարենցավանցիներն իրեն վերաբերվում»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ամիսներ շարունակ Չարենցավանի բնակիչները բողոքում էին, որպեսզի համայնքի անձնագրայինը չփակեն ու չտեղափոխեն Հրազդան, քանի որ 40.000 բնակչություն ունեցող Չարենցավանում անտրամաբանական էր անձնագրայինի փակելը։ Չարենցավանցիները տարբեր գերատեսչություններում հանդիպումներ էին ունեցել, սակայն նրանց «գլխի տակ փափուկ բարձ» էին դրել, թե՝ լավ կլինի։ Իսկ վերջին ամիսներին բոլոր տեղերից հասկացրել են, որ ոլորտը տալիս են մասնավորին, և որևէ բան չի փոխվելու։