Ալիևը չի թաքցնում՝ նախապատրաստվում է. նա միանգամից մի քանի պահանջ է հնչեցրել

Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների, ինչպես նաև Թուրքիայի ԶՈՒ, Պակիստանի ու Իսրայելի բարձրաստիճան զինվորականների հետ ինտենսիվ երկխոսության ֆոնին Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել և վերահաստատել է ադրբեջանական նախապայմանները, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի կնքմանն ընդառաջ։

Նա նշել է, որ հայկական կողմը պետք է փոխի Սահմանադրությունը, քանի որ այն հղում է անում Անկախության հռչակագրին, որն իր հերթին՝ տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, որտեղ կա նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը:

«Սահմանադրության փոփոխությունը մեր քմահաճույքը չէ, դա ուղղակի օբյեկտիվ պայման է»,- ասել է նա։

Բաքվի երկրորդ պայմանը, ըստ Ալիևի, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։ «Քանի որ այս հարցը լուծվում է կոնսենսուսով, ֆորմալ առումով դա անհնար է անել առանց Հայաստանի համաձայնության: Չնայած ԵԱՀԿ Մինսկի խումբը վաղուց չի գործում, այն ֆորմալ առումով գոյություն ունի: Մինսկի խումբը ստեղծվել է Ղարաբաղի հարցի լուծման համար, հիմա ինչո՞ւ է պետք Հայաստանի չցանկանալը՝ լուծարել այն (ԵԱՀԿ Մինսկի խումբը.- Ա.Մ.), պետք է մեզ հետ միասին դիմել ԵԱՀԿ-ին՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար»,- մատնանշել է Ադրբեջանի նախագահը։

Կարդացեք նաև

Ավելի վաղ Ալիևը պահանջում էր ՀՀ իշխանությունից երկխոսություն սկսել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» համայնքի ներկայացուցիչների հետ, ըստ էության իջեցնելով ՀՀ իշխանությունների դիրքը համայնքի ղեկավարի մակարդակի, այսօր էլ նա հայտարարեց, որ 1980-ականների վերջին, 1990-ականների սկզբին Հայաստանից հեռացած ադրբեջանցիների համայնքը՝ մոտ 300.000 մարդ, պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, «որպեսզի պայմաններ ստեղծեն վերադարձի, վերաինտեգրման համար»։

«Այն, որ 1990-ականների սկզբին նրանց արտաքսել են այնտեղից, չի նշանակում, որ նրանք վերադառնալու իրավունք չունեն։ Մենք դեռ պատասխան չենք ստացել Հայաստանի ղեկավարությունից, թե ինչպես են նրանք տեսնում ադրբեջանցիների վերաինտեգրման գործընթացն իրենց պատմական հողերում»,- հավելել է Ադրբեջանի նախագահը, ըստ էության հնչեցնելով հերթական պահանջը։

Խոսելով, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի բանակցված կետերի մասին, նա նշել է․ «Փաստաթղթի 17 կետերից 15-ը համաձայնեցված են, մնացել է 2-ը, և Կազանում Փաշինյանի հետ իմ վերջին հանդիպման ժամանակ զգացի, որ Հայաստանը կարող է ընդունել այդ 2 կետը, այսինքն՝ մեր պայմանները: Կետերից մեկն իրար դեմ միջազգային հայցեր չներկայացնելն է, իսկ մյուսը՝ սահմանին այլ երկրների ներկայացուցիչներին չտեղակայելը»:

Ալիևը նաև նշել է, թե Հայաստանը չի դիմանա Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքին։ «Չնայած նրան, որ նրանք ստանում են արևմտյան զենքի մեծ մասն անվճար կամ ապառիկ, բայց նույնիսկ այս դեպքում նրանք չեն դիմանա մեզ հետ սպառազինությունների մրցավազքին։ Նրանք պետք է հասկանան նաև, որ չնայած Մակրոնի ռեժիմի, ինչպես նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի առավելագույն աջակցությանը, այստեղ՝ երկրի վրա, եթե մեր դեմ հերթական սադրանքը ծրագրեն, ոչ ոք իրենց չի օգնի»,- ասել է Ալիևը։

Այս թեման ևս Ադրբեջանն առաջին անգամը չէ, որ բարձրացնում է։ Թեմային անդրադարձել է ոչ միայն Երևանը, այլև Փարիզը, հայտարարելով, որ մարտունակ բանակ ունենալը ՀՀ ինքնիշխան իրավունքն է, իսկ Փարիզը պաշտպանական բնույթի սպառազինություն է մատակարարում։

Ըստ Ալիևի, ՀՀ-ն, ըստ էության, դե ֆակտո դուրս է եկել ՀԱՊԿ-ից, դե յուրե չհեռանալու միակ պատճառն այն է, որ դեռևս չեն ստացել Պետդեպարտամենտի համաձայնությունը։

«Ադրբեջանն անկախ խաղացող է և բավականին կվալիֆիկացված, կարող է տեր կանգնել իրեն։ Հետևաբար, Վրաստանը կարևոր գործոն է Կովկասի համար մղվող ճակատամարտում։ Ինչպիսի՞ն կլինի այն: Դա կլինի՞ ավանդական՝ հիմնված մեր կովկասյան արժեքների վրա»,- նշել է Ալիևը, ըստ էության բնութագրելով այն աշխարհաքաղաքական պայքարը, որը ծավալվում է Հարավային Կովկասում։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ ռեգիոնալ իրավիճակն անկայուն է, երբ, ըստ էության, հնարավոր են ամեն տեսակ զարգացումներ, քանի որ խախտված են մեզ հայտնի աշխարհաքաղաքական  հավասարակշռությունը և ռեգիոնում ազդեցություն ունեցող զսպման մեխանիզմները։ Նրա որակմամբ, այդ մեխանիզմները վաղուց չկան, որոնցից մեկն ու էականը Ռուսաստանի քաղաքականությունն էր Հայաստանի ու Ադրբեջանի միջև, քաղաքականություն, որն, ըստ նրա՝ հիմնված էր ռազմաքաղաքական հավասարակշռության պահպանման վրա։

«Իսկ նոր մեխանիզմները դեռ չեն հաստատվել։ ՀՀ իշխանությունների արևմտամետ քաղաքականության նպատակը թերևս նաև Արևմուտքի միջոցով որոշակի նման մեխանիզմ ստեղծելն էր, այսինքն՝ Ռուսաստանին Արևմուտքով փոխարինելը, որը, կարծում եմ, այս պահի դրությամբ չի հաջողվել։ Ուստի առանց այդ մեխանիզմների ռեգիոնը մնացել է սեփական քաղաքական, ռազմական, դիվանագիտական հավասարակշռությունների գոտում, այսինքն՝ գործում են ռեգիոնալ կանոնները, երբ չկան ոչ միջնորդներ, ոչ էլ ազդեցիկ զսպող խաղացողներ։ Այս ամենի հետևանքով Ադրբեջանը շարունակում է ուժի դիրքերից խոսել՝ շեշտը դնելով իր ուժի, պատերազմում իր հաղթանակի վրա»,- ասաց Լուկիանովը։

Նրա խոսքով, նույնիսկ ԵՄ դիտորդների ներկայությունը կարծես չի դարձել այդ լուրջ զսպող մեխանիզմը։ «Կամ, եթե նույնիսկ այն որոշակի դերակատարություն ունի, ապա բանակցային գործընթացը փակուղում է, և չկան առողջ բանակցություններ։ Եվ ինչպես ասել եմ, բանակցությունները և ներկայիս իրավիճակը կարող է երկար ձգվել, սակայն միևնույն ժամանակ՝ պետք է խոստովանել, որ ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումները թույլ չեն տալու շատ երկարաձգել այս պրոցեսները, ինչպես տեսանք Սիրիայում։ Ազդեցության նոր գոտիների բաժանումը գործնական փուլ է մտել, որից փորձելու են օգտվել բոլոր հավակնոտ ուժերը»,- ասաց վերլուծաբանը։

Իր հերթին՝ ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը մեզ հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանն ինտենսիվ կերպով զարգացնում է իր ռազմական ներուժը՝ թե զորավարժություններով, թե սպառազինության ձեռքբերումներով, թե ներքին  արդյունաբերության զարգացմամբ ու ՆԱՏՕ-ի չափանիշները ներդնելով։

«Նման հակառակորդի հետ, ում հետ ձեռք չի բերվել խաղաղություն, պետք է համարժեք կերպով ուժ զարգացնել գոնե բանակցային սեղանին սեփական օրակարգի մի մասն առաջ տանելու համար։ Սա միայն ռազմական ուժի ու անվտանգության մասին չէ, խաղաղության համար պետք է պատրաստ լինել պատերազմի։ Իսկ Ադրբեջանը չի թաքցնում, որ զարգացնում է այդ ռազմական ուժը։ Ո՞ւմ դեմ այն կարող է գործել։ Բնականաբար, առաջինը՝ Հայաստանի։ Սակայն կարծում եմ, ՀՀ իշխանություններին դա սկսել է անհանգստացնել, այդ մասին են փաստում ՀՀ պաշտպանության նախարարի վերջին այցերն ԱՄՆ ու Ֆրանսիա։ Լքելով ՀԱՊԿ-ը, ՀՀ-ն իր անվտանգային ապագան կապել է Արևմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ։ Թե որքանով այս երկրներին կհաջողվի աջակցել Հայաստանին անհրաժեշտության դեպքում, ցույց կտա ժամանակը։ Բանակցություններում նրանք չկարողացան միջնորդի դեր ստանձնել։ Ներկայումս ԵՄ դիտորդների ապագան նույնիսկ հստակ չէ, Ադրբեջանի պահանջներին Արևմուտքից որևէ մեկը չի արձագանքում, այս հարցը ևս մնացել է Երևանի «ուսերին», ինչպես և մնացած հարցերը։ Սակայն Երևանի քաղաքականության առանցքն այն է, որ հանկարծ Ռուսաստանը ոչ մի հարցում դեր չունենա, այստեղ արդյունքներն այդքան էլ էական չեն. էական է աշխարհաքաղաքականությունը»,- նկատեց Եվսեևը։

Նրա խոսքով, ադրբեջանական կողմը չի թաքցնում, որ պատրաստ է ռեգիոնում տարբեր սցենարների, այդ թվում՝ ռազմական։

«Սլաքներն ուղղելով Հայաստանին, խոսվում է նաև պատերազմի հավանականության մասին, նման իրավիճակում, իհարկե, դա հնարավոր է, շատ բարդ կոնֆիգուրացիա է ստեղծվել ռեգիոնում, ինչպես նաև իրավիճակը ռեգիոնի շուրջ շատ բարդ է»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս