Ինչպես են հայերը հաստատվում Սիրիայում, և և ինչ բացառիկ տեղեկություններ կան ժամանակի Հալեպի մամուլում

Հայերը Սիրիայում բնակվել են դեռևս Տիգրան Մեծի ժամանակաշրջանից: Հայ բնակչության դեպի Սիրիա առաջին գաղթի մասին տեղեկությունները ձգվում են մինչև 6-րդ դար, որին հաջորդում է արդեն Արաբական Խալիֆայության շրջանը՝ 8-9-րդ դարեր: Դա համարվում է կարևոր դարաշրջան՝ Սիրիա գաղթած հայերի համար:

Սիրիայում հայերի թվաքանակի, գաղթի ավելացման պատճառներից էր նաև Բագրատունյաց և Կիլիկյան թագավորությունների անկումը: Այդ իրադարձությունները դարձան կարևորագույն գործոններ, որպեսզի մեծ թվով հայեր հաստատվեն Սիրիայի տարածքում: Հայերի ամենամեծ գաղթը դեպի Սիրիա տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում՝ 1915-1920 թվականների շրջանում: Այդ շրջանում սիրիահայերի թվաքանակը հասնում էր մոտ 150 հազարի:

Հայաշատ քաղաքներից դարձան Հալեպը, Դամասկոսը, Հոմսը, Դեր Զորը, Լաթակիան և այլք: Սրանք տարբեր դարաշրջաններում պատմական փաստեր են, թե երբ և ինչ հանգամանքներով պայմանավորված են հայերը հաստատվել Սիրիայում և սկսել կամաց-կամաց ստեղծել հայկական այն համայնքը, որը հիմա գոյություն ունի:

Կարդացեք նաև

Արդեն իսկ 10-րդ դարում հայերը Սիրիայում հիմնում են Հայոց թեմ, որը հիմք է հանդիսանում հայերի մշակութային, կրոնական, և հետագա դարերում՝ արդեն իսկ կրթական, առևտրային զարգացման համար: Հայոց ցեղասպանությունից հետո Սիրիայում մեծ թվով հայերի հաստատման ու գրատպության զարգացման հետ մեկտեղ՝ եղավ պահանջարկ նաև ունենալ հայկական, հայալեզու մամուլ:

1918 թվականից սկսած Հալեպում սկսեցին հրատարակվել հայալեզու քաղաքական, հասարակական, մշակութային և գրական թերթեր: Այդ պարբերականները սկսեցին մանրամասն տեղեկություններ տրամադրել Սիրիայում ապրող հայերի մասին, Հայաստանի, ինչպես նաև Սիրիայի ներսում տիրող իրավիճակի մասին: Մասնավորապես հետաքրքիր նյութերով հարուստ է Հալեպում տպագրվող «Եփրատ» պարբերականը, որից տեղեկանում ենք, որ 1927 թվականին Սիրիայից դեպի Հայաստան մեկնում են մեծ թվով գաղթականներ, և այդ գործընթացը կազմակերպվում էր Խորհրդային Հայաստանի կառավարության հետ.

«Երևան այսօր ստացած է Պ. Շահվերդյանեն հեռագիր մը որ ըսե թե Հայաստանի և արտասահմանյան գաղթական համայնքի հետ աշխատանքը զարգացնելու համար պետք է գործակից ըլլալ կառավարության հետ, հրահանգ կուգա գաղթականներուն, իրենց գալեն անմիջապես ետքը ճամփա ելլելու համար: Պ . Շահվերդյան ճամփա պիտի ելլե Թիֆլիսեն ամսույս 5-ին»: («Եփրատ», 1927, թիվ 1):

Նույն պարբերականի համարներից մեկում կարդում ենք Սիրիայում և Հալեպում գտնվող հայ գաղթականների, որբերի մասին մանրամասն տեղեկություններ, թվաքանակ, ինչպես նաև՝ նրանց գաղթը Սիրիա կամ Լիբանան ինչպես է կազմակերպվել և որ թվականին.

«Երբ Ֆրանսիացիք կը պարպեն Կիլիկիան, կսկսի երկրորդ գաղթականությունը 1921-ի դեկտեմբերին: Ունևորները կը մեկնին Եգիպտոս և Կիպրոս, իսկ չքավոր դասակարգը խուճապահար կը դիմե դեպի Սուրիա և Լիբանան: Մի քանի օրվան մեջ անոնցմե 14 000 հոգի ցամաքային ճամփով կանցնին սահմանը և կհաստատվին Իսկենդերուն և Հալեպ, 16 000 հոգի հապճեպով նաև կգրվի Մերսինեին և կապաստանին Լիբանանի եզերքները, մեծամասամբ Բեյրութ: Տարի մը վերջը 1922-ի աշնանը քրիստոնիաներու վերջին մնացորդները կստիպվին գաղթել:

1923-ի հունվարի 1-ին 14 766 գաղթականներ կհասնին Հալեպ, 1923-ի հուլիսին անոնց թիվը կհասնի 27 308-ի, որոնցմե 2/3 հայ և 1/3-ը հույն: 1923-ի վերջը այս զանգվածային գաղթը կարելի է համարել վերջ գտած, գաղթականությունը կհաշվվի 125 000 անձ, որոնց համար ֆրանսիական կառավարությունը ծախսած է 5050 միլիոն ֆրանքեն ավելի գումար մը»: («Եփրատ», 1927, թիվ 4):

Նույն պարբերականի հոդվածից տեղեկանում ենք նաև մի շարք մանրամասներ, թե Սիրիայում հաստատված հայ գաղթականներին ինչ օգնություն է ցուցաբերել Սիրիան և մի շարք այլ երկրներ ևս: Մասնավորապես տեղեկանում ենք, որ Ֆրանսիայից եկած քրիստոնյա միսիոներները 1923 թվականին Հալեպում հիմնում են երեք վարժարան, որտեղ սովորում է 500 աշակերտ, մեկ գործարան, որտեղ մարդիկ կատարելու են ձեռագործ աշխատանքներ՝ 30 աշխատակցի համար: Նույն թվականին Հալեպում, Դամասկոսում և Բեյրութում մոտ 10 000 կամավոր մարդ սնունդ և հագուստ է բաժանում հայ գաղթականներին:

Նշվում է նաև, որ Սիրիայում կար 35 000 որբ, որոնցից միայն 14 000-ը եղել են հայ որբեր, որոնց համար ծախսված գումարը կազմել է 11 միլիոն 600 հազար դոլար:

Հոդվածում հավելում է արվում նաև, որ 1927 թվականին 14 000 հայ որբերից որբանոցում մնացել էին միայն մոտ 2000-ը: Հատկանշական է, որ պարբերականը Սիրիայի և սիրիահայերի հետ կապված հոդվածներից, լուրերից, տեղեկություններից զատ՝ երբեմն բացառիկ լուրեր է տպագրել նաև Հայաստանի մասին: Մասնավորապես պարբերականի համարներից մեկից տեղեկանում ենք, որ Արարատ լեռը բարձրանալու համար 1927 թվականին Գերմանիայից արշավախումբ է մեկնել Հայաստան. «Արարատի գագաթը բարձրանալու համար գերմանական արշավախումբ մը կազմված, որուն անդամներեն Հոգել Բերտ արդեն հասած է Երևան և կը վարե նախապատրաստական աշխատանքները:

Ուրիշներ ևս, Դոկտոր Նիգերմայիր, բժիշկ Ման և Կրել կսպասվին մոտերս Երևան: Արշավախումբը պիտի անցնի Իգդիր և վերելքը պիտի սկսվի մեծ և փոքր Արարատներու մեջտեղեն: Վերջին անգամ Արարատի գագաթը բարձրացած է 1912 թվականին հայտնի շվեյցարացի բուսաբան Ռտալինը»: («Եփրատ», 1927, թիվ 1):

Հարկ է նշել, որ սրանք միայն մի քանի փոքրիկ տեղեկություններ են ժամանակի սիրիահայ մամուլի էջերից, որոնք փաստում են, թե Հայոց ցեղասպանությունից հետո ինչպես է Սիրիայում ձևավորվել հայկական համայնքը և ինչ յուրահատուկ վերաբերմունքի են արժանացել հայերը Սիրիայի իշխանությունների և ժողովրդի կողմից:

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս