Նախկինի դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանի նոր նախկին կադրը. ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ու նրա ընտանիքի հայտարարագիրը

2013 թվականից սկսած Ֆինանսների նախարարությունում կրտսեր պաշտոններից մինչև փոխնախարարի պաշտոնի հասած Էդուարդ Հակոբյանն այսօր նշանակվեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ։

Նախկիններից ավելի նախկին այս պաշտոնյայի նշանակման մասին նախկինների դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց իր հեղափոխական աշխատանքային գործիքով՝ Ֆեյսբուքով։

Կարճ ծանուցում՝ նոր պաշտոն ստանձնած հին պաշտոնյայի մասին

Նախ, առավել քան խորհրդանշական է հանգամանքը, որ պարտքային բեռն օրեցօր ավելացնող կառավարության թիմակցի՝ նորանշանակ ՊԵԿ նախագահի ատենախոսության թեման եղել է «Պետության պարտքային քաղաքականության ազդեցությունը տնտեսական աճի վրա»։ Ասել է թե՝ գործող իշխանության օրոք այս թեման երբեք չի կորցնի իր արդիականությունը։

Կարդացեք նաև

Ի՞նչ են հայտարարագրել հին ու նոր պաշտոնյան ու նրա տիկինը

Էդուարդ Հակոբյանի՝ 2024 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2023թ. տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա Երևանում բնակարան և ավտոտնակ է ձեռք բերել 2020 թվականի հուլիսին և դրանք տնօրինում է համատեղ սեփականության իրավունքով։

Պաշտոնյայի տիկինը՝ Անուշ Միքայելյանը, բացի ամուսնու մատնանշած համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքից, հայտարարագրել է նաև 2016 թվականին գնված ու միայնակ տնօրինվող բնակարան մայրաքաղաքում։

Էդուարդ Հակոբյանի հայտարարագրում իր կողմից տվյալ տարվա ընթացքում 90 օրից ավելի փաստացի տիրապետվող տրանսպորտի միջոց է նշվել 2012 թվականի արտադրության «Տոյոտա» մակնիշի մեքենան, որի մասին այլ տեղեկությունները՝  հայտարարատուի և սեփականատիրոջ միջև առկա կապի բնույթը, նույնականացման համարը, հայտարարագրում սահմանափակված են։

2012 թվականի արտադրության «Տոյոտայի» մասին տեղեկություն առկա է նաև Անուշ Միքայելյանի հայտարարագրում՝ արձանագրմամբ, որ այն գնվել է 2019 թվականին։

Ֆինանսների նախարարի նախկին տեղակալի բանկային հաշիվների մնացորդները 2 բանկերում տարեսկզբին կազմել են 45 դոլար և 2 միլիոն 092.910 դրամ, իսկ տարեվերջին դոլարային հաշվի մնացորդը զրոյացվել է և փոխարենը՝ կրկնապատկվել է դրամական մնացորդը՝ կազմելով 4 միլիոն 310 332 դրամ։

Էդուարդ Հակոբյանի կանխիկ միջոցներն էլ 2023 թվականի սկզբում կազմել ենն 4,5 միլիոն դրամ, իսկ տարեվերջին՝ 4 միլիոն։ Պաշտոնյայի հաշվետու տարվա 19 միլիոն 987.276 դրամ եկամուտը գոյացել է Ֆինանսների նախարարությունից ստացած 19.933.032  դրամ աշխատավարձից, Ֆիննախից և Տնտեսագիտական համալսարանից քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված 22.058 դրամ և 3000 դրամ եկամտից, «Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ից ստացած 29.186 դրամ ապահովագրական հատուցումներից։ Ի դեպ, Հակոբյանի կինն աշխատում է այս ՍՊԸ-ում։

Նորանշանակ ՊԵԿ նախագահը տարեկան հայտարարագրում տեղեկացրել է 2 վարկերի մասին, և երկուսի դեպքում էլ հիփոթեքի առարկա է մատնանշել բնակարանը։ Վարկի մայր գումարի մնացորդի չափը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 41.337.988.8 դրամ։ 2023 թվականի ընթացքում նա վարկի մարմանն է ուղղել 5.452.539.8 դրամ։

Պաշտոնյան հայտարարագրում նաև տեղեկացրել է առևտրային կազմակերպություններին առնչության մասին՝ ի մասնավորի, Էջմիածնի Սարքաշինական գործարան ՓԲԸ-ում իր կամ ընտանիքի անդամի կողմից տնօրինվող բաժնետոմսերի մասին։

Էդուարդ Հակոբյանի տիկինն էլ իր հերթին նշել է 2015 թվականին իր հորից՝ Սարմեն Միքայելյանից, իբրև ժառանգություն ստացած 1.097.750 դրամ արժողությամբ բաժնետոմսերի մասին։

Պաշտոնյայի տիկինը հայտարարագրել է նաև ուշագրավ դրամական միջոցներ, ավանդներ և բանկային հաշիվների մնացորդներ։

Այսպիսով, 2023 թվականի տարեվերջին 3 բանկերում Անուշ Միքայելյանի բանկային ավանդները կազմել են շուրջ 18.000 դոլար, բանկային հաշիվների մնացորդները 4 բանկերում՝ շուրջ 2 միլիոն 235.000 դրամ, 610 դոլար և 93 եվրո, հաշվետու տարվա սկզբի 1,5 միլիոն դրամ կանխիկ միջոցներն էլ տարեվերջին աճել են՝ կազմելով 2 միլիոն 800.000 դրամ։

Էդուարդ Հակոբյանի տիկնոջ հաշվետու տարվա՝ 8 միլիոն 703.511 դրամ եկամուտները գոյացել են «Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ից և Տնտեսագիտական համալսարանից ստացած 6.503.131 դրամ և  371.364 դրամ աշխատավարձերից, նույն համալսարանի քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտից՝ 302.000 դրամի չափով, Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամից ստացած 92.288 դրամ աշխատավարձից և Էջմիածնի Սարքաշինական Գործարան ՓԲԸ-ից ստացած 1.434.728 դրամ շահաբաժնից։

Պաշտոնյայի տիկնոջ վարկի մայր գումարի մնացորդի չափը երկու բանկերում տարեվերջին կազմել է ընդհանուր առմամբ 31.671.725 դրամ, իսկ հաշվետու տարում նա վարկի մարմանն ուղղել է 2 միլիոն 556.000 դրամ։

Ի դեպ, ըստ մեզ հասած տեղեկությունների, Էդուարդ Հակոբյանի տիկինը՝ Անուշ Միքայելյանը, 2018 թվականի թավշյա իրողությունների ակտիվ մասնակից է եղել և մայիսի 8-ին էլ նշել է «սպասված հաղթանակը»։ Իսկ հաղթանակն իսկապես նրանց համար չի ուշացել՝ հաշվի առնելով իրենց ընտանիքի տարեցտարի բարելավվող վիճակը։

Հիշեցնենք՝ 2018–2022թթ. Էդուարդ Հակոբյանը Ֆիննախի Մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետն էր, 2022թ. դեկտեմբերից մինչ ՊԵԿ նախագահի պաշտոնը ստանձնելը  եղել է ֆինանսների նախարարի տեղակալ։

Տեսանյութեր

Լրահոս