Անդրանիկ Քոչարյանի հանելուկային պատասխանը
Հոկտեմբերի վերջին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել էր, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ դռնփակ նիստ հրավիրելու համար ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին նամակով կդիմի դեկտեմբերի առաջին տասնօրյակին, երբ զեկույցն ուղարկած կլինեն համապատասխան գերատեսչություններ, թեպետ ի սկզբանե զեկույցի քննարկումը նախատեսված էր հոկտեմբերին:
Դեկտեմբերի 12-ին 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ ճշտելու, թե 44-օրյա պատերազմին առնչվող քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվե՞լ է գերատեսչություններին և կոնկրետ ո՞ր գերատեսչություններին է ուղարկվել, և արդյո՞ք ԱԺ նախագահին զեկույցի քննարկման նպատակով նիստ հրավիրելու նամակն ուղարկվել է, եթե ոչ, ապա ե՞րբ է ուղարկվելու:
Դեկտեմբերի 16-ին Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած ԱԺ պաշտպանության և անվտանգության
հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակազմից պատասխան գրություն ենք ստացել, որտեղ բացակայում են մեր շատ պարզ հարցադրումների պատասխանները:
«Ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ Ձեր հարցադրումների պատասխանները կստանաք ԱԺ առաջիկա լիագումար նիստերի ընթացքում»,- նշվում է հանձնաժողովի պատասխանում:
Թե ինչո՞ւ է Անդրանիկ Քոչարյանն այս անգամ խուսափել կամ կաշկանդվել հարցին ուղիղ պատասխանից, կարող ենք միայն ենթադրել: Գուցե դեռ չի դիմել Ալեն Սիմոնյանին և չի ցանկացել այդ մասին ուղիղ ասել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ հոկտեմբերին նամակով դիմելու է խորհրդարանի նախագահին դռնփակ նիստ հրավիրելու համար, որի ժամանակ էլ կներկայացվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը, և, որ հանրությունը կկարողանա ծանոթանալ հատվածների, բայց ոչ ամբողջական զեկույցին, քանի որ փաստաթուղթը գաղտնի տեղեկություն է պարունակում։
Ինչ վերաբերում է ԱԺ առաջիկա լիագումար նիստերի ընթացքում մեր հարցադրումների պատասխանը ստանալուն, ապա դա արդեն մնում է 2025 թվականի հունվարի վերջին։
Հավելենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի հոդված 25-ը սահմանում է, որ «զեկույցն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում»:
Իսկ թե ինչու է զեկույցի քննարկումն Անդրանիկ Քոչարյանն այսքան ձգձգում, թերևս իր քաղաքական պատճառներն ունի:
Մյուս կողմից, այստեղ գործ ունենք կամայականության հետ, ինչն Անդրանիկ Քոչարյանի կողմից արտահայտվել է և՛ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի լիազորությունների ավարտի, և՛ զեկույցի պատրաստ լինել-չլինելու հետ կապված: Ավելին, Քոչարյանը թույլ է տվել օրենքի սահմաններում ինչ-ինչ խախտումներ և մանևրներ՝ կախված տվյալ պահի նպատակահարմարությունից: Սպասենք առաջիկա լիագումար նիստերին, եթե հանկարծ Անդրանիկ Քոչարյանը չորոշի մեր հարցադրումների հստակ պատասխանը գրավոր տարբերակով ուղարկել կամ այլ տարբերակով պատասխանել: