Թքելու ժամը
Աշխարհը` Մերձավոր Արևելքը, Սիրիան, մասնավորապես Հալեպը, պատերազմի մեջ է, այսօր հայտնի դարձավ, որ դիպուկահարի կրակոցից նաև հայ համայնքի ներկայացուցիչ մեր հայրենակիցն է զոհվել, Վրաստանում արտաքին ուժերի միջամտությամբ ներքաղաքական լարված իրավիճակ է, Հարավային Կովկասը հնարավոր բռնկումների շեմին է, ամեն օր պատերազմի, նոր ագրեսիայի, տնտեսական-սոցիալական ճգնաժամի մեջ ապրող Հայաստանի դե ֆակտող ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքը ՀՀ հպարտ քաղաքացիների վճարած հարկերի հաշվին չտեսի պես կյանք է վայելում:
Այս ընտանիքի հիմնական խոսույթը կամ ցուցադրածը, բացի հակահայկական, թշնամու օրակարգը սպասարկող հայտարարություններից և գործողություններից, ուտելիքն ու հագուստեղենն է:
Ու սրանք թքած ունեն, որ հազարավոր երեխաներ աղքատության մեջ են, որ չորս պատի, օրվա հացի, հագուստի, առօրյայի փոքրիկ ուրախություններից օգտվելու խնդիր ունեն:
Այս ընտանիքի բերած աղետներից հերթականը Տավուշում էր` Ադրբեջանի պահանջները բավարարելուց, տարածքներ, տներ, սրբավայրեր հանձնելուց հետո գնացել էր դպրոցի բացմանը մասնակցելու: Ադրբեջանից մի քանի մետր այն կողմ, թշնամու ուղիղ թքի տակ գտնվող Կիրանցի դպրոցի աշակերտները այս ցուրտ օրերին դասերին մասնակցում են ձմեռային վերնահագուստներով` վերարկու-բաճկոններով, որովհետև ջեռուցում չկա…
44-օրյա պատերազմը ծրագրավորված նվաստացուցիչ պարտության տարած, Էրդողանի և Ալիևի անքննելի հերոսներ Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգը թքած ունի, որ իրենց գործողությունների հետևանքով որբացած հազարավոր մանուկներ Ամանորին ընդառաջ Ձմեռ պապիկին նամակներ են գրում` պատմելով իրենց հայրիկների կարոտի մասին…
Սրանք թքած ունեն այն 150.000 արցախահայերի վրա, որոնք իրենց պատճառով Արցախ են կորցրել, անտուն, անզավակ, որբ են մնացել…
Սրանք թքած ունեն Բաքվի բանտերում գտնվող հայ ռազմագերիների վրա, մի քանի հարյուր անհետ կորածների վրա…
Այսօր առավոտյան այս աղետաբեր ընտանիքի ամուսինը մի քանի տասնյակ թիկնապահներով ու ուղեկցող ավտոշարասյունով, ծանր մարմինը քարշ տալով, հևալով դարձյալ հեծանիվ էր քշում, կինը տոլմա փաթաթում կչկչոցով, օրվա մյուս հատվածում նույն ամուսինը ձև էր անում, թե տգիտությունից ձերբազատվում է` կրթվում է, այնուհետև կինոդիտում էին կազմակերպել…
Ինչպես փնթի էին մինչև 2018-ի հեղափոխություն կոչվածից առաջ իրենց 3-րդ մասի` վատ «պադյեզդ» հիշեցնող բնակարանում, նույն փնթին էլ մնացել են: Փաշինյանը կոշիկներով սպիտակ բազմոցին պառկած, կինը ու աղջիկները հատակին նստած` կինո են նայում, վիդեո անում, տարածում. «Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ընտանեկան դիտում»,-գրել է Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում:
Շատ թափանցիկ են, շատ, շուտով պետքարանից էլ տեսանյութեր կտարածեն…
Հարցն այն է` ում համար են ցուցադրում այս որկրամոլության, քաղքենիության տեսարանները, ինչի վրա են զարմացած, ում` ինչ են ուզում ցույց տալ. ՀՀ քաղաքացիների 90 տոկոսը այլևս շատ լավ պատկերացնում է` ինչքան է կոռուպցիան աճել երկրում, ում գրպաններն ու բանկային հաշիվներն են լցվում քաղաքացիների վճարած հարկերը, պետական բյուջեն ինչպես են թալանում և սեփական գրպանի պես օգտագործում` արտասահմաններում անշարժ գույքեր, բիզնեսներ, այլ ունեցվածք ձեռք բերելով, պետական փողերի հաշվին վոյաժներ, թանկարժեք գնումներ անելով…
Այո, սրանք թքած ունեն հայ ժողովրդի անցյալի ձեռքբերումների ու ներկայիս կորուստների, ցավի վրա, սրբությունների, առհասարակ հայկական ամեն ինչի վրա: Ու սա պարզ էր 2018-ի հեղափոխություն կոչված արհավիրքի հենց առաջին օրից, երբ ցուցադրեցին իրենց սրբապղծությունը` բեմ բարձրացնելով 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկին… Վեց տարի շարունակ սրանք կեղծում են, ստում, լափում, թալանում, Արցախը հանձնում, կյանքեր խլում, երկիրը թշնամուն նվիրում, հազարավոր ընտանիքների լույս մարում…
Մեզ այս ամենում այլ բան է հետաքրքիր. հայ ժողովուրդ, դու, դու ե՞րբ ես թքելու նրանց ուղղությամբ ու նետելու նրանց պատմության աղբանոցը: Դավաճանների նշանակության իրական վայրը:
ԱՍՏՂԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ