«Բացահայտումներ կլինեն. փակ դռների հետևում եղած խոսակցությունները ջրի երես դուրս կգան». Դավիթ Գալստյան

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն այն կարծիքին է, որ ընտրությունների նախաշեմին Նիկոլ Փաշինյանի վերարտադրելուն են միտված վերջին պաշտոնանկությունները, որպեսզի Փաշինյանը հերթական անգամ մեղավորներ նշանակի, այս անգամ արդեն՝ այն պաշտոնյաներին, որոնց պաշտոնանկ արեց:

«Իմ խորին համոզմամբ, սրանով չեն եզրափակվի պաշտոնանկությունները, կլինեն այլ ոլորտներում պաշտոնանկություններ ևս, հատկապես՝ ֆինանսական: Մեղավորներ նշանակելու քայլ է սա, որ հերթական անգամ արդարանա, թե տեղյակ չի եղել, ճիշտ է՝ պատասխանատու է, բայց ինքը մեղավոր չէ, տեսեք՝ մեղավորներին պատժեցի, այն էլ՝ խնդրանքով»,- 168TV «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ շեշտելով՝ տարբերություն չկա, թե ում կնշանակի Նիկոլ Փաշինյանն այդ պաշտոններին:

«Ձուկը գլխից է հոտում. այդ մարդիկ իրենց պաշտոններում մեծ հաշվով կատարում էին Փաշինյանի հրահանգները»,- շեշտեց նա:

Կարդացեք նաև

Դավիթ Գալստյանը նկատեց՝ Արցախի անկախումից հետո վտանգված է ՀՀ պետականությունը. «Այս իշխանության օրոք իրականությունը ոչ ոք չի իմանալու, բայց ես համոզված եմ, որ իշխանափոխությունից հետո իրական մեղավորները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ: Եթե այսօր կան անձինք, ովքեր մեղավոր են՝ ոչ այս իշխանության մաս կազմող, ապա այդ մարդիկ վաղուց արդեն բանտերում կլինեին ՀՀ-ում: Եթե ես անձամբ մեղավոր եմ, ինչո՞ւ եմ ազատության մեջ: Օրվա իշխանությունն է մեղավոր, իրենք իրենց չեն դատելու: Իրենց ձեռնտու չէ, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվի այստեղ, քանի որ նրանց այն թեզերը, թե Արցախում եղավ պալատական հեղաշրջում, դա է պատճառը, ճնշում գործադրեցին Արայիկ Հարությունյանի վրա, և այլն… Այս թեզերով, այս կեղծիքով են նրանք կերակրում հանրությանը»:

Նա նշեց, որ եթե Արայիկ Հարությունյանը Հայաստանում լինի, չի կարող այս իշխանությունների այն կեղծիքը շարունակել, թե Արցախից իրեն ճնշել են, որ հրաժարական տա. «Եթե նա լիներ ազատության մեջ, ապա մենք՝ արցախյան ընդդիմությունը, իրենից կպահանջեինք, որ… Եվ շատ խոսակցություններ, որ եղել են փակ դռների հետևում, ջրի երես դուրս կգան, և բոլորին պարզ կդառնա, որ այդ ճնշումները ոչ թե ընդդիմության կողմից են եղել, այլ ՀՀ օրվա իշխանության»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս