«Հեզբոլլահ»-ի հրթիռակոծությունից Իսրայելում կա թաիլանդցի և իսրայելցի 7 զոհ
Իսրայելի հյուսիսում՝ Մեթուլայում և Հայֆայում, հոկտեմբերի 31-ին «Հեզբոլլահ»-ի երկու առանձին հարձակումների հետևանքով 7 մարդ է զոհվել։ Սա համարվում է Իսրայելի քաղաքացիական անձանց շրջանում մեկ օրում զոհերի ամենամեծ թիվը մի քանի ամսվա ընթացքում։ Այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը։
Մեթուլայում զոհվել է 5 մարդ, որոնք աշխատում էին խնձորի այգում։ Նրանցից մեկը Իսրայելի քաղաքացի էր, մյուսները՝ Թաիլանդի։ Եվս մեկ մարդ վիրավորվել է։
Այս հարվածից ժամեր անց Հայֆայի արվարձաններից մեկում գտնվող ձիթապտղի պուրակում զոհվել է ևս երկու մարդ՝ մայրը և նրա չափահաս որդին։ Այսպիսով, Իսրայելի հյուսիսում վերջին մեկ տարվա ընթացքում իսրայելական ուժերի և «Հեզբոլլահ»-ի միջև փոխադարձ հարվածների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընդհանուր թիվը հասել է 39-ի։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հոկտեմբերի 31-ին «Հեզբոլլահ»-ը մոտ 90 արկ է արձակել Իսրայելի տարածք։ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև սահմանային բախումներ են սկսվել 2023 թ. հոկտեմբերի 8-ից՝ Գազայի հատվածից ՀԱՄԱՍ-ի զինյալների՝ Իսրայել ներթափանցումից հետո, որը սկիզբ դրեց պաղեստինյան անկլավում ռազմական գործողությունների։
Իսրայելը սեպտեմբերի վերջին սկսել է ավիահարվածներ հասցնել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին, իսկ հոկտեմբերի 1-ից սահմանափակ ցամաքային գործողություն է սկսել Լիբանանում՝ նշելով, որ ցանկանում է անվտանգ պայմաններ ստեղծել Իսրայելի հյուսիսից տեղահանված տասնյակ հազարավոր բնակիչների վերադարձի համար։
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին մեկ տարում Իսրայելի հարվածների հետևանքով ավելի քան 2600 մարդ է զոհվել, ավելի քան 12 400-ը՝ վիրավորվել, որոնց մեծ մասը՝ վերջին ամսվա ընթացքում։ Բացի այդ, հակամարտության ընթացքում տեղահանվել է շուրջ 1,3 միլիոն մարդ։