Տարեկան 150 հազար եվրո՝ Եվրոպայում կապի սպա ունենալու համար. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Եվրոպոլում ՀՀ կապի ներկայացուցիչ (կապի սպա) ունենալու համար, պարզվում է՝ պետբյուջեից տարեկան 150 հազար եվրո է հատկացվելու, իսկ առաջին տարում՝ նաեւ լրացուցիչ մոտ 46 հազար եվրոյին համարժեք դրամ (ավտոմեքենա, կահույք, տեխնիկա, դեպոզիտ եւ միջնորդավճար)։
Եվրոպական ոստիկանության՝ Եվրոպոլի գործադիր տնօրենը եւ ՀՀ ՆԳ նախարարը դեռեւս ապրիլին ստորագրել են «ՀՀ ՆԳՆ եւ ԵՄ իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ փոխգործակցության մասին» համաձայնագիրը, համաձայն որի՝ կապի սպայի միջոցով հնարավորություն է ստեղծվում անմիջական կապ հաստատել ինչպես Եվրոպոլի, այնպես էլ ԵՄ անդամ երկրների՝ Եվրոպոլ գործուղված կապի սպաների հետ:
ՆԳՆ-ն ակնկալում է, որ նշանակումը կապահովի տեղեկատվության արագ եւ անվտանգ փոխանակումը, ինչպես նաեւ՝ Եվրոպոլի եւ դրա հետ համագործակցող երկրների իրավապահ մարմինների հետ համագործակցության խորացումը: Համաձայնագրով՝ կապի ներկայացուցիչը կգործի Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից»: