«Փաշինյանը մոտավորապես հետևյալն է ասում Ալիևին՝ ժամանակ տուր՝ պահանջները կկատարեմ». Սուրեն Սուրենյանց

Երեկ Նիկոլ Փաշինյանն «Արմենպրեսի» հետ զրույցում անդրադարձել է Ալիևի հայտարարությանը, որ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար, նախ Հայաստանը պետք է ՀՀ սահմաններից դուրս հանի երրորդ երկրների ուժերին, այնուհետև երկկողմ հրաժարվեն միմյանց դեմ միջազգային հայցերից։

Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել է.

«Մենք առաջարկում ենք, որ երրորդ երկրների ուժերի չտեղակայման դրույթը տարածվի Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատված հատվածների վրա, և սա տրամաբանական է, որովհետև այդ հատվածներում հենց սահմանազատման բերումով էսկալացիայի ռիսկն էականորեն նվազեցվում է, եթե չասենք՝ նվազագույնի է հասնում: Ամբողջական սահմանազատումից հետո, հետևաբար, Հայաստան-Ադրբեջան սահմանի որևէ հատվածում երրորդ ուժի ներկայության կարիք չի լինի, և Հայաստանի Հանրապետությունն առաջարկում է այս տրամաբանությունը: Ինչ վերաբերում է միմյանց դեմ ներկայացված հայցերի հետքաշմանը, երբ խաղաղության պայմանագիր է ստորագրվում, դա տրամաբանական է, հետևաբար՝ գաղափարն ընդունելի է մեզ համար»:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցի խոսքով՝ մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանը և Ալիևը նոր բաներ չեն խոսել, կրկնել են այն թեզերը, որոնք միշտ կրկնել են։

Կարդացեք նաև

«Ադրբեջանն ագրեսիվ կերպով կրկնել է թեզեր, բայց դրան հակափաստարկներ Փաշինյանի հարցազրույցում մենք չենք լսել»։

Կանխատեսելի էր, որ COP29-ից հետո Ալիևը շատ ագրեսիվ հռետորաբանության մեջ է լինելու, և սրան գումարվեց սիրիական համատեքստը, որովհետև Սիրիայից հետո Թուրքիայի գործոնը շատ ուժեղացավ Մերձավոր Արևելքում, որի մասնակիցն ենք մենք։ Այս ամենը բերեց նաև նրան, որ Ադրբեջանի վարքագիծը շատ ավելի ամբարտավան դարձավ»,- նշեց Սուրեն Սուրենյանցը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ի՞նչ է պետք սպասել Նիկոլ Փաշինյանի այդ արձագանքից հետո։

Նա շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանի պատասխաններից տպավորություն չի ստացել, որ բովանդակային առումով որևէ հակադարձում է անում Ալիևին։

«Մոտավորապես նրա ասածը սա է, որ ինձ ժամանակ տուր կամ ինչ-որ պայմաններով արի խաղաղության փաստաթուղթը ստորագրիր, ես այդ բոլոր պահանջները կանեմ։ Բայց ինքն Ալիևի պահանջներից մեկն արդեն արել է. հիշում եք, որ այս տարի 2 անգամ գնաց Պուտինի մոտ ու 2 անգամ էլ խնդրեց, որ Հայաստանի ինչ-որ հատվածներից հանեն ռուսական զորքը։ Սա էլ է լինելու երրորդ երկրների ուժեր, որ չպետք է լինեն ՀՀ սահմանին տրամաբանության մեջ»,- շեշտեց Սուրեն Սուրենյանցը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս