ՔՊ երիտթեւը «մաքրում է» խմբակցությունը տարեցներից. հաջորդը Գագիկ Մելքոնյանն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հովիկ Աղազարյանից ու Հակոբ Ասլանյանից հետո հաջորդը Գագիկ Մելքոնյանն է. նրան եւս ՔՊ երիտասարդները մտադիր են հեռացնել իրենց շարքերից:

Գագիկ Մելքոնյանի հեռացման համար ՔՊ-ականները լուրջ պատճառներ ունեն:

Նախ՝ վերջինս խմբակցության նիստին «կես բերան» փորձել է պաշտպանել Հովիկ Աղազարյանին ու ասել, թե պետք չէր նրա անձնական նամակագրությունը հանրայնացնել ու կարդալ:

Բացի դրանից՝ ՔՊ վերնախավին նյարդայնացրել է նաեւ այն, որ Գագիկ Մելքոնյանը հաճախ ՔՊ «գծերից» դուրս է գալիս ու ինքնագլուխ կոպիտ ու անթույլատրելի հայտարարություններ անում ռուս պաշտոնյաների, հատկապես Մարիա Զախարովայի վերաբերյալ:

ՔՊ-ում կարծում են, որ հատկապես ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հետ կապված Գագիկ Մելքոնյանը կարմիր գծերն անցնում է:

Անգամ ՔՊ փակ նիստի ժամանակ Հայկ Կոնջորյանն ու Արթուր Հովհաննիսյանը «հրահանգել» են Գագիկ Մելքոնյանին՝ եթե չի կարողանում մտածված խոսի, ուրեմն թող լուռ մնա, հարցազրույցներ չտա:

Գագիկ Մելքոնյանն էլ, ինչպես տեսնում ենք, չի կարողանում զսպել իրեն ու երբեմն լռելուց հետո շարունակում է չմտածված հայտարարություններ անել, ինչն ավելի է բարկացնում ՔՊ երիտթեւին:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գագիկ Մելքոնյանը հերքել էր, թե իրեն մտադիր են հեռացնել խմբակցությունից, բայց պնդել՝ եթե Նիկոլ Փաշինյանն ասի, ինքը մանդատը կդնի, կգնա»:

Տեսանյութեր

Լրահոս