Վալենսիան Իսպանիայի իշխանություններից 31,4 միլիոն եվրո է խնդրել ջրհեղեղների հետևանքների վերացման համար
Վալենսիայի Ինքնավար Համայնքի կառավարությունն Իսպանիայի կենտրոնական կառավարությունից խնդրել է ավելի քան 31 միլիոն եվրոյի օգնության փաթեթ՝ ջրհեղեղների հետևանքները հաղթահարելու համար։ Այս մասին հաղորդում է RTVE պարբերականը։
Վալենսիայի ղեկավար Կառլոս Մասոնը հայտարարել է, որ Իսպանիայի կառավարությունից խնդրում է օգնության առաջին փաթեթը, որը կազմում է 31,402 միլիոն եվրո։
Մասնավորապես, տարածաշրջանի իշխանություններն առաջարկել են 136 միջոց, որոնք ուղղված են ինքնավար համայնքի վերականգնմանը և տարերքի հարվածի հետևանքների մեղմացմանը։ Այսպես, փաթեթը նախատեսում է միջոցների հատկացում ջրհեղեղներից տուժածներին, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար, ինչպես նաև օգնություն՝ տարածաշրջանի ենթակառուցվածքի վերականգնման համար։
Կենտրոնական կառավարությունը պետք է հավանություն տա այս միջոցների ձեռնարկմանը՝ տուժած շրջանների վերականգնման պլանը մեկնարկելու համար։
Անցյալ շաբաթ Իսպանիայի հարավային և արևելյան մի շարք շրջաններում հեղեղումների պատճառով եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ էր սահմանվել։
Ամենից շատ տարերքից տուժել է Վալենսիայի Ինքնավար Համայնքը։ Այս պահին հայտնի է ջրհեղեղի հետևանքով գրեթե 220 զոհի մասին։ Անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են: