Բաժիններ՝

Կիպրոսի վարչապետը հաստատել է, որ երկիրը մտադիր է անդամակցել ՆԱՏՕ-ին

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը հաստատել է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու՝ իր երկրի մտադրությունը։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։

Նոյեմբերի 28-ին նա լրագրողներին ասել է, որ Նիկոսիան Վաշինգտոնի հետ բանակցություններ է վարում դաշինքին անդամակցելու ուղիների շուրջ։ Խրիստոդուլիդիսի խոսքով՝ այն փաստը, որ Կիպրոսի Հանրապետությունը չի կարող ՆԱՏՕ-ի անդամ պետություն դառնալ Թուրքիայի առարկությունների պատճառով, երկրի բանակին զրկում է ինչպես արդիականացման, այնպես էլ ռազմական տեխնիկայի ձեռքբերման բազմաթիվ հնարավորություններից։ Խրիստոդուլիդիսը նշել է, որ Կիպրոսն ԱՄՆ-ի հետ քննարկում է Հյուսիսատլանտյան դաշինքին հանրապետության անդամակցության երեք առաջարկվող մակարդակներ։

Նիկոս Խրիստոդուլիդիսը նշել է, որ Կիպրոսի զսպող կարողությունների ամրապնդումն առաջնահերթ նշանակություն ունի. երկիրը հնարավորություններ է փնտրում ինչպես ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի, այնպես էլ ԵՄ-ի պաշտպանական ծրագրերի միջոցով, որոնց կղզին մասնակցում է։ Խրիստոդուլիդիսը Կիպրոսի հիմնական առավելությունը համարել է կղզու աշխարհագրական դիրքը «առանձնահատուկ աշխարհառազմավարական նշանակություն ունեցող տարածքում»:

Նա նաև հաստատել է, որ կղզու ռազմածովային և ռազմաօդային բազաների արդիականացման որոշումներն արդեն ընդունվել են, և որ Կիպրոսը ԵՄ-ի հետ քննարկումներ է անցկացնում ռազմածովային, իսկ ԱՄՆ-ի հետ՝ ռազմաօդային օբյեկտների շուրջ։

ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավոր հայտի ժամկետների մասին հարցին նախագահը պատասխանել է. «Որքան քիչ խոսենք այդ մասին, այնքան ավելի մոտ կլինենք մեր նպատակին»:

Կիպրոսի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է կարևոր նախադեպ դառնալ: Ըստ դաշինքի կանոնների՝ չլուծված տարածքային խնդիրներ ունեցող պետությունը չի կարող ընդգրկվել դրա կազմում։ Կիպրոսի Հանրապետությունը վերահսկում է համանուն կղզու շուրջ 60%-ը, որի մնացած տարածքին տիրում է չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս