Պոպուլիզմի 50 երանգները․ քաղաքախոսության վերելքն ու քաղաքականության վախճանը
Հայաստանի ներկայիս աղետալի վիճակը պայմանավորված է նաև հայկական քաղաքական օրակարգի արատավորությամբ։ Քաղաքական օրակարգ՝ դասական իմաստով, գոյություն չունի, քանի որ, բացի բովանդակությունից, խախտված է քաղաքական օրակարգի ձևավորման մեխանիզմը։
Արդյունքում՝ գոյացել է մի ռեֆլեկտիվ համակարգ, որով լցվում է քաղաքական օրակարգի դատարկությունը։ Այդ համակարգի հիմքում պարզ, պարզունակ արձագանքումն է․ իշխանությունը՝ որևէ դեմքով, հանդես է գալիս որևէ հայտարարությամբ (որպես կանոն՝ անհեթեթ), հրապարակ է նետում որևէ հակաբանական թեզ, և գրեթե ողջ քաղաքական, փորձագիտական, մեդիա հանրությունը լծվում է դրա հակադարձմանը։
Տաղավարից՝ տաղավար, եթերից՝ եթեր իշխանական քաղաքական հանրույթի անդամներն ու «փորձագետի» անվան տակ հանդես եկող իշխանական քարոզիչները հիմնավորում են ամենաթարմ հիմարությունը, և միանգամայն նույն սկզբունքով՝ եթերից՝ եթեր ու տաղավարից՝ տաղավար ընդդիմադիր քաղաքական հանրույթի ներկայացուցիչներն ու քարոզիչները քննադատում, ջախջախում ու հայհոյում են իշխանական թեզերն ու դրանց հեղինակներին։
Այս շրջափուլից ամենաշատը շահում է իշխանությունը, այդ նույն անհեթեթությունների հեղինակները, քանի որ անգամ ամենասուր հայհոյանքով պատասխանի դեպքում, նրանց թեզերը տարածվում են և, ի վերջո, անցնելով փառաբանում-քննադատություն ցիկլով, դառնում են քաղաքական օրակարգի բաղկացուցիչ մաս ու հանդուրժվող իրականություն։
Այսինքն՝ գրեթե ողջ քաղաքական, փորձագիտական ու մեդիա հանրությունն ակամայից դառնում է իշխանության թեզերի տարածող՝ էլի ակամայից նպաստելով իշխանական օրակարգի հաստատմանն ու իրագործմանը։
Ասվածն ամենևին չի ենթադրում, թե իշխանության հայտարարությունները, նախաձեռնություններն ու թեզերը չպետք է քննարկվեն ու քննադատվեն։ Դա, բնականաբար, պետք է լինի քաղաքական օրակարգի անբաժանելի մասը։
Խնդիրն այն է, սակայն, որ Հայաստանում դա ոչ թե քաղաքական օրակարգի մաս է, այլ հենց դա է քաղաքական օրակարգը։ Եվ արդյունքում ստացվում է, որ քաղաքական օրակարգին իրականում փոխարինել է իշխանության կամ առավելապես իշխանության օրակարգը։
Այս իրավիճակն ունի բազմաթիվ խորքային պատճառներ, որոնց ինտեգրալ արտահայտությունն այն է, որ Հայաստանում լայն իմաստով չի գեներացվում իշխանության օրակարգին այլընտրանքային, բովանդակորեն այլընտրանքային օրակարգ, իսկ ներկայացվողը հիմնականում կրում է «իշխանությունը դավաճան է, մենք՝ հայրենասեր» կարգախոսը՝ առանց լուրջ բովանդակության։ Բայց խնդիրն այն չէ, որ իշխանության մեջ ու դրա շուրջ հավաքված են մեծ թվով ինտելեկտուալներ, իսկ ընդդիմադիր հատվածներում դրանք բացակայում են։ Ճիշտ հակառակը՝ իրականում ընդդիմադիր քաղաքական, փորձագիտական, քաղաքացիական հատվածներում ինտելեկտուալ ռեսուրսը բազմապատիկ ավելի է, քան իշխանության դաշտում։ Խնդիրն այլ է։
Իշխանությունն իր ունեցած սահմանափակ ինտելեկտուալ ռեսուրսն իշխանական լծակների ու անսահմանափակ ֆինանսների հաշվին օգտագործում է բազմապատիկ ավելի բարձր արդյունավետությամբ, քան իրացվում է հակառակ դաշտում առկա բազմապատիկ ավելի մեծ ինտելեկտուալ ռեսուրսը։
Եթե ավելի պարզ, իշխանությունն իր հայեցակարգային-ծրագրային քաղաքականությունը կառուցում է ալգորիթմի սկզբունքով, իսկ ընդդիմադիր դաշտում մենք տեսնում ենք բազմաթիվ ինտելեկտուալների սոսկ անհատական աշխատանք՝ առանց համակարգման ու բանաձևումների։
Ընդ որում, իշխանության ալգորիթմի լավ աշխատանքն ամենևին կապ չունի դրա «արտադրանքի» որակի հետ, այլ պարզապես լավ է աշխատում՝ որպես համակարգ։ Այսինքն՝ եթե իշխանությանը պետք է քաղաքական օրակարգ ներմուծել ու դրանում հաստատել «այստեղ հաց, այստեղ կաց» էժանագին թեզը, ալգորիթմն աշխատում է դրա ուղղությամբ՝ թքած ունենալով, որ դա հակապետական, հակաարժեքային գաղափար է։
Եվ հակառակը՝ ընդդիմադիր դաշտում այդ թեզի քննադատությունը մնում է սոսկ անհատական մակարդակում, քանի որ անգամ ռացիոնալ կարծիքներն ու գաղափարները չեն դրվում մեկ միասնական ալգորիթմի մեջ։
Կան նաև այլ, ավելի հիմնարար, ընդհուպ՝ մտածողության մակարդակի խնդիրներ։ Գործող իշխանության հիմքը պոպուլիզմն է՝ դրա ամենաայլասերված դրսևորումներով։ Այդ իշխանության դեմ պայքարողներից շատերին թվում է, թե արդյունավետ միջոցը պոպուլիզմին հակապոպուլիզմը հակադրելն է, ինչն ի սկզբանե դատապարտված մոտեցում է և, ի վերջո, հանգում է իշխանությանն իշխանությունից ավելի լավ հայհոյելու մրցավազքի։ Նաև դրա արդյունքում, քաղաքականությունը, որ պետք է օրգանապես կապված լինի քաղաքագիտության հետ, իրականում վերածվում է քաղաքախոսության, քանի որ քաղաքագիտության մեջ գիտությանը փոխարինում է խոսքը. ոմանց դեպքում՝ էմոցիոնալ, որոշների մոտ՝ պաթետիկ, երրորդների պարագայում՝ հայհոյախառն։
Այն դեպքում, երբ իրական քաղաքականությունը պետք է հիմնվի գիտելիքի, գիտելիքի վրա կատարվող վերլուծությունների, հաշվարկների, սցենարների մշակումների վրա։ Բայց դա դժվար, երկարատև ու կարճաժամկետ առումով քաղաքական դիվիդենտ և մեծ լսարաններ չապահովող զբաղմունք է։
Դրա համար էլ Հայաստանի քաղաքական օրակարգը լցված է գրեթե ամեն ինչով, բացի քաղաքականությունից, որն իմիտացվում է քաղաքախոսությամբ։
Հարություն Ավետիսյան