Ընդդիմության մեջ կան ԱՄՆ դեսպանատնից ցուցումներ ստացող լրտեսներ և ագենտներ. պետք է մաքրել նրանց. Տիգրան Քոչարյան

Վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց հետո Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսին մինչև 2028 թվականը Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններին չի մասնակցի։

Նրա խոսքով՝ Թբիլիսիի համար «բացարձակապես անընդունելի է Եվրամիությանն ինտեգրումը դիտարկել՝ որպես ողորմություն, որը Եվրամիությունը պետք է տա մեզ»։ Այս հայտարարությունից հետո Վրաստանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ կազմակերպվեցին:

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն այն կարծիքին է, որ Վրաստանը բռնել է փրկության ճանապարհը:

«Եթե Վրաստանը շարունակի կամ փորձի կատարել հավաքական Արևմուտքի պահանջները, ապա ստիպված կլինի մտնել ուղիղ առճակատման ՌԴ-ի հետ»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Կարդացեք նաև

«Արևմուտքը փորձում է պայթեցնել բոլոր հնարավոր օջախները և ստեղծել գլխացավանք Ռուսաստանի համար: Այսինքն՝ փորձում են մոտ բերել այնպիսի իրավիճակի, որ հունվարի 30-ից հետո, նույնիսկ, եթե Թրամփը ցանկություն ունենա, ստիպված անի այն քայլերը, որոնք պահանջում են ԱՄՆ խորքային պետության շահերը»,- նշեց նա:

Նրա դիտարկմամբ՝ ի տարբերություն Վրաստանի՝ Հայաստանը հակառակ ճանապարհն է բռնել.

«Այն, ինչ անում են ՀՀ իշխանությունները, ամբողջապես հակառակ տրամաբանությունն է: Հայաստանը գնում է թրքացման: Հայաստանի անվտանգությունը, տնտեսությունը, ամեն ինչ կախված է լինելու Թուրքիայից և Թուրքիայի փոքր եղբայր Ադրբեջանից: Հայաստանի իշխանությունների կողմից Հայաստանը զրկվում է բոլոր պետականաստեղծ, պետականապահպան կառույցներից, գաղափարներից, գնում է տոտալ թուրքացում: Շատերն ասում են՝ Փաշինյանն արևմտամետ կամ ռուսամետ է, բայց ոչ, Փաշինյանը կատարում է թուրքական կուսակցության, որն ինքը գլխավորում է, պահանջները»:

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, նա նշեց, որ եթե ընդդիմության մի մասը դավանում է նույն արժեքներն ու սկզբունքները, որն ունի Նիկոլ Փաշինյանը, դա ընդդիմություն չէ.

«Եթե ընդդիմության մի մասը պարում է Արևմուտքի դուդուկի տակ, որի դուդուկի տակ պարում է Նիկոլ Փաշինյանը, դա ընդդիմություն չէ: Եթե երկու կառույց՝ ընդդիմադիր և իշխանական, նույն առաջադրանքն են կատարում, դա առնվազն ընդդիմադիր չէ: Եթե պատկերացումները հակառուսական և պրոթուրքական են, դա ընդդիմություն չէ: Ես ընդդիմություն չեմ համարում այն մարդկանց, ովքեր սպասարկում են գլոբալ Արևմուտքի և իրենց դրածո Թուրքիայի շահերը: Դրա համար այդ շարժումները, որ սկսվում են, ինչ-որ պահի մասնատվում են, որովհետև Արևմուտքին ձեռք է տալիս այստեղ ունենալ Նիկոլ Փաշինյան: Սրբազան շարժման առաջնորդին, Դիմադրության շարժման ժողովրդին բազմիցս ասել եմ՝ չեք կարող պայքարել Փաշինյանի դեմ այն մեթոդներով, որոնցով նա պայքարել է ձեր դեմ, որովհետև Փաշինյանն ունի Արևմտյան տանիքը: Ընդդիմությունը պետք է իր միջից մաքրի լրտեսներին և ագենտներին, մոլորյալներին, որոնք ամենաթեժ պահին ԱՄՆ դեսպանատնից ցուցում են ստանում և սկսում պառակտել շարժումը»:

Տիգրան Քոչարյանը հրաժարվեց անուններ տալ. «Անուններ տալու կարիք չկա, կարող եք նայել, տեսնել՝ ով ինչով է զբաղված, որ պահին ով է ճաքեցնում ընդդիմադիր շարժումը: Շատ ակնհայտ է այդ ամենը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս