Կադրերը չեն որոշում ոչինչ․ Կառավարության հույսը պարտքի ավելացումն է

Նիկոլ Փաշինյանի հայտնի sms-ային պաշտոնազրկումներից հետո, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանով փոխարինելով՝ բյուջեի խնդիրներն ամենևին էլ չեն պակասելու։ Գուցե և ավելի սրվեն։ Որքան էլ ՊԵԿ նոր նախագահը ֆինանսների նախարարությունում համակարգել է բյուջեի եկամուտների հաշվարկման բլոկը, դա հիմք չէ, որ նա կարողանալու է իրավիճակը շտկել։

Առավել ևս, որ այդ իրավիճակի առաջացման գործում պակաս դեր չի ունեցել ֆինանսների նախարարությունն ու հատկապես Էդուարդ Հակոբյանը։

ՊԵԿ նախկին նախագահը հենց ֆինանսների նախարարությանն էր մեղադրում, որ իրենց չի հաջողվում հավաքել նախատեսված եկամուտները. Ֆիննախում չեն կարողացել պատշաճ գնահատել սպասվող տնտեսական զարգացումներն ու դրանց հիման վրա հաշվարկել հարկերը։ Ուռճացված թվեր են գրել, բարձր եկամուտներ են պլանավորել, ինչի հետևանքով եկամուտների մեծ ճեղք է առաջացել։ Վտանգի տակ են հայտնվել ծախսերը։

Այս իրավիճակում բյուջեի պլանավորված ծախսերը կատարելու համար կառավարությունը երկու ճանապարհ ունի՝ կրճատել ծախսերը կամ հավելյալ պարտքեր վերցնել դրանք կատարելու համար։ Երկու դեպքում էլ տարբերությունը մեծ չի լինելու։ Ծախսերը կրճատելու պարագայում՝ տապալվելու են նախատեսված ծրագրերը, նոր պարտքեր վերցնելու պարագայում՝ պետության պարտքային բեռն է ավելանալու։

Կարդացեք նաև

Երկուսն էլ խնդիր է, որն առաջացել է կառավարության փնթի աշխատանքի պատճառով։

Նախ՝ որ եկամուտները ճիշտ չեն պլանավորել, և երկրորդ՝ պլանավորված եկամուտները չեն կարողացել ամբողջությամբ հավաքել։ Արդյունքում կանգնել են երկընտրանքի առաջ։ Ստիպված տարեսկզբից արհեստական դանդաղեցնում էին ծրագրերի կատարման ընթացքը, որպեսզի վերջում արդարանան՝ խնդիրը ոչ թե բյուջեի եկամուտների, այլ ծախսերի ցածր կատարողականն է։

Մյուս կողմից՝ եկամուտների ճեղքը հնարավորինս կրճատելու համար, տևական ժամանակ է, ինչ աջ ու ձախ ահաբեկում են հերոս հռչակված հարկատուներին, տուգանքներ են գրում տնտեսվարողների վրա։ Սրանով էլ չեն բավարարվում՝ ստիպում են հրաժարվել հասանելիք գումարներից։ Քրեական գործեր են հարուցում ու վախեցնելով՝ պարտադրում ձեռք քաշել բյուջե վճարած հետվերադարձի գումարներից։ Հաճախ նույնիսկ գործեր էլ չեն հարուցում՝ բավարարվում են սպառնալիքներով։

Գլուխները ցավի տակ չդնելու, անհարկի քաքշոցների մեջ չհայտնվելու, չթիրախավորվելու համար՝ շատերը ենթարկվում են այդ սպառնալիքներին, ուղղակի հրաժարվում են իրենց հասանելիք գումարներից։ Լավ հասկանում են, որ ներկայացված պահանջներին չենթարկվելու դեպքում՝ հետո ստիպված են լինելու ավելի բարձր գին վճարել։

Կարող են հայտնվել թիրախի տակ, ենթարկվել մշտադիտարկումների, ներքաշվել քրեական պրոցեսների մեջ։ Կարող են ամիսներով ու տարիներով տանել-բերել, խոչընդոտել ու խնդիրներ ստեղծել իրենց տնտեսական գործունեության համար։

Դրա համար էլ շատերը նույնիսկ չեն փորձում վիճարկել ներկայացված պահանջները՝ գերադասում են վճարել ու գլուխներն ազատել։

Իսկ ովքեր փորձում են ընդդիմանալ ու ինքնակամ չեն վճարում՝ կորցնում են քունն ու հանգիստը։

Հարկատուների նկատմամբ ճնշումները համատարած են, երբեմն՝ ակնհայտ քաղաքական։

Նույնիսկ քաղաքացիական դիրքորոշում հայտնելու ցանկացած փորձ անհետևանք չի մնում, անմիջապես հայտնվում են հարկային տեսուչներն ու ահաբեկում հարկատուներին, հարկերը թաքցնելու մեղադրանքներ ներկայացնում, խոչընդոտներ ստեղծում նրանց տնտեսական գործունեության համար, առգրավում աշխատանքի համար կարևոր փաստաթղթեր ու տեխնիկական միջոցներ, տանում ամիսներով պահում են։

Հիշենք GG ընկերության սեփականատիրոջ օրինակը. Սեփական դիրքորոշումը քաղաքական պրոցեսների վերաբերյալ հանրայնացնելու, սոցիալական էջում կարծիք հայտնելու համար՝ անմիջապես հարձակվեցին ընկերության վրա, հարկերը թաքցնելու մեղադրանք ներկայացրեցին, առգրավեցին համակարգիչները, անձնական հեռախոսները, տևական խոչընդոտներ ստեղծեցին ընկերության բնականոն գործունեության համար։ Անցել են ամիսներ՝ հայտնի էլ չէ, թե ի վերջո ի՞նչ պարզվեց։ Մինչև հիմա էլ առգրավված տեխնիկան հետ չեն վերադարձրել։

Այսպես առկախելով ու ձգձգելով՝ հարկատուներին անընդհատ վախի մթնոլորտում են պահում։

Նման բացահայտված կամ չբացահայտված դեպքեր շատ կան։ Վերջերս այդպիսի մի օրինակ էլ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, հանրայնացրեց քպ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ սեփական որդու բիզնես գործունեության հետ կապված։ Մեղադրեց Քննչական կոմիտեին՝ տարբեր միջոցներով տնտեսվարողների վրա ճնշում գործադրելու, օրենքով սահմանված ԱԱՀ վերադարձի իրավունքից զրկելու մեջ։

Որ ՊԵԿ-ն ու Քննչական կոմիտեն դարձել են գործիք՝ հարկատուներին ճնշելու համար, նորություն չէ։ Բայց վերջին շրջանում, երբ բյուջեի եկամուտների չհավաքագրման հետ կապված խնդիրները սրվել են, այդ ճնշումներն ավելի են ահագնացել։ Կարճաժամկետ խնդիրներ լուծելու համար՝ տնտեսությունը կազմաքանդում են։ Մի կողմից՝ այսպիսի միջոցներով ու մեթոդներով են ճնշում, մյուս կողմից՝ հարկային բեռն են ավելացնում ու խեղդում տնտեսությունը։ Դրա համար էլ ընդլայնվելու փոխարեն՝ տնտեսությունը սեղմվում է ու փոքրանում, մի մասն էլ պարզապես դուրս է մղվում։

Այս առումով առաջիկայում ծանր ժամանակներ են սպասվում հատկապես փոքր բիզնեսին։ Հունվարի 1-ից, երբ նրանց հարկային բեռը կտրուկ ավելանա, շատերը կանգնելու են գործունեությունը շարունակելու փաստի առաջ։ Չեն դիմանալու մրցակցությանն ու պարզապես դուրս են մնալու։ Ստացվելու է այնպես, որ բյուջեի կարճաժամկետ խնդիրները լուծելու համար՝ տուժելու է տնտեսությունը, բիզնեսներ են փակվելու։ Ու ինչպես միշտ, կառավարության հույսը մնալու է պարտքը։

Բոլորովին զարմանալի չէ, որ հաջորդ տարի էլ պատրաստվում են մեծ քանակությամբ պարտքեր վերցնել՝ բյուջետային ծախսերը կատարելու համար։

Ֆինանսների նախարարության կանխատեսումներով, այս տարվա վերջին կառավարության պարտքը կհասնի 12 մլրդ 644 մլն դոլարի, արդեն հաջորդ տարվա վերջին ընդհուպ կմոտենա 14 միլիարդին։  Պարտքերի ակտիվ ավելացման ու տնտեսության դանդաղ աճի հետևանքով իշխանությունների թեթև ձեռքով կհայտնվենք պարտքային ցնցումների մեջ՝ ստիպված լինելով կրկին անցնել բյուջեի ճգնաժամային կառավարման։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս