Էներգետի՞կ, թե՞ քաղաքական տարաձայնություններ կան Թուրքիայի և Ադրբեջանի միջև. Ադրբեջանը փորձում է հավասարակշռել Թուրքիայի ազդեցությունը
«Գեղարդ» հիմնադրամն օրերս ծավալուն հոդված է հրապարակել, որտեղ մատնանշում է Թուրքիայի ու Ադրբեջանի միջև եղած էներգետիկ տարաձայնությունները, որը, ըստ հիմնադրամի՝ ավելի է խորացել 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո։
«Եվրոպայում ադրբեջանական գազի նկատմամբ հետաքրքրությունը սկսեց մեծանալ, երբ 2020 թվականի վերջին շահագործման հանձնվեց Տրանսադրիատիկ գազատարը (TAP)։ Արդյունքում՝ սկսվեցին գազի ուղիղ մատակարարումները դեպի Եվրոպա՝ մեծացնելով Ադրբեջանի քաղաքական կշիռը։ Եթե մինչև 44-օրյա պատերազմն Ադրբեջանն էներգետիկ ռեսուրսները ծառայեցնում էր իր օգտին՝ Արցախի խնդրի լուծման համար, ապա այժմ հարցը լուծված է համարում և փորձում է այդ ռեսուրսներն օգտագործել՝ իր դիրքերն ամրապնդելու և էներգետիկ այլ նախագծեր ֆինանսավորելու համար: Նա ձգտում է մեծացնել նաև Թուրքիա արտահանվող գազից ստացվող եկամուտները, հատկապես՝ Հարավային գազային միջանցքով՝ անմիջապես Եվրոպա գազ մատակարարելու շնորհիվ: 2021 թվականին երկու երկրների միջև որոշակի լարվածություն առաջացավ TANAP խողովակաշարի և գազային այլ համաձայնագրերի գնագոյացման շուրջ: Այդ թվականին պետք է երկարացվեր TANAP-ի՝ քսան տարի տևած պայմանագիրը, սակայն կողմերը շուրջ մեկ տարի համաձայնության չէին գալիս գնագոյացման հարցում»,- ասված է հոդվածում:
Էներգետիկ ոլորտում թուրք-ադրբեջանական տարաձայնությունները որքա՞ն կարող են խորանալ և ի՞նչ զարգացում կարող է լինել։
ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ պետք է իրականությունը ճիշտ հասկանալ՝ ռազմավարական առումով թուրք-ադրբեջանական հարաբերություններում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։
«Թուրքիան Ադրբեջանի ավագ եղբայրն է՝ երկու պետություն, մեկ ժողովուրդ հայտնի բանաձևը կա և գործում է։ Տարաձայնությունները կապված են զուտ ֆինանսական խնդիրների հետ։
Օրինակ, տարաձայնություններ եղել են հետևյալ խնդրում, որ ադրբեջանական գազը Թուրքիա-Բաքու-Էրզրում գազատարով հասնում է մինչև Էրզրում, որտեղ Թուրքիան գնում է ադրբեջանական գազը։ Այնուհետև իր գազատարներով դա բերում-հասցնում է Եվրոպա և այնտեղ վաճառում։ Խոսքը վերաբերում է նրան, որ ժամանակ առ ժամանակ Ադրբեջանը բարձրացնում է գազի գինը, ինչը Թուրքիայի սրտով չէ, բանակցություններ են լինում, հետո ինչ-որ գնի շուրջ համաձայնության են գալիս։ Ամբողջ խոսքը սրա մասին է, որևէ լուրջ բան չկա»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։
էներգետիկ ոլորտի փորձագետ, միջազգայնագետ Արմեն Մանվելյանը համոզված է՝ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև որոշակի տարաձայնություններ կարող են լինել միայն քաղաքական, այլ ոչ թե տնտեսական ոլորտում։
«Ես չգիտեմ, որ այս երկու երկրների միջև էներգետիկ ոլորտում լարվածություն կա, որովհետև Ադրբեջանը խորքային առումով կախվածություն ունի Թուրքիայից, քանի որ Թուրքիան նրա էներգետիկ ռեսուրսների ամենամեծ սպառողն է։ Ադրբեջանն իր արտահանող ռեսուրների 30-40 տոկոսը սպառում է հենց Թուրքիայում, որը կարևոր տրանզիտ նշանակություն ունի Ադրբեջանի համար՝ իր նավթի ու գազի առյուծի բաժինը Թուրքիայի տարածքով է դուրս բերվում»,- 168.am-ի հետ նշեց Արմեն Մանվելյանը։
Նրա խոսքով՝ այդ երկու երկրների միջև որոշակի տարաձայնություններ կարող են լինել Իսրայելի հետ կապված, քանի որ Թուրքիան վարում է հակաիսրայելական քաղաքականություն։ Սա այն դեպքում, երբ Ադրբեջանը համարվում է տարածաշրջանում Իսրայելի ամենամեծ դաշնակիցը։
«Հետևաբար՝ էներգետիկ ոլորոտում ավելի շատ Ադրբեջանն է Թուրքիայից կախված, քան հակառակը։ Ադրբեջանն ո՞ւր պետք է ուղարկի իր նավթն ու գազը, Ռուսաստա՞ն, որն ինքն է արտահանող, նույնն էլ Իրանի Իսլամական Հանրապետությունը»,- հավելեց փորձագետը։
Արմեն Մանվելյանը նաև ընդգծեց՝ Ադրբեջանը հիմա էլ է զենք ներմուծում Իսրայելից։
Բացի այդ, Ադրբեջանը կարող է որոշակի պրոռուսական քաղաքականություն վարել՝ պայմանավորված նրանով, որ ուզում է հավասարակշռել Թուրքիայի ազդեցությունը։
«Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանի վրա 44-օրյա պատերազմից հետո շատ է մեծացել՝ թուրքական շուկան Ադրբեջանի նավթի ու գազի համար կրիտիկական նշանակություն ունի»,- եզրափակեց Արմեն Մանվելյանը։