Հակառուսական շրջանակների ՀՀ արդարադատության նախարարի թեկնածուն

Երեքշաբթի օրը Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարչությունը հերթական անգամ չընտրեց արդարադատության նախարար թեկնածուների հերթական քառյակից: Հիմա արդեն ՔՊ-ականներն իրենք են ընդունում, որ կադրերի սղության խնդիր ունեն, ու դա է պատճառը, որ նախարարի թեկնածուների պարտադիր պայմանների ցանկից հանվել է նրա՝ ՔՊ-ական լինելու պայմանը: ՔՊ-ականների մեջ, ինչպես հասկանում ենք, բարդ է գտնել նախարարի թեկնածու:

Բայց բանն այն է, որ դրսում նույնպես դժվար է լինելու նախարար գտնել, որովհետև արդարադատության նախարարը թաթախված է լինելու և կիսելու է՝ ինչպես Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու, այնպես էլ՝ հայ-ադրբեջանական սահմանազատման՝ արդեն իսկ ՔՊ-ականների կողմից վավերացված կանոնակարգի պահանջները կատարելու պատասխանատվությունը: Շատերը չեն համաձայնի մտնել դրա տակ, իսկ ահա, այսպես կոչված, «սորոսականները» խնդիր չունեն, և այդ ֆոնին կրկին ակտիվացել են Ներքին գործերի նախարարի (ՆԳՆ) տեղակալ Արփի Սարգսյանի՝ արդարադատության նախարար նշանակվելու լուրերը, հատկապես, որ վերջինս աշխատել է այդ նախարարությունում, զբաղեցրել բարձր պաշտոններ: Արփի Սարգսյանը ՔՊ-ական չէ, նա անկուսակցական է, բայց հակառուսական շրջանակների սիրելի թեկնածու:

Հատկանշական է, որ Արփի Սարգսյանը Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեսասյանի հոգեզավակն է և գտնվում է վերջինիս լիակատար հովանավորության ներքո։ Հանրահայտ փաստ է, որ նա իր ամուսնուն նույնպես տեղավորել է Կարեն Անդրեասյանի մոտ. սկզբում՝ որպես նախարարի խորհրդական, ապա՝ ԲԴԽ նախագահի խորհրդական, իսկ այժմ՝ Դատական դեպարտամենտի ղեկավարի՝ ֆինանսատնտեսական հարցերով տեղակալի պաշտոնին։

Իրականում զավեշտալին այն է, որ ՔՊ-ականները մի կողմից՝ ազատվում են Գրիգոր Մինասյանից, իսկ մյուս կողմից, որպես արդարադատության նախարարի թեկնածու՝ քննարկում են Գրիգոր Մինասյանի ամենամոտ ընկերոջ՝ Կարեն Անդրեասյանի պրոտեժե Արփի Սարգսյանի թեկնածությունը։

Կարդացեք նաև

Արփի Սարգսյանը նաև Արտաքին հետախուզական ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանի գաղափարակից-համախոհն է՝ արևմտյան թևի  միջազգային կառույցներին անվերապահ նվիրվածության իմաստով։

Գործընկերները հումոր են անում, ասելով՝ ՆԳՆ փոխնախարարն ավելի շատ է լինում ԱՄՆ դեսպանատանը, քան ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները։

Իհարկե, դա, թերևս, պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱՄՆ և եվրոպական կառույցներն աջակցում են ՀՀ ոստիկանությանը, ավելին, համապատասխանեցնում են այն ամերիկյան մոդելին, իսկ այդ գործընթացի համակարգողն Արփի Սարգսյանն է:

Արփի Սարգսյանը Քրիստիննե Գրիգորյանի համախոհն է նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի և ՆԳ նախարար Վահե Ղազարյանի դեմ պայքարում, քանզի, այսպես կոչված՝ սորոսականները կամ հակառուսական կողմնորոշմամբ գործիչները ցանկանում են այս պաշտոններում տեսնել իրենց ներկայացուցիչներին։

168.am-ը դեռևս տարեսկզբին էր գրել, որ Արփի Սարգսյանը հետևողականորեն խարխլում է նախարար Վահե Ղազարյանի դիրքերը՝ իր հովանավորների՝ Քրիստիննե Գրիգորյանի, Կարեն Անդրեասյանի և Դանիել Իոաննիսյանի հովանավորությամբ և ԱԺ կառավարող խմբակցության սորոսական թևի պատգամավորների օգնությամբ:

Եվ որքան էլ Կարեն Անդրեասյանը, մեղմ ասած, չի սիրում Քրիստիննե Գրիգորյանին, կան ընդհանուր առավել բարձր նպատակներ, որոնք ստիպում են, որ զգացմունքները քաղաքական կատեգորիա չդառնան: Բայց սրա մասին՝ մեկ այլ առիթով:

Արփի Սարգսյանի ենթականերն էլ են բավականին ուշագրավ բաներ պատմում փոխնախարարի՝ իր ենթակաների հետ շփվելու կերպի մասին, ինչն ամենևին էլ նրա օգտին չի խոսում: Ասում են՝ վերջինս հաշվի չի առնում անգամ մասնագիտական ստորաբաժանումների կարծիքը։ Ընդ որում, այս սինդրոմներն ավելի ցայտուն են դարձել նախարարի տեղակալի պաշտոն զբաղեցնելուց հետո, քանի որ որպես վարչության պետ աշխատելիս եղել է վերադասի հրահանգների հլու-հնազանդ կատարողը։

Բայց Արփի Սարգսյանը, այնուամենայնիվ, ադեկվատ է արձագանքում իր շուրջը տեղի ունեցող իրադարձություններին ու մարդկանց: Օրինակ՝ հասկանում է, որ կինը հագուստ ընտրելիս ու դրանով հասարակության մեջ ներկայանալիս պետք է ընտրի իր տարիքին համապատասխան հագուստ, հատկապես, եթե այդ կինը երկրի առաջին տիկինն է:

Հ.Գ. Ի դեպ, Արփի Սարգսյանն այն փոխնախարարն է, ով ըստ էության արդարացրել էր ոստիկանների անհարգալից, խայտառակ վերաբերմունքը Վեհափառ Հայրապետի նկատմամբ, երբ արգելել էին վերջինիս մուտքը Սարդարապատի հուշահամալիր:

«Պարոն վարչապետն այսօր արձագանքել է, ավելացնելու բան չունեմ: Կա պետական արարողակարգ, և կան պահանջներ, որոնք պետք է պահպանվեն և վերաբերում են հրավիրվածներին: Արարողակարգի գործընկերների փոխանցմամբ տվյալ պահին իրականացվել են ճշգրտումներ և ի սկզբանե հրավիրյալների ցանկում չի եղել, և հետևապես՝ հարցը լուծվել է: Ցանկացած դեպք, այդ թվում՝ այս դեպքը գտնվում է նախարարության հակակոռուպցիոն և ներքին անվտանգության վարչության մոնիտորինգի ուշադրության կենտրոնում: Եթե փաստերի համադրման արդյունքում գտնեն, որ կա ծառայողական քննության կարիք, ապա վստահեցնում եմ՝ այն կլինի»,- նշել էր նա:

Տեսանյութեր

Լրահոս