Արշակ սրբազանը կայցելի Արմեն Աշոտյանին. Դատարանը բավարարեց միջնորդությունը
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:
Նախորդ դատական նիստին Արմեն Աշոտյանը բարձրացրեց իր կալանքի ռեժիմի հետ կապված հարցեր:
Դատավոր Վահե Դոլմազյանը նշեց, որ դատական նիստերի դահլիճից դուրս ՀՀԿ փոխնախագահը ճեպազրույց տալ չի կարող, չի կարող շփվել որևէ մեկի հետ, բացի պաշտպաններից, ԱԺ պատգամավորներից ու մերձավոր ազգականներից: Քաղաքացիների հետ հարցուպատասխանի ձևաչափը նույնպես կարող է շարունակվել:
Այսօրվա դատական նիստին շարունակվեց գործով վկա Անի Ռափյանի հարցաքննությունը, ով այս գործով վկայակոչվել է՝ որպես հոգաբարձուների խորհրդի նիստի անդամ, «Հերացի» արհեստակցական կազմակերպության քարտուղար, ուսանողական խորհրդարանի նախագահ, ուսանողական աշխատանքների գծով ռեկտորի խորհրդական:
Վկան նույնպես նշեց, որ ԵՊԲՀ որևէ աշխատակից չի դժգոհել, որ բուհի համար հանգստյան տուն է ձեռք բերվել: Ընդհակառակը, ըստ նրա, բոլոր նրանք, ովքեր հանգստացել են այնտեղ, վերադարձին շատ գոհ են եղել:
Անի Ռափյանը նաև հիշեց, որ մինչ իրեն հարցաքննության կանչելը ու գործով ներգրավելը քննիչն իրեն մի անգամ ասել է, որ ինքն էլ է ներգրավվելու:
«Հես ա քեզ էլ ենք կանչելու հարցաքննության»,- ասել է քննիչը, ինչից հետո ինքը ծանուցագիր է ստացել նախաքննական մարմին ներկայանալու համար ու այդ ժամանակ է հասկացել, որ թեման լուրջ է:
Հաջորդիվ դատավոր Դոլմազյանն ասաց, որ գործի նախաքննական նյութերում տվյալ կա, որ գործով ներգրավված ինչ-որ մեկը վկա Ռափյանին վիրավորել է, ապա հարցրեց՝ ո՞վ է վիրավորել: Վկան չցանկացավ պատասխանել, ինչին դատավորը պատասխանեց, որ այս դեպքում դա իր պարտավորությունն է: Վկան, այնուամենայնիվ, ասաց, որ օգտվում է իր իրավունքից ու չի պատասխանելու հարցին, որովհետև հնարավոր է, որ ապագայում այդ հարցն իր կոնտեքստով կարող է շուռ գալ իր դեմ:
Քանի որ վկան հիմնականում տարիների հեռավորությունից քիչ բան էր հիշում անցած իրադարձությունների վերաբերյալ, հանրային մեղադրողը միջնորդեց հրապարակել Անի Ռափյանի նախաքննական ցուցմունքները, քանի որ հակասություն էր տեսել դրանց մեջ: Դատարանը բավարարեց միջնորդությունը: Պաշտպանության կողմն ուներ առարկություն:
«Վկան արդեն հայտարարել է, որ մեկ անգամ նախաքննության փուլում ինքն իր դեմ ցուցմունք է տվել, առաջարկում եք՝ հիմա էլ դատարանո՞ւմ դրանք հրապարակվեն»,- ասաց Անի Ռափյանի պաշտպանը:
Նրա պաշտպանը հավելեց նաև, որ առարկություն ունի նիստը նախագահողի դեմ: Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը նույնպես միացավ նրան: Անի Ռափյանի ցուցմունքները, այնուամենայնիվ, որոշեցին հրապարակել:
Հանրային մեղադրողը ցուցմունքների հրապարակումը կարևորեց նրանով, որ միգուցե ցուցմունքների հրապարակմամբ կարող է փոխվել Անի Ռափյանի դատավարական կարգավիճակը: Պաշտպաններն առարկեցին՝ առնվազն եղած ցուցմունքներով՝ Անի Ռափյանը չի կարող մեղադրյալի կարգավիճակ ունենալ:
Նկատենք, որ այսօր ներկայացել էր նաև հաջորդ վկան՝ Մելիք Սողոմոնյանը, սակայն դատարանն ասաց, որ վերջինիս այսօր չեն կարող հարցաքննել, խնդրեց ներկայանալ հաջորդ դատական նիստին՝ նոյեմբերի 18-ին, սակայն վկան ասաց, որ ինքն այդ օրը երկրում չի լինելու, ինքնաթիռի պատվիրված տոմսեր ունի արդեն, ու խնդրեց իրեն դատակոչել մեկ այլ օր: Վերջինս ծանուցվեց, որ ինքը ցուցմունք կտա դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14:30-ին:
Անի Ռափյանի հարցաքննությունն այսօր չավարտվեց: Այն կշարունակվի նոյեմբերի 18-ի դատական նիստում:
Հաջորդիվ նիստը շարունակվեց դռնբացության ռեժիմով, և Ռուբեն Մելիքյանը դատարանին միջնորդեց, որ թույլ տան Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին՝ այցելել Արմեն Աշոտյանին տնային կալանքի կրման վայրում:
Աշոտյանը միացավ միջնորդությանը՝ ասելով, որ ինքը Արշակ սրբազանի հոգևոր խնամքի ներքո է գտնվում:
Հանրային մեղադրողը, իհարկե, առարկեց միջնորդության դեմ: Աշոտյանն արձագանքեց՝ խնդրում եմ ասեք՝ իմ հոգևոր հոր հետ հանդիպումը ո՞նց կարող է խանգարել պետական անվտանգությանը:
Դատարանը բավարարեց միջնորդությունը. Աշակ սրբազանը կայցելի Արմեն Աշոտյանին:
Դատական նիստը կշարունակվի նոյեմբերի 18-ին՝ ժամը 14:30-ին: