Մասնագետները հորդորում են ծնողներին ուշադիր լինել վիրուսների հետևանքով արագ զարգացող թոքաբորբից խուսափելու համար
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում աշուն-ձմեռ շրջանում ակտիվանում են սուր շնչառական վիրուսները, որոնք վտանգավոր կարող են լինել հատկապես երեխաների համար: Վիրուսները կարող են առաջացնել տարբեր տեսակի բարդություններ՝ ընդհուպ մինչև թոքաբորբ:
«Արմենպրես»-ի՝ «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բուժական գծով գլխավոր բժշկի տեղակալ, մանկաբույժ Սիրանուշ Էտիբարյանի հետ զրուցել ենք երեխաների մոտ այս շրջանում տարածված շնչառական վիրուսների, դրանց հետևանքների, ամենատարածված սխալների և առաջարկվող լուծումների մասին։
Մասնագետն ընդգծեց՝ Հայաստանում վիրուսային վարակներն այս պահին ունեն միջին ակտիվություն:
«Մեզ մոտ այժմ առավել տարածված են ադենովիրուսները, բոկավիրուսները, ռինովիրուսները, ավելի քիչ՝ կորոնավիրուսները: Այս վիրուսները հիմնականում ունենում են միջին ծանրության ընթացք»,-նշեց մանկաբույժը։
Անդրադառնալով վերջին շրջանում երեխաների մոտ հաճախ հանդիպող թոքաբորբի դեպքերին՝ մասնագետը նշեց, որ դա վիրուսների բարդության հետևանք է: Նա հորդորեց ծնողներին լինել շատ ուշադիր, քանի որ վերջին շրջանում երեխաների մոտ վիրուսներից թոքաբորբ կարող է զարգանալ շատ արագ՝ նույնիսկ մեկ-երկու օրվա ընթացքում:
Նա նշեց, որ ադենովիրուսներին և ռինովիրուսներին բնորոշ ախտանշաններից են բարձր ջերմությունը, հազը, նաև կոկորդի ցավը, ադենովիրուսին առավել բնորոշ է աչքերի բորբոքումը, դող-սարսուռով ջերմության բարձրացումը, իսկ ռինովիրուսներին առավել բնորոշ են շնչառական խնդիրները:
Վիրուսներից խուսափելու համար մասնագետը հիվանդներին խորհուրդ տվեց պահպանել հիգիենայի կանոնները, հատկապես՝ հազի և փռշտալու դեպքում, հիվանդ ժամանակ խուսափել մարդաշատ վայրերից և չզբաղվել ինքնաբուժությամբ: Նա ընդգծեց՝ վիրուսների դեպքում խորհուրդ չի տրվում օգտագործել անտիբիոտիկներ, քանի որ վիրուսները զգայուն չեն անտիբիոտիկների նկատմամբ։