Մտածե՛ք սրա մասին. հիմա չեք կարողանում լուծել ատոմային վառելիքի թափոնների խնդիրը, ի՞նչ եք անելու մոդուլային ատոմակայանների վառելիքի վտանգավոր թափոնների հետ. Արա Մարջանյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը՝ էներգետիկայի հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը, անդրադարձել է նաև Մեծամորի ատոմակայանի, դրա փակման թուրք-ադրբեջանական պահանջների ու մոդուլային ատոմակայանների հարցերին:

«Հայաստանի ատոմակայանը Թուրքիայի և Ադրբեջանի աչքի փուշն է՝ սկսած 1973թ.-ից։ Բայց, փառք Աստծո, թե՛ Խորհրդային Հայաստանը, և թե՛ Անկախ Հայաստանի Հանրապետությունը կարողացավ ճիշտ աշխատել ՄԱԳԱՏԷ-ի հետ ու այս առումով անխոցելի է։ Այլ բան է, որ այսօր Հայաստանն ինքն է թերանում ատոմային գեներացիայի կայանքի կոչելու հարցում։ Իսկ դա Հայաստանի պաշտպանական հիմնադրույթներից մեկն է։ Հայաստանը պարտավոր է անընդհատ ունենալ ատոմային գեներացիա։ Կոպիտ ասած՝ 2036թ հետո մենք պետք է ունենանք նոր ատոմակայան։ Սակայն, ցավոք սրտի, այսօր Հայաստանն արտաքին ինչ-որ ճնշումների ներքո ընկնում է անհեթեթ ծրագրերի հետևից։ 2026թ սարերի հետևում չէ, պետք է մտածել երկարաձգման նոր փուլի, նոր ատոմակայան կառուցելու մասին։ Մենք ժամանակ չունենք։ Արդեն կանգնած ենք լուրջ վտանգի առաջ, որ 2036թ դեկտեմբերի 31-ին միգուցեև աշխատող էներգաբլոկ չունենանք։ Իսկ այդ ժամանակ մենք կկանգնենք լուրջ պրոբլեմի առաջ, ու դա աղետ է ու ռազմավարական դրույթների կոպիտ խախտում»,- ասաց փորձագետը:

Վերջինս նկատեց՝ ինքը գիտի՝ կոնկրետ ում հետ է խորհրդակցել Նիկոլ Փաշինյանը մոդուլային կայանների հարցով, ու ինչ են նրան ասել։

«Աշխարհում չկա մոդուլային ատոմակայանների կիրառման փորձը ու հետևաբար՝ չկա տարհանման ծրագիրը։ Անիմաստ է խոսել մի բանի մասին, որը չկա։ Վարչապետի աշխատակազմը պետք է շատ լուրջ մտածի՝ ինչ են ասում նրան, որ նա էլ կրկնում է։ Բերել են ԱՄՆ-ի դեմոկրատական, գլոբալիստական թեզերը։ Դա ԱՄՆ Դեմոկրատական իշխանության ճնշումն է, որը, ի վերջո, կավարտվի 2025թհունվարի 24-ին, երբ Թրամփը երդմնակալությամբ կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը»,- ասաց Արա Մարջանյանը:

Կարդացեք նաև

Վերջինս նշեց նաև՝ չի բացառում, որ COP29-ի ընթացքում Ադրբեջանը հայտարարի ատոմակայանի կառուցման կամ դրա մտադրության մասին։ Ադրբեջանի վաղեմի երազանքն է ատոմակայան ունենալը։

«Սովորական ատոմակայաններում օգտագործվում է ուրանի վառելիքը՝ հարստացված 3.5-5%։ Որքան հարստացված է վառելիքը, այնքան վտանգավոր է այն ու հարմար զենք ստեղծելու համար։ Նավատորմում օգտագործվող մոդուլային այդ ատոմակայաններում օգտագործվում է վառելիք, որը հարստացված է մինչև 20-21%: Սա շատ ավելի վտանգավոր է, նրա թափոնները շատ ավելի լուրջ հետևանքներ կարող են ունենալ շրջակա միջավայրի վրա։ Սա են ուզում կիրառել Հայաստանում։ Մտածե՛ք սրա մասին։ Հիմա չեք կարողանում լուծել ատոմային վառելիքի թափոնների խնդիրը, ի՞նչ եք անելու մոդուլային ատոմակայանների վառելիքի թափոնների հետ։ Գոյություն չունի այդպիսի այլընտրանք։ Մասնագետներիս համար վիրավորական է խոսել մոդուլային կայանների մասին՝ մի բանի մասին, որը ՉԿԱ, գոյություն չունի»,- ասաց փորձագետը:

Հիշեցնենք, սեպտեմբերի 19-ին, Երևանում ընթացող Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտարարել էր, թե «Եկել են այն եզրակացության, որ ակնհայտ է՝ նոր ատոմակայան պետք է կառուցել, բայց պետք է կառուցել այն չափի, որ այնքան մեծ չլինի, որ կլանի ամբողջ էներգետիկ համակարգը: Մեր երկրում սպառվում է մինչև 800-1200 մեգավատտ հզորության էլեկտրաէներգիա: Եթե մենք 1000-1200 մեգավատտ հզորության ատոմակայան կառուցենք, ապա կլինի, որ երկրի ամբողջ էներգետիկ համակարգը կախված կլինի ատոմակայանից: Դրա համար մեր միտքը նա է, որ նախ պետք է ատոմակայանի գործունեության ժամկետը երկարացնել մինչև 2036 թվական, իսկ 2036-ին ունենալ նոր ատոմակայան: Մեր նախնական պատկերացումն այն է, որ այն լինի 400-600 մեգավատտ հզորության»:

Էներգետիկ հարցերով մասնագետ Արա Մարջանյանը հակադարձեց նախկինում աշխարհագրության դասատու աշխատած Գնել Սանոսյանին.

«Ո՞ր Հայաստանը պետք է հրաժարվի նման հզորության ատոմակայանից… Եթե նկատի ունեն այն Հայաստանը, որը հրաժարվել է էներգետիկ անվտանգությունից, էլեկտրատրանսպորտի զարգացումից, էլեկտրաէներգիա արտադրող երկիր լինելու հավակնությունից, Իրանի հետ էներգետիկ ծրագրեր իրականացնելուց, ուրեմն, այո՛, Հայաստանին ոչ թե 600, այլ 400 մեգավատտ հզորությամբ կայաններն էլ են բավարար։ Իրականում մեզ պետք է 1000-1200 մեգավատտ հզորության ատոմակայան»,- նշեց Արա Մարջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս