Փաշինյանի 2023-ի տարեվերջյան նախազգուշացումը

Իշխող կուսակցության ներսում և շուրջը վերջին ամիսների և հատկապես վերջին շրջանի զարգացումները, այդ թվում՝ ՔՊ խմբակցությունից Հովիկ Աղազարյանի և հիմա նաև՝ Հակոբ Ասլանյանի հեռացումները, որքանո՞վ են ներքաղաքական և ներկուսակցական խնդիր, և արդյո՞ք այստեղ չկան նաև արտաքին քաղաքական հողի վրա տարաձայնություններ, թեպետ մինչև այժմ նրանք չեն ընդդիմացել Փաշինյանի ադրբեջանամետ դիրքորոշումներին և խաղաղության օրակարգին:

Անկախ նրանից, որ նրանք ՔՊ-ից հեռացվել ու վարկաբեկվել են, համարվել քաղաքական դավաճան, նրանք չպետք է հերոսացվեն, հատկապես, երբ նրանք մինչև հիմա ստորագրել են Փաշինյանի հակաարցախյան, ՀՀ անվտանգությունից չբխող հայտարարությունների տակ:

Ի դեպ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հենց սրա մասին է գրել ֆեյսբուքյան իր էջում և խորհրդանշական համարել այն, որ Նիկոլ Փաշինյանը և «ՔՊ-ն մինչև վերջ վարկաբեկում և իր խմբակցությունից դուրս է շպրտում այն անձանց, ովքեր սրանից դեռ մի քանի ամիս առաջ լծված էին իշխող ուժի ամենաայլանդակ քարոզչության իրացմանը»:

«Արցախի հանձնումից մինչև Հայաստանի տարբեր հատվածների նկատմամբ ադրբեջանական օկուպացիան, հանձնողականությունն ու պարտվողականությունն արդարացնող, իշխանության հանցավոր անգործությունն ամենաստոր, ճղճիմ ձևով պաշտպանողներն այլևս պետք չեն, որովհետև ինչպես հարկն է՝ օգտագործվել-մաշեցվել են:

Կարդացեք նաև

Իսկ մարդկային առումով նրանք Փաշինյանի համար ոչինչ են, 0 արժեք ներկայացնող ֆիգուրներ:

Այն, ինչ տեղի ունեցավ վերոնշյալ ՔՊ-ական պատգամավորների հետ, մեկ այլ փուլում դրսևորվելու է այլոց նկատմամբ: Ինչպես մարդամեկն էր ասում` ոչ մեկ չի պլստալու»,- գրել է Աբրահամյանը:

Այս համատեքստում հիշեցնենք, որ դեռ 2023 թվականի տարեվերջին էր Նիկոլ Փաշինյանը զգուշացնում իր կուսակիցներին, որ նման զարգացումներ են լինելու:

Մասնավորապես, 168.am-ը «Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքները և ՔՊ ներսում «5-րդ շարասյան» փետրվարյան փնտրտուքը» վերտառությամբ հոդվածում գրել էր, որ 2023 թվականի դեկտեմբերի 9-ին Իջևանում Փաշինյանը հստակ հայտարարել էր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարները չկրող մարդիկ 2024-ից դուրս կգան կուսակցությունից:

«Այդ պրոցեսի որոշ դրսևորումներ դուք հաստատ կտեսնեք 2024-ին: Մեզ համար խնդիր է, որ առավելագույնն անենք, որպեսզի կուսակցությունում մնան այնպիսի մարդիկ, որոնք հստակ հասկանում են, թե ինչի համար ենք հավաքվել, և այդ ըմբռնումը նրանց համար ընդունելի է գաղափարապես և անկեղծորեն։ Մենք պետք է հստակ միջոցներ ձեռնարկենք այս տարբերակումն անելու համար, և նրանք, որոնք այս ըմբռնումը լիարժեք չունեն, մենք ընկերաբար, անկեղծորեն, առնվազն սկզբնական շրջանում առանց կուսակցության վարչական լծակներ գործադրելու՝ պետք է ուղղակի խնդրենք դիմում գրել և կուսակցությունից դուրս գալ: Մենք կաշխատենք այս ուղղությամբ, բայց գործնական պրոցեսը 2024 թվականի փետրվարից կսկսենք: Իսկ մեր առաքելությունը Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը, ժողովրդավարությունը ամրացնելն է կամ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատելը՝ որպես ինքնիշխան, անկախ, ժողովրդավար և ազատ իրավական պետություն»,- շեշտել էր Փաշինյանը:

Մենք մեր հոդվածում հարցադրումներ էինք հնչեցրել՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ում «դավաճանների կամ 5-րդ շարասյան» փնտրտուք է սկսելու, որովհետև կան մարդիկ, որոնք միայն հանուն իշխանության, բարեկեցիկ կյանքի են անդամագրվել, բայց կան նաև այնպիսիք, որոնք գուցե չեն կիսում Փաշինյանի խաղաղության օրակարգը, կամ դրա հետ կապված մտավախություններ ու հարցեր ունեն: Այսինքն, գտնում են, որ Նիկոլ Փաշինյանն անվտանգային սահման է հատում, և ՀՀ-ն բնավ էլ ինքնիշխան չի լինելու խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո:

Ի դեպ, Իջևանում վերը նշված կուսակցական հավաքի ժամանակ Փաշինյանը, ըստ էության, «գցել» էր իր կուսակիցներին 2023 թվականի սեպտեմբերի Արցախի հայաթափման հարցի համատեքստում, որոնք ակտիվ հարցազրույցներ էին տալիս, թե Արցախի վերջին իշխանություններն են միայն, որ 7-10 օրում Արցախի պետական ինստիտուտները տարել են լուծարման:

«Կարող եմ հիմա ավելի ազատ խոսել, ցավոք, ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձություններից հետո: Երբ որ թեկուզ ասում են, որ ԼՂ այդ պահին գործող իշխանությունները լուծարեցին ԼՂ-ն, իրականում այս գործընթացն անխուսափելի էր դարձել 2016-ի օգոստոսին բանակցային գործընթացում տեղի ունեցած բովանդակային փոփոխությունների արդյունքում»,- հայտարարել էր Փաշինյանը:

Այսինքն, ըստ նրա, Արցախում պետական հաստատված կարգի լուծարումը և զրոյացումն անխուսափելի էր:

Մի կողմ թողնենք դրա՝ իրականության հետ կապ ունենալ-չունենալու հարցը, այստեղ ակնհայտ դարձավ, որ Փաշինյանը կարող է իր կուսակիցներին հրահանգ տալ և այն կատարելուց հետո նրանց դնել վատ դրության մեջ:

Սպասենք քաղաքական նոր «դավաճանությունների», հատկապես, երբ Աննա Հակոբյան-Նիկոլ Փաշինյան զույգը մտել է նախընտրական փուլ, ընդ որում՝ առանձին-առանձին և իրար դեմ.  Փաշինյանի վերջին օրերի հասարակության հետ սոցցանցային ուղիղ շփումները մի տեսակ ստվերում են Աննա Հակոբյանի՝ «Կրթվելը նորաձև է» քաղաքական-հասարակական արշավը:

Տեսանյութեր

Լրահոս