Բաժիններ՝

ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային

Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսական կողմն ամերիկացիներին «Օրեշնիկ»-ի գործարկման մասին նախազգուշացրել է Միջուկային ռիսկի նվազեցման ռուսական ազգային կենտրոնի միջոցով, որը գործում է ավտոմատ կերպով և մշտական կապ է պահպանում Միացյալ Նահանգներում նմանատիպ համակարգի հետ: Նախազգուշացումն ուղարկվել է ավտոմատ ռեժիմով՝ մեկնարկից 30 րոպե առաջ», – ասել է Պեսկովը։

Նոյեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նույն օրը Ռուսաստանը հարված է հասցրել «Օրեշնիկ» հրթիռով Դնեպրի ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրներից մեկին: Սա այս հրթիռի փորձարկումն էր մարտական պայմաններում։ Պուտինի խոսքով, հարձակումը պատասխանն էր այն բանին, որ ուկրաինական զինված ուժերը նոյեմբերի 19-ին և 21-ին կիրառել են արևմտյան արտադրության հեռահար զենքեր (ATACMS և Storm Shadow)՝ Բրյանսկի և Կուրսկի մարզերի ռազմական օբյեկտներին հարվածելու համար։

Հինգշաբթի Պենտագոնը հաստատել է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է միջին հեռահարության նոր «Օրեշնիկ» հրթիռի արձակման պլանների մասին, ասել է գերատեսչության խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհը։

«Միացյալ Նահանգները նախապես ծանուցվել է արձակումից անմիջապես առաջ միջուկային ռիսկի նվազեցման ուղիներով», – լրագրողներին ասել է Սինգհը։

Մինչդեռ Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային և նրա մերձավոր դաշնակիցներին նախապես տեղեկացրել է Ռուսաստանի կողմից միջին հեռահարության հրթիռի առաջիկա արձակման մասին՝ դրան նախապատրաստվելու նպատակով. այս մասին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։

«Վերջին օրերին մենք հայտել ենք Ուկրաինային և մեր ամենամոտ դաշնակիցներին ու գործընկերներին՝ նրանց նախապատրաստելու համար»,- ասել է նա լրագրողներին ճեպազրույցում՝ մեկնաբանելով միջին հեռահարության հրթիռային հարվածը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս