Իշխանամերձ շրջանակներից հաստատում են՝ սեպտեմբերի 27-ին ՊԲ-ն պահպանությունից պաշտպանության անցած չի եղել
168.am-ը բաց աղբյուրների հիման վրա ուսումնասիրությունների շարք էր սկսել՝ ցույց տալու, որ կարևոր ուղղություններում Պաշտպանության բանակը (ՊԲ) պատշաճ կերպով պատրաստ չի եղել պատերազմին: Ավելի կոնկրետ՝ պատերազմի սկսվելու պահին զինվորները զորամասերում են եղել, հրամանատարները՝ տանը, արձակուրդում, և միայն պատերազմի սկսվելուց հետո են կանչվել։
Օրեր առաջ 24TV-ին տված հարցազրույցում 44-օրյա պատերազմից հետո ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովում ռազմական փորձագետ աշխատող գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը, ըստ էության, հաստատել է բաց աղբյուրների հիման վրա մեր ուսումնասիրությունները:
Մասնավորապես, նա խոսել է Ջրականի ուղղության մասին:
«9-րդ պաշտպանական շրջանը սեպտեմբերի 27-ին ենթարկվել է թշնամու շատ հզոր խմբավորման հարվածի. 20-22.000 զորք հարձակվել է միայն 9-րդ պաշտպանականի վրա, որը մոտավոր ունեցել է 1500 հոգի անձնակազմ: Ընդ որում, թշնամին հարձակվել է ոչ թե ամբողջ 9-րդ պաշտպանականի վրա, այլ աջաթևյան 2 գումարտակների՝ Արաքսի ափից հաշվեք 2 գումարտակ: 2 գումարտակը մոտավորապես անում է 500-700 մարդ: 500 մարդ դիմակայել է մոտ 22.000 մարդու: Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 4-ը ճակատը չի ճեղքվել: Ճակատում ընդամենը եղել է 1-1.5 կմ նահանջ: Հակառակորդն էս տեղամասում, էս բնագծում մինչև 80 խոցված տանկ է թողել: Դիրքեր ենք ունեցել, որոնք ենթարկվել են հարձակման՝ 20-25 դիրք, ամեն դիրքում եղել է 6-7 զինվոր, իսկ ամեն դիրքի վրա 10 տանկ է եկել: Այսինքն, զինվորի քանակից շատ տանկ է եկել: Բայց երկու անգամ գումարտակի հրամանատարները վիրավորված, տեղային հակագրոհ են արել, ինչ-որ դիրքեր հետ են բերել, բայց չեն կարողացել երկար պահել: Եվ միայն 8-րդ օրն են այս 2 գումարտակները հետ քաշվել, որովհետև չեն համալրվել: Ավելի ճիշտ, կանոնավոր զորք չի եղել, եկել է մոբիլիզացված զորքը, իսկ մոբիլիզացված պահեստազորայիները չեն կռվել զինվորի հետ նույն էֆեկտիվությամբ, ինչ զինվորը: Սկսենք նրանից, որ 9-րդ պաշտպանական շրջանը պահպանությունից պաշտպանության անցած չի եղել սեպտեմբերի 27-ի օրով: Սա մի մեծ հարց է, որը պիտի քննվի, սա առանձին քննարկման հարց է»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ 9-րդ ՊՇ-ի 300 զոհվածների մեջ 40-ը սպա է: Այսինքն, զոհված զորքի 10 տոկոսից ավելին սպաներ են:
Ի դեպ, Արծրուն Հովհաննիսյանը, ըստ էության, հաստատում է նաև իր նախկին ղեկավար՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պնդումը, որ իշխանություններն ուժ չեն կուտակել հարավային հատվածում հակառակորդի մխրճումը, ճեղքվածքը փակելու համար. հրամանատարը, զինվորը մեղավոր չէ:
168.am–ի հետ զրույցում պահեստազորի փոխգնդապետ, ռազմական վերլուծաբան Հրաչյա Պետրոսյանցն էլ ասել էր, որ պատերազմի որոշիչ օրերը հոկտեմբերի 4-ից հոկտեմբերի 6-ն էր. կորցրեցինք մարտունակ զորախումբ, որի պահպանումը թույլ չէր տալու Շուշիի և Հադրութի գրավումը:
«Ինձ համար պատերազմի որոշիչ օրերը հոկտեմբերի 4-ից հոկտեմբերի 6-ն էր։ Միգուցե իմ կարծիքը սուբյեկտիվ է, սակայն ես կարծում եմ, որ այդ օրերին մշակված և ձախողված օպերացիաների արդյունքում մենք կորցրեցինք մարտունակ զորախումբ, որոնց որպես ռեզերվ պահպանելը հնարավորություն կտար ստեղծել պաշտպանական բնագիծ և թույլ չտալ Հադրութի և Շուշիի գրավումը։ Երկրորդ՝ եթե մեզ մոտ ճիշտ կառավարումն աշխատեր այն պահին, երբ ադրբեջանցիների առաջնագիծը բավականին կտրվել էր հիմնական ուժերից, և նրանց կոմունիկացիոն ամբողջ ուղիները դեռևս գտնվում էին մեր վերահսկողության տակ, մենք կարող էինք նրանց կոմունիկացիայի օղակը փակել, չէին կարողանա Շուշին գրավել, որը չարվեց»,- նշել էր Պետրոսյանցը:
Վերադառնալով ՊԲ-ի՝ պատերազմին պատշաճ պատրաստ չլինելուն կամ 9-րդ ՊՇ-ի սեպտեմբերի 27-ին պահպանությունից պաշտպանություն անցած չլինելուն, նշենք, որ 24TV-ի «Հարցազրույց» հաղորդմանը Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ պատերազմից մի քանի օր առաջ հուշել է մարտական գործողությունների ուղղությունները, և, որ այն լինելու է Ջրականի ուղղությունը:
«Ես պատերազմից մի քանի օր առաջ ներկայացրել եմ զեկուցագիր, եղել է Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստ, որ լինելու է Ջաբրայիլի հատվածը և Մատաղիսի հատվածը: Որևիցե անգամ ես Աղդամի ուղղությամբ հարված չեմ սպասել, ոչ էլ կարար լիներ: Անիմաստ է դա: Աշխարհագրական էդ քարտեզին նայելով՝ պետք է առնվազն խելք չունենալ, որ Աղդամի ուղղությամբ խփի: Ջաբրայիլ, Մատաղիսն է եղել, անգամ նկարագրված է եղել, թե հարվածի դեպքում ինչ պիտի արվի, այդտեղ ջրամբարներ կան… Իսկ Հայաստանի և Արցախի ռազմական ղեկավարությունը սպասել են, որ պիտի Աղդամի ուղղությամբ հարված լինի»,- նշել էր Բաբայանը:
Իսկ թե ինչո՞ւ ՊԲ զորամասերը պատրաստ չեն եղել պատերազմն ընդունելուն, պիտի պատասխանի, օրինակ, ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը՝ Գլխավոր շտաբից հրաման չի՞ եղել արդյոք, կամ՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ից եղել է համապատասխան հրաման և ՊԲ-ն չի՞ կատարել այն, թե՞ չի եղել:
Մեզ հասած տեղեկություններով, Ջալալ Հարությունյանին համապատասխան հրամանը տեղ հասել է: Բայց այս հարցին հստակ պատասխան կարող է տալ միայն ինքը՝ Ջալալ Հարությունյանը:
168.am-ը փորձել էր ՀՀ գլխավոր դատախազությունից պարզել՝ արդյո՞ք պատերազմի հետ կապված այս և առանցքային այլ հարցեր քննության առարկա են, ինչին ի պատասխան՝ մեզ ասել էին, որ դրանք վերաբերում են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներին: