2013թ., երբ բանակում տարվա ընթացքում ունեինք 4 զոհ, պատգամավոր Փաշինյանը գրկել էր ամբիոնը և բղավում էր այդ մասին․ հիմա ինչո՞ւ է սա ընդամենը վիճակագրություն․ Նաիրա Զոհրաբյան
Բանակում սպանությունների, ինքնասպանությունների, դժբախտ պատահարների ու չպարզված հանգամանքներով մահացած զինվորների՝ հատկապես վերջին տարիների ահագնացող թիվը շարունակում է մտահոգիչ կերպով աճել։ Ռազմական ոստիկանության Իջևանի կարգապահական գումարտակում նոյեմբերի 13-ին մահացած է հայտնաբերվել ժամկետային զինծառայող 19-ամյա Նարեկ Գրիգորյանը։ Նարեկն ընտանիքի միակ որդին էր։
«Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որի հեղինակած նախագծով դեռ տարիներ առաջ ԱԺ-ն ընդունել էր Զինծառայողին ինքնասպանության դրդելու համար սահմանված պատիժը խստացնելու մասին օրենքը, 168.am-ի հետ զրույցում քաոս ու կազմաքանդում որակեց բանակում կատարվողը։
«Ես ուզում եմ մի դեպք հիշեցնել․ տարիներ առաջ Ավստրալիայում 12-ամյա մի աղջիկ էր կորել, և երկրի վարչապետը հայտարարեց՝ եթե աղջիկը չգտնվի, ինքը հրաժարական կտա։ Եկեք զուգահեռենք մեր իրականության հետ․ տարին դեռ չի ավարտվել՝ մենք արդեն բանակում 40-ին հասնող զոհ ունենք, որոնցից միայն 4-ն են մարտական պայմաններում զոհվել, մնացած 30-ից ավելին կա՛մ ինքնասպանություններ են, կա՛մ ինքնասպանության դրդում, կամ՝ չպարզված հանգամանքներ․․․
Ուզում եմ նաև հիշեցնել՝ 2013 թվականին, երբ ամբողջ տարվա ընթացքում մենք բանակում ունեինք 3 թե 4 զոհ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրկել էր ամբիոնը և բղավում էր այդ մասին, անգամ մի սրտաճմլիկ ստատուս գրեց, թե՝ չպետք է թույլ տանք՝ սա դառնա վիճակագրություն, որովհետև ամեն զոհի հետևում կա կոնկրետ անուն-ազգանուն։
Իսկ հիմա ինչո՞ւ է սա ընդամենը վիճակագրություն, ի՞նչ է անում Պաշտպանության նախարարը․ նա ոչ թե պետք է իր զանգվածը մեծացներ, կոստյումի չափսերը մեծացներ, ինչի ականատեսն ենք, այլ պետք է հրաժարական տար։ Կառավարությունն ընդհանրապես պատերազմից հետո պետք է հրաժարական տար»,- մանրամասնեց Նաիրա Զոհրաբյանը։
ԱԺ նախկին պատգամավորը տեղեկացրեց, որ իրեն զանգահարում են ծնողներ, որոնք թեև վախենում են հրապարակել իրենց անունը, սակայն պատմում են բանակում կատարվող բացասական երևույթների մասին, թե ինչպես են իրենց տղաներին ստիպում «ղումար» խաղալ։
«Հարաբերությունները բանակում ոչ կանոնադրական են, մի սարսափելի քաոս է այսօր, կազմաքանդում։
Ու ես այժմ ուզում եմ դիմել Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանին, որ մի քանի օր առաջ Սուրեն Պապիկյանի հետ գնացել էր դիրքեր ու մի բոցաշունչ տեքստ էր գրել, որ ինքը տպավորված է։ Ես առաջարկում եմ նրան իր էջում տեղադրել օրերս բանակում կախված 19-ամյա Նարեկ Գրիգորյանի նկարը»,- հավելեց նա։
Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ բանակում կատարվողը հենց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետևանքն է, որ, օրինակ, բանակը չպետք է սրբացնել, և այլն։ Ընդդիմադիր գործիչը կարծում է՝ Նիկոլ Փաշինյանի համար ոչ թե բանակն է մեր անվտանգության երաշխավորը, այլ շաղախը, բետոնը, կամ, հենց Փաշինյանի որակմամբ՝ Կիրանցի արժանապատվության պատը, որը մեզ բաժանում է ադրբեջանցիներից:
Այս հարցն «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան հ/կ նախագահը դիտարկեց տարբեր երկրներում, այդ թվում՝ Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում այսօր կիրառվող «քաոսի տեսության» համատեքստում։
«Այն, ինչ անում է Նիկոլը, այդ տեսության կլասիկ իրագործումն է, որի հիմնական գործիքակազմը մեր արժեքային համակարգը, սիմվոլները, մեր ինքնությունը ջնջելն է, և պատահական չէ, որ ինքը կատաղի պայքար է մղում Արարատ լեռան, բանակի ու եկեղեցու դեմ, արդեն հասել է նաև կոնյակին»,- ամփոփեց Նաիրա Զոհրաբյանը։