Բաժիններ՝

ՆԳՆ-ում 2024թ. առաջին կիսամյակում ներքին աուդիտ չի արվել, վառելիքի ծախսի սկզբնական հաշվառման փաստաթղթերը չեն լրացվել․ ՀՊ

Հաշվեքննիչ պալատը հանրայնացրել է Ներքին գործերի նախարարությունում 2024 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը։ Հաշվեքննության առարկան պետական բյուջեի մուտքերի ձևավորման և ելքերի իրականացման կանոնակարգված գործունեությունն է, հաշվեքննությունն ընդգրկող ժամանակաշրջանը՝ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հունիսի 30-ն է, հաշվեքննության կատարման ժամկետը՝ 2024 թվականի օգոստոսի 1-ից 2024 թվականի հոկտեմբերի 31-ը:

Ֆինանսական ցուցանիշների մասին բաժնում ՀՊ-ն արձանագրում է, որ նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեի 6 ամիսների պլանով նախատեսվել է 44,830,897.00 հազար դրամ, ճշտված պլանը կազմել է 45,595,006.04 հազար դրամ, իսկ հաշվետու ժամանակահատվածում ճշտված պլանի նկատմամբ դրամարկղային ծախսը՝ 91.2 տոկոս։

Հաշվեքննիչ պալատի՝ «Անհամապատասխանություններ» բաժնում արձանագրումների մի մասը վերաբերում է հոդվածների դասակարգմանը։ Օրինակ, հաշվեքննությունն ընդգրկող ժամանակահատվածում «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացվել է 1,170,000.00 հազ. դրամ գումար՝ «Ներքին գործերի նախարարության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջոցառումներ, մոնիտորինգ և վերահսկողություն» միջոցառման «463900 Այլ ընթացիկ դրամաշնորհներ» տնտեսագիտական դասակարգման հոդվածով՝ «463700 Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածի փոխարեն:

Նմանատիպ դրվագ է արձանագրվել նաև նախարարության կողմից սարքերի և սարքավորումների նորոգման ու պահպանման ծառայությունների գնման դեպքում, ապա նաև՝ ուղևորափոխադրող ավտոմեքենաների (վարորդի հետ միասին)  վարձակալության ծառայությունների ձեռքբերման դրվագով։

Կարդացեք նաև

Վերջին գնման դեպքում՝անհամապատասխանություն է արձանագրվել նաև ծառայությունների դիմաց վճարման առնչությամբ․ մասնավորապես, ոստիկանության զորքերի և «Էլիտբաս» ՍՊԸ-ի միջև 2024 թվականի հունվարի 18-ին կնքված պայմանագրի շրջանակում մատուցված ծառայությունների համար մատակարարի կողմից դուրս են գրվել 68,680.00 հազ.դրամի հարկային հաշիվներ, հանձնման-ընդունման արձանագրությունների ուսումնասիրությամբ պարզվել է, որ 10,535.11 դրամի ծառայությունները մատուցվել են 2023 թվականի դեկտեմբերի 4-17-ն ընկած ժամանակահատվածում:

«Փաստորեն, առանց նախահաշվով նախատեսված հատկացումների և առանց սահմանված կարգով պայմանագիր կնքելու՝ Ոստիկանության զորքերի կողմից 2023 թվականի դեկտեմբեր ամսին ստանձնվել են ֆինանսական պարտավորություններ, որի վճարումներն իրականացվել են 2024 թվականի փետրվար ամսին՝ տվյալ տարվա համար հատկացված միջոցների հաշվին»,- նշել է ՀՊ-ն։

Ի պատասխան՝ նախարարությունը պարզաբանել է․ «Ընդունվել է ի գիտություն: 2023 թվականի տարեվերջին նշված ծառայության ձեռքբերման համար «ԷԼԻՏԲԱՍ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրով նախատեսված միջոցներն ամբողջությամբ սպառված են եղել։ Նշված ժամանակահատվածում ՀՀ-ում ներքաղաքական վիճակը լարված է եղել, և «ԷԼԻՏԲԱՍ» ՍՊԸ-ի կողմից իրականացվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի զինծառայողների տրանսպորտային սպասարկում՝ ըստ պահանջի։ Քանի որ 2023թ. տարեվերջին հնարավոր չի եղել ճշգրտել մատուցած ծառայությունների ծավալը, հարկային հաշիվները դուրս են գրվել 2024 թ., որի վճարումներն իրականացվել են 2024 թվականի փետրվար ամսին՝ տվյալ տարվա համար հատկացված միջոցների հաշվին»։

Մեկ այլ անհամապատասխանություն, որին պալատն անդրադարձել էր դեռ ՆԳՆ-ում 3 ամիսների հաշվեքննությունը ներկայացնելիս. այն է՝ նախարարության կողմից գնումների մասնակից է դիտարկվել ընկերություն, որի հետ փոխկապակցված անձը ներառված է եղել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերության ցուցակում, հետևաբար՝ չպետք է նրա հայտը քննարկվեր։ Պարզվում է, սակայն, ՀՊ-ի այս արձանագրումը մնացել է թղթի վրա, քանի որ ընկերությունը շարունակել է մասնակցել գնումներին։

Այս անգամ Հաշվեքննիչ պալատն ընդգծել է․ «Երեք ամիսների հաշվեքննության ընթացքում արձանագրվել է, որ Նախարարության կարիքների համար ընթացիկ շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով կազմակերպված 2 գնման ընթացակարգերի ժամանակ գնահատող հանձնաժողովը չի ստուգել հաղթող ճանաչված մասնակցի՝ «Մուրադյան Շին 86» ՍՊԸ-ի ներկայացրած տվյալների իսկությունը և չի բացահայտել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառված իրավաբանական անձի հետ փոխկապակցված անձ հանդիսանալու հանգամանքը, որով պայմանավորված «Մուրադյան Շին 86» ՍՊԸ-ն պետք է զրկվեր գնումների գործընթացին մասնակցելու իրավունքից:

Վեց ամիսների հաշվեքննության ընթացքում նախարարության կողմից նոր ընթացիկ շինարարական աշխատանքների ձեռքբերման համար կազմակերպված թիվ «ՆԳՆ ԳՀԱՇՁԲ-ՇԻՆ/2024/Լ-35» ծածկագրով գնման ընթացակարգի հաղթող է ճանաչվել «Մուրադյան Շին 86» ՍՊԸ-ն, որի հետ 2024 թվականի ապրիլի 30-ին կնքվել է 11,397.80 հազ. դրամի պայմանագիր: Նախարարությանը բացատրություն է ներկայացրել՝ վստահեցնելով, որ անհամապատասխանությունը շտկվել է․ «ՀՀ ՆԳՆ գլխավոր քարտուղարի 03.09.2024 թվականի որոշմամբ ՀՀ ՆԳՆ ԳՀԱՇՁԲ-Շին/2024/Լ-35 ծածկագրով գնման ընթացակարգի մասնակից «Մուրադյան Շին 86» ՍՊ ընկերությունը ներառվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում»։

Հաշվեքննության՝ «Պարեկային ծառայության տրանսպորտային միջոցների վառելիքի ծախսի հիմնավորվածությունը» բաժնից էլ տեղեկանում ենք, Երևան քաղաքի և մարզային պարեկային ծառայությունների տրանսպորտային միջոցների վառելիքի ծախսի վերաբերյալ սկզբնական հաշվառման փաստաթղթեր՝ երթուղային թերթիկներ չեն լրացվել՝ բացառությամբ պարեկային ծառայության ղեկավար կազմին ամրակցված 15 տրանսպորտային միջոցների:

ՆԳՆ-ից վստահեցրել են, թե գլխավոր քարտուղարի կողմից տրվել է հանձնարարական պարեկային նշանակության ավտոտրանսպորտային միջոցների երթուղային թերթիկները սահմանված կարգով լրացնելու ուղղությամբ։

Այս համատեքստում առկա է եղել նաև թերի ծախսագրում և բենզինի ձեռքբերման պայմանագրերի տեխնիկական բնութագրերի անհամապատասխանությունը՝ ստանդարտով սահմանված տեխնիկական պայմաններին։

Մեկ այլ խնդիր, որի վրա ուշադրություն է դարձրել ՀՊ-ն, նախարարության գնման պայմանագրերի կատարման փաստաթղթերի հրապարակմանն է վերաբերում։ Ի դեպ, հաշվեքննողները հիշեցրել են՝ այս դրվագը կրկնվում է։

«Նշված անհամապատասխանությունը արձանագրվել է նաև նախորդ հաշվեքննության շրջանակներում: Նախարարության կողմից անհամապատասխանությունը ամբողջությամբ չի վերացվել, այսինքն՝ կնքված պայմանագրերի հանձնման-ընդունման արձանագրությունները և հարկային հաշիվները ամբողջությամբ հրապարակված չեն գնումների էլեկտրոնային armeps.am-ում համակարգում»,- ասվում է արձանագրությունում։

Նախարարությունը սա ընդունել է ի գիտություն՝ վստահեցնելով, թե աշխատանքներ են տարվում հանձնման-ընդունման արձանագրությունները և հարկային հաշիվները էլեկտրոնային համակարգում հրապարակելու ուղղությամբ:

Հաշվեքննիչ պալատը նաև կարևորել է ներքին աուդիտի համակարգի ապահովումը, ինչը, փաստացի, 2024 թվականի առաջին կիսամյակի ավարտի դրությամբ չի իրականացվել։

ՆԳՆ-ից պարզաբանել են, թե նախարարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել համակարգում իրականացնել մեկանգամյա ներքին աուդիտի ծառայությունների ձեռքբերում, որի նպատակով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Քրոու ընդ Ասատրյան» ՍՊԸ-ի հետ կնքվել է պայմանագիր՝ 79,500.0 հազ դրամ պայմանագրային գնով, սակայն Ֆինանսական միջոցների բացակայությամբ պայմանավորված՝ նշված ձեռքբերումը չի իրականացվել։

Հաշվեքննողներն արձանագրել են՝ ներքին աուդիտն իրականացվում է կամ կազմակերպության կառուցվածքում գործող ներքին աուդիտի ստորաբաժանման, կամ հրավիրված կազմակերպության միջոցով, հետևաբար, ՀՀ օրենսդրությամբ սահմանված աուդիտի իրականացումը պարտադիր պայման է կատարման համար:

Հաշվեքննության ավարտին պալատն ավանդական առաջարկներում առանձնացրել է 2-ը՝ ապահովել Նախարարությունում ներքին աուդիտի համակարգը, հետևողականություն ցուցաբերել ծրագրով նախատեսված միջոցառումներն ամբողջությամբ և սահմանված ժամկետներում իրագործելու ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս