Բաժիններ՝

ՍԴ նախագահը «տաք, տաք» մեկնաբանել է իր քայլը. մամուլ

«Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, պարզվում է, շատ սրտաճմլիկ բացատրություն ունի առ այն, թե ինչու 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր թեկնածուի հայցապահանջը ՍԴ-ն մերժեց և ուժի մեջ թողեց ԿԸՀ հրապարակած պաշտոնական արդյունքները»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու հավելում.

Գագիկ Հարությունյանը, ընդ որում, շատ լավ գիտի, որ ԿԸՀ պաշտոնական արդյունքները իրականությունը չեն արտացոլում, ինչպես նաև վստահ է, որ Սերժ Սարգսյանը գիտի, որ ինքը չի հաղթել այս ընտրություններում: Այս ամենի մասին ՍԴ նախագահը խոսել է իր ծննդյան օրվան նվիրված միջոցառման ժամանակ` հարազատների նեղ շրջանակի ներկայությամբ:

Հարությունյանի ծնունդը նախագահական ընտրությունների վերաբերյալ ՍԴ որոշումը հրապարակելու օրվանից ընդամենը 10 օր անց էր, ու ՍԴ նախագահը «տաք, տաք» մեկնաբանել է իր քայլը:

Նա, մասնավորապես, հայտարարելուց հետո, որ բոլորը, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը, շատ լավ գիտեն, որ նա չի հաղթել փետրվարի 18-ի ընտրություններում, շարունակել է, թե, այնուամենայնիվ, եթե ՍԴ-ն այլ որոշում կայացներ, ապա հետևանքները աղետալի կլինեին երկրի և ժողովրդի համար:

Ինչպես ներկայացրել է Գագիկ Հարությունյանը, հետընտրական իրադարձությունների ժամանակ իշխանությունը ոչ միայն մինչև ատամները զինված է եղել, այլև ճամպրուկները պատրաստ պահած, և եթե Սահմանադրական դատարանը որևէ այլ որոշում կայացներ 2008 թվականի «Մարտի 1»-ից շատ ավելի մեծ ողբերգություն տեղի կունենար, շատ ավելի մեծ թվով մարդկանց արյուն կթափվեր:

Այնպես որ, շարունակել է Գագիկ Հարությունյանը, ՍԴ-ի այդ որոշումը միայն մի նպատակ է հետապնդել՝ փրկել իրավիճակը, թույլ չտալ արյունահեղություն: ՍԴ նախագահը վստահ է, որ ինքը ինչ արել է, արել է ժողովրդի համար և այդ օրը հարազատների առաջ չի վարանել հպարտորեն հայտարարել դրա մասին:

Հիրավի, սա մի բացատրություն է, որի դեմ խաղ չկա: Իսկ ինչ է` որևէ մեկը կցանկանա՞ր, որ արյունահեղություն լիներ երկրում: Իհարկե ոչ: Ուստի` Կեցցե Հայաստանի Սահմանադրական դատարանը, ամենամարդասեր դատարանը աշխարհում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս