Արմեն Աշոտյանը կշարունակի գտնվել տնային կալանքի ռեժիմում, բայց կկարողանա տեսնել եղբոր երեխաներին

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է  Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:

Նախորդ դատական նիստին շարունակվեց գործով վկա Անի Ռափյանի հարցաքննությունը, ով այս գործով վկայակոչվել է  որպես հոգաբարձուների խորհրդի նիստի անդամ, «Հերացի» արհեստակցական կազմակերպության քարտուղար, ուսանողական խորհրդարանի նախագահ, ուսանողական աշխատանքների գծով ռեկտորի խորհրդական: Հարցաքննությունը, սակայն, չավարտվեց, և այն կշարունակվի այսօր:

Հաջորդիվ նիստը շարունակվեց դռնբացության ռեժիմով, և Ռուբեն Մելիքյանը դատարանին միջնորդեց, որ թույլ տան Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին՝ այցելել Արմեն Աշոտյանին տնային կալանքի կրման վայրում: Դատարանը բավարարեց միջնորդությունը. Արշակ սրբազանը կայցելի Արմեն Աշոտյանին:

Այսօրվա դատական նիստին, սակայն, վկա Անի Ռափյանը չէր ներկայացել:

Կարդացեք նաև

Մինչև դատական նիստի ավարտն Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը նկատեց, որ շուտով լրանում է Արմեն Աշոտյանի խափանման միջոցի ժամկետը, իսկ մինչ այդ դատական նիստ չկա, ուստի միջնորդություն ներկայացվեց կա՛մ այսօր քննարկել հարցը, կա՛մ առանձին դատական նիստ նշանակել: Աշոտյանը միացավ միջնորդությանը: Դատավոր Դոլմազյանը թեև ասաց՝ այդ հարցը քննարկման առարկա կարող է դառնալ դեկտեմբերի 11-ին, բայց հարցը կքննեն այսօր:

Հանրային մեղադրող Նշանյանը շարունակեց պնդել այն, ինչ պնդում է ամիսներ շարունակ. Արմեն Աշոտյանը կխոչընդոտի քննությանը, ուստի դեմ է, որ ոչ միայն խափանման միջոց տնային կալանքը փոխվի, այլև պետք է նրա նկատմամբ կիրառվի կալանավորում խափանման միջոցը:

Ի պատասխան՝ Ռուբեն Մելիքյանն ասաց՝ իրենք էլ են դեմ տնային կալանքին, սակայն, ի տարբերություն հանրային մեղադրողի՝ կարծում են, որ այն խիստ միջոց է:

«Մեղադրանքի կողմի դիրքորոշումը ոչ թե խափանողական է, այլ պատժողական… Մեզ համար հասկանալի չէ՝ վարույթով Աշոտյանի գործի հետ առնչություն չունեցող մարդիկ ինչի՞ չպետք  է կարողանան նրան տեսնել, օրինակ, եղբոր երեխաները»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Մյուս պաշտպանը՝ Մարգար Սողոմոնյանը, պնդեց՝ տնային կալանք խափանման միջոցը որևէ կերպ չի կարող իրավաչափ լինել, խնդրեց Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառել ավելի մեղմ խափանման միջոց: Մյուս մեղադրյալների պաշտպանները միացան միջնորդությանը:

Արմեն Աշոտյանը նշեց՝ այս 2 ամսվա՝ 70 օրվա ընթացքում չի եղել ու չի կարող գոյություն ունենալ որևէ փաստ, որը կասի, որ ինքը խափանման միջոցի պայման է խախտել:

«50 օրվա մեջ տղերքը 12 անգամ եկել-գնացել են. ոչ մի խախտում չեն արձանագրել: Պրոբացիան նույնպես խախտում չի նկատել: Միանում եմ պաշտպաններիս միջնորդությանը և խնդրում, որ որոշումը չունենա քաղաքական գործունեությունս սահմանափակելու նպատակ»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Դատավորը, լսելով կողմերին, նախ ասաց, որ Արմեն Աշոտյանի կողմից խափանման միջոցի պայմանների խախտման մասին որևէ փաստ իրեն հայտնի չէ, ապա որոշեց՝ տնային կալանք խափանման միջոցն ավելի մեղմ խափանման միջոցով փոխելու հիմքեր այս պահին չկան: Տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով՝ մինչև 2025թ. մարտի 11-ը:

Ինչ վերաբերում է ազգականների երեխաների հետ շփմանը, դատարանը թույլատրեց, որ Արմեն Աշոտյանի ազգականների անչափահաս երեխաները հյուրընկալվեն նրան:

Դատական հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14:30-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս