Օնիկ Գասպարյանի կարգադրությունների բոլոր կետերը կատարված են եղել. զորքը լրիվ մարտական պատրաստության աստիճանի բերելու իրավասություն զորամասի հրամանատարը չի ունեցել. Սևակ Աբրահամյանի փաստաբան
168.am-ը հետևողականորեն անդրադառնում է 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերին, տվյալ դեպքում՝ Մատաղիսի հրամանատարի գործին, որի դատաքննությունը դռնփակ է ընթանում:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս գործով հարցաքննվել են ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը և 10-րդ ԼՀԴ նախկին հրամանատար Կարեն Շաքարյանը: Ներկայացրել էինք նաև «Դատալեքս» համակարգում հրապարակված Օնիկ Գասպարյանի և Կարեն Շաքարյանի հարցաքննությունների ընդհանրական տեքստերը:
«Վկաների հարցաքննությամբ հիմնավորվել է, որ հակառակորդի հաջողությունների պատճառը չի հանդիսացել և չէր կարող հանդիսանալ Սևակ Աբրահամյանի կողմից մարտական հերթապահություն կրելու կանոնների խախտումը, չնայած նրան, որ նշված վկաների ցուցմունքներով հերքվել է վարույթն իրականացնող մարմնի այն պնդումը, որ Սևակ Աբրահամյանն առհասարակ թույլ է տվել նման խախտումներ»,- «Հատուկ վերանայման բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջները» ենթավերնագրի ներքո նշվում է «Դատալեքսում» տեղադրված տեղեկատվության մեջ:
Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանի փաստաբան Արման Թամրազյանին խնդրեցինք «Դատալեքսում» բաց տեղադրված տեղեկատվության շրջանակում պատասխանել մի քանի հարցերի: Նշենք, որ այնտեղ կարելի է ծանոթանալ նաև 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի կարգադրություններին և հրամաններին:
«Գլխավոր շտաբից ստացված կարգադրությունների բոլոր կետերը կատարված են եղել: Ինչ պահանջ եղել է անելու, այդ բոլոր պահանջները կատարվել են: Զորամասի հրամանատարին մեղադրում են, որ զորքը լրիվ մարտական պատրաստության աստիճանի չի բերել: Բայց զորքը լրիվ մարտական պատրաստության աստիճանի բերելու իրավասություն զորամասի հրամանատարը չի ունեցել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց փաստաբան Արման Թամրազյանը:
Հավելենք, որ ըստ Քննչական կոմիտեի՝ «ի պաշտոնե պարտավոր լինելով որոշում ընդունել զորամասի ամբողջ անձնակազմը և միջոցները լրիվ մարտական պատրաստականության աստիճանի բերելու, պաշտպանության անցնելով մարտական դիրքերը համալրելու և այդ կերպ հակառակորդի հանկարծակի հարձակումը բացահայտելու, կանխելու, դիմագրավելու և այդ մասին առաջին իսկ հնարավորության դեպքում անմիջական պետին զեկուցելու համար, Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանը որևէ միջոց չի ձեռնարկել այդ ուղղությամբ»:
«Ավելին, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 06:10-ից, իր ենթակա զորամասի պահպանության բնագծում հակառակորդի կողմից դեպի առաջնագիծ տանկերի, զրահատեխնիկաների և անձնակազմի առաջ շարժվելու պայմաններում ի պաշտոնե պարտավոր լինելով իր նախաձեռնությամբ որոշում ընդունել զորամասի ամբողջ անձնակազմը և միջոցները լրիվ մարտական պատրաստականության աստիճանի բերելու և այդ կերպ հակառակորդի հանկարծակի հարձակումը բացահայտելու, կանխելու, դիմագրավելու և այդ մասին վերադաս հրամանատարին զեկուցելու համար, շարունակել է դրսևորել անգործություն և չի կատարել իրավական ակտերով իրեն վերապահված լիազորություններն ու իր վրա դրված պարտականությունները, որի պայմաններում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 07:10-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը լայնածավալ հարձակում են գործել տվյալ պաշտպանական բնագծի երկայնքով և հաջորդող ժամերի ընթացքում յուրային զորքին մեծ կորուստներ պատճառելով՝ ճեղքել են պաշտպանության շրջանի մի շարք մարտական դիրքերի, հրամանատարական դիտակետերի պաշտպանությունը, մխրճվել թիկունքային հատվածներ, ինչի պայմաններում յուրային զորքին չի հաջողվել պատշաճ վերախմբավորում կատարել, լրիվ ծավալով անցնել պաշտպանության, դիմակայել հակառակորդի հարձակմանը և կասեցնել այն, ինչն էլ հակառակորդի զորքին հնարավորություն է ընձեռել զարգացնել հաջողությունը` գրավել գերիշխող բարձունքները և հրամանատարական դիտակետերը, միաժամանակ գրոհներ կազմակերպել յուրայինների թիկունքից, մխրճվել պաշտպանության խորքը՝ շրջափակման վտանգի մեջ գցելով պաշտպանության շրջանի անձնակազմի մի մասին, որի հետևանքով զորամասի ողջ անձնակազմը պարտադրված նահանջել է, Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերն անցել են հակառակորդի վերահսկողության տակ»,- նշվում է ՔԿ հաղորդագրության մեջ:
Ինչ վերաբերում է Օնիկ Գասպարյանի կարգադրություններին, ապա դրանք, ըստ «Դատալեքսի», եղել են հետևյալը.
«2020 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետը, ղեկավարվելով «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում զգոնությունը բարձրացնելու, ակտիվացած հակառակորդի սադրիչ գործողություններին դիմագրավելու և ՀՀ առաջապահ ստորաբաժանումների անձնակազմի անվտանգ ծառայությունն ապահովելու նպատակով արձակել է թիվ 041 կարգադրությունը, որով հրամայել է պաշտպանության բանակի հրամանատարին բարձրացնել անձնակազմի զգոնությունը, ուժեղացնել հետախուզությունը և դիտարկումը, պատրաստ լինել հակառակորդի հավանական սադրանքները դիմագրավելուն, միջոցներ ձեռնարկել մարտական ծառայություն իրականացնող անձնակազմի անվտանգության ապահովման ուղղությամբ:
Վերոնշյալ թիվ 041 կարգադրության հիման վրա պաշտպանության բանակի հրամանատարը 2020 թվականի սեպտեմբերի 24-ին արձակել է թիվ 0661 հրամանը, որով, ի հավելումն նշված հանձնարարությունների, հրամայել է պատրաստ լինել մարտական հերթապահությունում գտնվող բոլոր տեսակի կրակային միջոցներով հակազդել (խոցել) հակառակորդի բոլոր տեսակի թռչող սարքերը, այդ թվում՝ հարվածային ԱԹՍ-ները, հակառակորդի կազմում դրությունում և գործողությունների բնույթում փոփոխություններ արձանագրելու դեպքում անմիջապես զեկուցել ըստ վերադասության, պաշտպանական շրջանների, այդ թվում՝ 6-րդ ՊՇ-ի, մշտական տեղակայման վայրերում ունենալ 30 րոպեանոց պատրաստականության վիճակում մարտական գործողությունների վարմանը պատրաստ մեկ վաշտ:
2020 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետը ՀՀ ԶՈւ զորքերի զգոնությունը բարձրացնելու, հակառակորդի հավանական սադրանքները ժամանակին բացահայտելու, դրանց դիմագրավելու, անձնակազմի անվտանգ ծառայությունն ապահովելու նպատակով արձակել է թիվ 046 կարգադրությունը, որով պաշտպանության բանակի հրամանատարին հանձնարարել է սեպտեմբերի 25-ից բարձրացնել անձնակազմի զգոնությունը, մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներում ուժեղացնել հետախուզության բոլոր ձևերը, դիտարկումը, պատրաստ լինել հակառակորդի հավանական սադրանքները դիմագրավելուն, միջոցներ ձեռնարկել մարտական ծառայություն իրականացնող անձնակազմի անվտանգության ապահովման ուղղությամբ, մինչև սեպտեմբերի 26-ը՝ ժամը 06:00-ն, առաջին շարակազմի զորամիավորումների, միավորումների, կառավարման կետերը ծավալել հրամանատարների կողմից նախորոշված շրջաններում և անցնել «Մարտական» աշխատանքային ռեժիմի և այլն»:
Այս համատեքստում հիշեցնենք, որ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել ռադիոկլանում, և, որ մի նախադասություն պատերազմ սկսելու առումով վստահելի է թվացել:
2023 թվականի հունիսի 27-ին Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի հարցաքննության ժամանակ Անդրանիկ Քոչարյանը նշել էր, որ «ՀՀ ԶՈւ-երը 0046 դիրեկտիվի համաձայն՝ մաս-մաս բերվում էր առաջին աստիճանի պատրաստականության, որի համար հիմք է հանդիսացել ռադիոկլանման միջոցով սեպտեմբերի 25-ին ստացված F-16-ի օդաչուների խոսակցությունն առ այն, որ վաղն ինչ-որ կարևոր բանի պիտի մասնակցեն»:
Իսկ Նիկոլ Փաշինյանն էլ հավելել էր, որ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 25-ը պատերազմի հավանականությունը գնահատվել է 30 տոկոս, համենայնդեպս, իրեն այդպես է զեկուցվել:
«Վարչապետը երբեք չի հայտարարել, որ իմացել են պատերազմը սկսվելու մասին: Նա ընդամենը հայտարարել է, որ ռադիոկլանման միջոցով տեղեկություն են ստացել, որից ենթադրել են, որ հնարավոր է՝ պատերազմ սկսվի: Դրա հետ կապված էլ Օնիկ Գասպարյանը կարգադրություն է տվել հակառակորդի հնարավոր սադրանքների բացառելու համար ձեռնարկել միջոցներ, որը բոլոր զորամասերը ձեռնարկել են: Եվ ոչ մի զորամաս Արցախի ՊԲ-ի լրիվ մարտական պատրաստության աստիճանի չի բերվել, բայց կրկնում եմ, զորքը լրիվ մարտական աստիճանի չբերելու համար մեղադրվում է բացառապես Սևակ Աբրահամյանը»,- 168.am-ի հետ զրույցում էլ վերը նշվածի համատեքստում շեշտեց փաստաբան Արման Թամրազյանը:
Բնականաբար, զորամասի հրամանատարն ունի որոշակի պատասխանատվություն, բայց այն, որ սեպտեմբերի 26-ին խնջույք է կազմակերպվել, որի մասին իմացել է նաև ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը, և որ նա, ըստ էության, ավելի շատ պատասխանատվություն ունի այս հարցում, ևս անվիճելի է, հատկապես 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՊԲ շատ զորամասերում զինվորները պատերազմը դիմավորել են զորամասում, զորքը կարևոր հատվածներում պաշտպանության անցած չի եղել, ավելին, հրամանատարներն այդ օրը տանից են կանչվել, իսկ ինքը՝ Ջալալ Հարությունյանը, պատերազմի առավոտյան աշխատասենյակում չի եղել։
Նշենք, որ Ջալալ Հարությունյանը Մատաղիսի գործով դատակոչված վկաների ցուցակում է, բայց դեռ չի հարցաքննվել: