Մարդու հասակը և ինսուլտի հավանականությունը փոխկապակցված են
Մարդիկ, ովքեր փոքր տարիքում կարճահասակ են եղել, մեծ տարիքում նրանց մոտ ինսուլտի հավանականությունը ավելի մեծ է: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Կոպենհագենի համալսարանի աշխատակիցների խոսքերով, 7-13 տարեկան 300 000 երեխաների տվյալներ են ուսումնասիրվել՝ ծնված 1930-1989թթ.-ին:
Պարզվել է, որ մարդիկ, ում հասակը փոքր տարիքում միջինից 5-7սմ-ով ցածր է եղել, հասուն տարիքում 11%-ով ավելի հաճախ են տառապել իշեմիկ ինսուլտով: Հասակի ձևավորման վրա ազդում են գենետիկ և արտաքին գործոնները՝ ներառյալ մոր և երեխայի սնունդը, վարակներն ու սթրեսը: Այս գործոնները կապ ունեն նաև ինսուլտի առաջացման հետ:
Եթե մարդկանց չի հաջողվում խուսափել ինսուլտից, փորձագետները խորհուրդ են տալիս հատուկ դիետայի հետևել: Ռաշ համալսարանի աշխատակիցները վստահեցնում են, MIND կոչվող դիետան դանդաղեցնում է որոշ խանգարումների առաջխաղացումը ինսուլտից հետո: Այն իր մեջ պարունակում է նաև DASH դիետայի բաղադրիչներ, որը ստեղծված է հիպերտոնիայի պրոֆիլակտիկայի և բուժման համար: DASH դիետան ներառում է բանջարեղեն, մրգեր, ճարպերի ցածր պարունակությամբ կաթնամթերք:
MIND դիետան, որը ներառում է բանջարեղեն, ընկույզներ, հատապտուղ, լոբազգիներ, ձավարեղեն, ձուկ, թռչնի միս, ձիթապտղի ձեթ և գինի, նվազեցնում է կոգնիտիվ խանգարումների ռիսկը տարեց մարդկանց մոտ:
Նոր հետազոտությանը մասնակցել է 106 կամավոր: Մասնագետները ուսումնասիրել են նրանց սննդակարգը: Հաշվի են առնվել նաև նրանց կոգնիտիվ ֆունկցիաները: Մասնակիցերին հետևել են 5,9 տարի: Արդյունքում հայտնաբերել են, որ այն կամավորների մոտ, ում սննդակարգը ավելի մոտ էր MIND դիետայի սննդակարգին, կոգնիտիվ ֆունկցիաները վատացել են ավելի դանդաղ, քան նրանց մոտ, ում սննդակարգը նման չէր MIND դիետային: