Վահե Ղազարյանի տակը փորում են բուլդոզերով. Կդիմանա՞ արդյոք նախարարը, թե՞ ՆԳՆ-ում նույնպես տեր ու տիրական կլինեն սորոսականները

Նիկոլ Փաշինյանը երեկ՝ հունվարի 10-ին, այցելել է Ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ)՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Անդրադառնալով Պարեկային ծառայությանը և ընդհանրապես համակարգում նոր կադրերի գործունեության հետ կապված հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Մեր ընկալումն այն է, որ հետագայում՝ երկարաժամկետում, Ոստիկանությունում աշխատելու միակ ուղին պետք է լինի Պարեկային ոստիկանությունը: Այսինքն, եթե որևէ մեկն ուզում է աշխատել Ոստիկանությունում՝ պետք է սկսի Պարեկային ոստիկանությունից, հետո իր կրթական ամեն փուլի համար վերապատրաստվի: Մարդը պետք է իմանա, որ ինքը հնարավորություն ունի աճելու և հասնելու մինչև Ոստիկանության ամենաբարձրագույն ղեկավար կազմ»:

Նախ Նիկոլ Փաշինյանին տեղեկացնենք՝ «ամենաբարձրագույն» ձև հայոց լեզվում չկա: Ածականի գերադրական աստիճանը, եթե 2018թ.-ից հետո նիկոլական իշխանությունն այդտեղ էլ նախկինների հետք չի տեսել ու չի փոխել, կազմվում է կա՛մ նախածանցով, կամ վերջածանցով: Այլ ձև էլ կա, իհարկե, բայց դա վստահաբար նախածանցն ու վերջածանցը միաժամանակ կիրառելը չէ: Այնպես որ, ժամանակն է, որ այդպես էլ բարձրագույն կրթություն չստացած Նիկոլ Փաշինյանն իմանա՝ ճիշտ տարբերակն է՝ բարձրագույն կամ ամենաբարձր:

Կարդացեք նաև

Կառավարությունում, վստահաբար, գիտեն, բայց հո առյուծի կաթ չե՞ն խմել՝ խմբագրեն գերագույնի խոսքը:

Նույն կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «ոստիկանության կառուցվածքային վերափոխման շրջանակներում ծառայությունը զարգանալու է որպես մասնագիտական կառույց 4 հենասյունային ուղղություններով՝ Քրեական ոստիկանություն, Պարեկային ծառայություն, Ոստիկանական գվարդիա և Համայնքային ոստիկանություն», սակայն Նիկոլ Փաշինյանը կա՛մ չի հասկացել, որ խոսքը 4 հավասարազոր, իրարից բնույթով ու բովանդակությամբ տարբեր ուղղությունների մասին է, կա՛մ լավ էլ հասկացել է և այնուամենայնիվ, պարեկային ծառայությունը ստորադասել է մնացած 3 ուղղություններին՝ այդ ծառայությունը համարելով ստորին օղակ:

Դե, իսկ մարդու իրավունքներն ու մնացած մանր-մունր բաները, Փաշինյանի ընկալմամբ, կարևոր չեն, այլապես կհասկանար, որ մարդն ինքն է որոշում՝ ոստիկանության հատկապես ո՞ր ուղղությունն է իր համար հոգեհարազատ, և որտե՞ղ է ուզում աշխատել ինքը:

Սա շատ զվարճալի է հատկապես իր կաբինետի կադրերի զգալի մասի ոչ կոմպետենտության պարագայում, երբ, օրինակ, կյանքում որևէ անգամ որևէ տեղ չաշխատած մեկը նշանակվում է փոխնախարար, զբոսավարը՝ նախարար, իսկ Նիկոլ Փաշինյանի գործավարը դառնում է պատգամավոր: Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել:

Բայց Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության մեջ առավել ուշագրավ հանգամանք կար, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյան-փոխնախարար Արփի Սարգսյան խորը առճակատման ֆոնին բավականին հետաքրքիր հանգուցալուծում է խոստանում:

Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում Պարեկային ծառայության ներդրման ջատագովներից մեկը ու այդ ուղղությունը ներկայումս զարգացնողը ՆԳ փոխնախարար Արփի Սարգսյանն է: Նա է ներկայացնում ծառայության առանձնահատկությունները, մշակում ռազմավարությունը, համակարգում ծառայության աշխատանքները:

Այսպես ասենք՝ Պարեկայինը նա ժառանգություն է ստացել 11 ամիս Մարդու իրավունքների պաշտպան աշխատած, հետո լավ աշխատանքի առաջարկ ստացած ու ՄԻՊ պաշտոնից թռած Քրիստիննե Գրիգորյանից, ով, ի դեպ, դեռևս արդարադատության փոխնախարար եղած ժամանակ ակտիվորեն զբաղվում էր Պարեկային ծառայության ներդրման հարցերով: Մենակ չէր զբաղվում, իհարկե, ինչպես որ հիմա Արփինե Սարգսյանը չէ մենակ զբաղվում, բայց ինչևէ…

Ի դեպ, գայթակղիչ ու առավել լավ աշխատանքն արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնն է, որը հիմա զբաղեցնում է Քրիստիննե Գրիգորյանը, որի անունը, ինչպես ասում են, կա, ամանում չկա…

Վերադառնանք Արփինե Սարգսյան-Վահե Ղազարյան արդեն վաղուց ՆԳՆ պատերից դուրս եկած հակամարտությանը:

Համակարգում համառ լուրեր են պտտվում, որ Արփինե Սարգսյանը շարունակում է հետևողականորեն խարխլել ՆԳ նախարար Վահե Ղազարյանի դիրքերը, և այս հարցում նրան օգնում են ՔՊ-ական որոշ սորոսական պատգամավորներ և ՀԿ-ներ։ Իր մերձավորների շրջանում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը պատմել է, որ երբ նախարարությունը Կառավարության նիստում զեկուցվող հարց է ունենում, ՆԳ նախարար Վահե Ղազարյանն արձակուրդ է վերցնում, քանի որ չի կարող նախագիծ ներկայացնել, որովհետև «չի կարողանում 2 բառ իրար կապել»։

Արփինե Սարգսյանը՝ որպես օրինակ, հիշատակել է այն դեպքը, երբ Կառավարության նիստում պետք է զեկուցվեր Ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը սահմանելու մասին կառավարության որոշման նախագիծը, որի զեկուցումից խուսափելու համար Վահե Ղազարյանն արձակուրդ էր վերցրել։ Արփինե Սարգսյանը հիշատակել է նաև ՀՀ-ում անձնագրային համակարգի կանոնադրությունը և ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին կառավարության որոշման մեջ փոփոխություն կատարելու նախագիծը, որի զեկուցումից ևս խույս տալու նպատակով Վահե Ղազարյանն էլի արձակուրդ է մեկնել։

Իր մերձավորների շրջանում Արփինե Սարգսյանը բառացիորեն ասել է.

«Վահեն անգամ պրիմիտիվ նախագծերը չի կարողանում զեկուցել»։

Տեղին է նաև նշել, որ Արփինե Սարգսյանի հովանավորներն արտաքին հետախուզական ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանն ու Դանիել Իոաննիսյանն են, որոնց հետ էլ վերջինս պարբերաբար հանդիպում է և քննարկում հետագա քայլերը։ Հետևաբար, որքան էլ Վահե Ղազարյանը ջանքեր գործադրի, միևնույն է, Արփինե Սարգսյանից ազատվել չի կարողանալու։

Ի դեպ, հիշեցնենք, որ Արփինե Սարգսյանի ամուսինը՝ Արշակ Վարդապետյանը, ներկայումս Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալն է, Կարեն Անդրեասյանի կադրն ու մտերիմը:

Իսկ Վահե Ղազարյան-Քրիստիննե Գրիգորյան հակամարտությունը խորն արմատներ ունի և գալիս է դեռևս այն ժամանակներից, երբ դեռևս արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը պարեկային նոր ծառայության համար պնդել էր «Շկոդա» մակնիշի մեքենաների գնումը, ում անունը ուղղակիորեն կապվում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախկին տնօրեն Արտյոմ Մովսիսյանի հետ:

168.amը գրել էր, որ նախապես մրցույթին մասնակցելու ցանկություն են հայտնել նաև «Տոյոտա Երևան» և «Ռենո» ընկերությունները, որոնք էլ, ծանոթանալով մրցույթի պայմաններին, հրաժարվել են մասնակցությունից՝ համարելով առաջարկված պայմաններն անիրատեսական:

Այսպես՝ մեր տեղեկություններով՝ մրցույթի պայմաններից մեկը եղել էր այն, որ հաղթող մակնիշի մեքենան պետք է կարողանա 10-12 վայրկյանում զարգացնել 100 կմժ արագություն, պիտի 100 կիլոմետրի համար ծախսի 5-10 լիտր բենզին:

Բացի դրանից, տենդերը հաղթողը մեքենայի վրա պետք է տեղադրեր մի շարք սարքավորումներ: Իսկ դա հոսանքային տեսակետից բավականին ծախսատար է: Ենթադրենք, մեքենայի հոսանքային հզորության հնարավորությունը 60 ամպեր է, սակայն մրցութային հանձնաժողովը, բացի այդ 60-ից, ցանկացել է ևս 100-ից ավելի ամպեր հզորություն: Եղանակն էլ են նշել. մեքենայի վրա տեղադրել փոխարկիչ, որը կապահովի 1500 վտ հզորության և 220 վոլտ լարման հոսանք: Պահանջել են նաև X քանակի փարոսիկներ ու ճաղավանդակներ տեղադրել: Այդ պայմաններում մեքենայի շարժիչը չի կարող դիմանալ:

«Տոյոտա Երևան» և «Ռենո» ընկերությունները գրավոր դիմում են հղել մրցութային հանձնաժողովին՝ նշելով, որ անհնար է այդ պայմաններին բավարարելը, և «Տոյոտա Քեմրի» և «Ռենո» մակնիշի ընկերությունները չեն մասնակցի մրցույթին:

Ժամանակին 168.am-ի ձեռքի տակ էր հայտնվել «Ռենո» ընկերության հղած ռուսերեն նամակը մրցութային հանձնաժողովին, որում ընկերությունը հստակ հիմնավորել էր, թե ինչո՞ւ մրցութային պայմանները բավարարվել չեն կարող ապրիորի: Դրանից հետո, երբ երկու ընկերությունները վերջնականապես հրաժարվել էին մասնակցել տենդերին, և մնացել էր միայն Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախկին տնօրեն Արտյոմ Մովսիսյանի «Շկոդան», փոխվում են մրցույթի  պայմանները, գումար է ավելացվում, որպեսզի «Շկոդան» խնդիրներ չունենա: Նպատակը, ինչպես ասում են, իրագործվում է. թքած, թե տեխնիկական պահանջներն անիրատեսական են,  թքած, թե հետագայում այդ մեքենաները խնդիրներ կունենան, կարևորը՝ «Շկոդայի» հետ գործարքը կկնքվի:

Վահե Ղազարյանը ևս համարել է, որ «Շկոդան» չի դիմանա, և դեմ է եղել այդ մեքենաները ձեռք բերելուն, բայց չի կարողացել պնդել իր դիրքորոշումը: Ժամանակը ցույց տվեց, որ այդ հարցում Վահե Ղազարյանը ճիշտ էր:

Մեր այդ հրապարակումից մոտ մեկ տարի անց ՀՀ ոստիկանությունը Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայություն ներդնելու նպատակով «Տոյոտա-Երևան» ՍՊԸ-ից մոտ 2.5 միլիարդ դրամի ծառայողական մեքենաներ գնեց, ընդհանուր՝ թվով 140 հատ, իսկ պարեկապահակային ծառայության ներդրման համակարգողներից «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն այս գործարքի մեջ կոռուպցիոն ռիսկ տեսավ: Բայց, օրինակ, նույն Դանիել Իոաննիսյանը կոռուպցիոն ռիսկ չէր տեսել «Շկոդաների» մրցույթի հայտարարման ժամանակ, որի տենդերը, ի դեպ,  հայտարարել էր ոստիկանության գնումների պատասխանատուն՝ Արսեն անունով, որի վերահսկողությունն իրականացնում էր Պետական վերահսկողական ծառայության աշխատակից սևանցի իր քավորը:

Կոռուպցիոն ռիսկ չտեսավ նաև այն ժամանակ, երբ ծնունդով սևանցի Քրիստիննե Գրիգորյանին չհետաքրքրեց, թե ինչո՞ւ են փոխվում մրցույթի պայմանները, ո՞նց է լինում, որ մնում է մեկ մասնակից, ի՞նչ նամակներ են հղվում պատկան մարմիններին մրցույթի մյուս մասնակիցների կողմից, ինչո՞ւ են հրաժարվում բավականին շահեկան գործարքից, ինչո՞ւ հետագայում այդքան շուտ շարքից դուրս եկան «Շկոդաները», ինչո՞ւ ամեն ինչ արվեց, որ հաղթի «Շկոդան», և ո՞վ ի՞նչ ուներ այդ գործարքի մեջ:

Եվ կրկին՝ Նիկոլ Փաշինյանի՝ ՆԳՆ այցի մասին

Տարածված հաղորդագրության մեջ անզեն աչքով անգամ նկատելի է, որ Նիկոլ Փաշինյանը խանդավառված է Պարեկային ծառայության գործունեությունից: Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Արփինե Սարգսյանին ու նրա  հովանավորներին հաջողվել է թուլացնել ՆԳ նախարար Վահե Ղազարյանի դիրքերը, և կա կոնսենսուս Վահե Ղազարյանին Արփինե Սարգսյանով փոխարինելու, կհասկանանք առաջիկայում: Այդ փոխատեղումը կնշանակի սորոսականների լիակատար հաղթանակը ՆԳՆ-ում ու մեծ հաշվով նաև իրավապահ համակարգում, ինչի դեմ ըստ էության հիմա ուժերի ներածին չափով պայքարում են 2 պաշտոնյաներ՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը և ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ)  տնօրեն Արմեն Աբազյանը, որի գլխին, 168.am-ի տեղեկություններով, նույնպես սև ամպեր են պտտվում:

Ի դեպ, Արփինե Սարգսյանը նախարար դառնալու հավակնություններ ուներ նաև ՆԳՆ ձևավորման ժամանակ, սակայն, ի վերջո, նախարար նշանակվեց Վահե Ղազարյանը, ինչը մեծ դժգոհություն առաջացրեց սորոսական ՀԿ-ների շրջանում, անգամ հայտարարություններ հնչեցին, որ կդադարեցնեն համագործակցությունը Վահե Ղազարյանի ղեկավարած ՆԳՆ-ի հետ:

Տեսանյութեր

Լրահոս