«Ադրբեջանի մոտ ցուցակները կան. ամբողջ հայ ժողովրդին սրանք դարձնում են հանցագործ». Էդգար Ղազարյան

«Իմ կյանքի վերջին շրջանում հալածանքի բոլոր ձևերը կիրառել են՝ բացի սպանելուց. և՛ բռնություն են գործադրել՝ խուլիգանների միջոցով, և՛ բռնություն են գործադրել՝ դիմակավորված ոստիկանների միջոցով, և՛ քրեական վարույթներ են նախաձեռնել, և՛ քաղաքացիական հայցեր են ներկայացրել, և՛ աշխատանքից են ազատել, նույնիսկ ակադեմիական աշխատանքի հնարավորություն չեմ ունեցել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:

Նա նշեց, որ ՍԴ աշխատակազմի ղեկավար նշանակվել է Հրայր Թովմասյանի կողմից, ոչ թե՝ Նիկոլ Փաշինյանի. «Ես իմ զբաղեցրած պաշտոններով այս իշխանությունների հետ որևէ առնչություն չեմ ունեցել, իսկ թե երբ եմ հասկացել, որ այդ հեղափոխությունն ադրբեջանաթուրքական է, դա եղել է 2020 թվականի պատերազմից հետո: Այդ ժամանակ ես հասկացա, որ սա մտածված հանցագործություն է հայ ժողովրդի դեմ, և, որ այդ ամենի շահառուն Ադրբեջանն ու Թուրքիան են: Պատերազմի հետևանքները ցույց տվեցին, թե ովքեր են դրա իրական շահառուները: Իսկ 2018-ին մեր ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգական դեպքերն ադրբեջանաթուրքական որակելով՝ ոչ թե նկատի ունեմ դրա ազնիվ մասնակիցներին, ինչպես հանիրավի փորձում են ներկայացնել տգետները, այլ այն մարդիկ, ովքեր դուրս են եկել փողոց, ուղղակի դարձել են ադրբեջանաթուրքական իրական զոհերը»:

Նա նկատեց՝ Ալեն Սիմոնյանն ասում էր՝ Հայաստանն ունի ապագա, Արցախն ունի ապագա, ծափե՜ր:

Կարդացեք նաև

Դիտարկմանը՝ Ալեն Սիմոնյանն ասում է՝ հիմա այլ իրավիճակ է, նա արձագանքեց. «Վաղն էլ կարող են ասել՝ հիմա այլ իրավիճակ է, Երևանը Թուրքիա է, և վերջ: Բայց այդ իրավիճակը որ փոխվում է իրենց պաշտոնավարման շրջանում, դրա համար պատասխանատվություն պետք է կրեն, չէ՞: Դա պետք է արտահայտվի՝ իշխանությունից հեռացնելով: Հիմա, իրենք իշխանությունը զավթել են, իշխանությանը քննադատող մարդկանց խոսքն ամեն կերպ փակում են: Մի նախադասությունն ասում ես, ասում ես՝ ատելություն ես տարածում, մյուս նախադասությունն ասում ես, ասում են՝ վիրավորում ես. նրա համար՝ 3 միլիոն դրամ, սրա համար՝ երեք տարի: Այսինքն՝ իրենց պետք է միայն գովես, Ալեն Սիմոնյանին պետք է ասես՝ էս ինչ սիրուն ես, էս ինչ սիրուն պոչ ունես, ճակատ ունես, չգիտեմ՝ ով ինչ է տեսնում դրան տեսնելիս: Եթե հանկարծ ասես՝ պոչդ սիրուն չի, ուրեմն դա կարող է լինել վիրավորանք, զրպարտություն կամ ատելության խոսք»:

Նա արձանագրեց, որ այն, ինչ տեղի է ունենում հետպատերազմյան շրջանում, կապիտուլյացիայի վերջնականացման փուլն է. «Այսինքն՝ մի կապիտուլյացիա ստիպել են՝ Փաշինյանը ստորագրել է նոյեմբերի 9-ին, երկրորդ կապիտուլյացիան ստիպել են՝ ստորագրել է հոկտեմբերի 6-ին, և հիմա նախապատրաստվում է վերջնական ՀՀ կապիտուլյացիայի ստորագրումը, որը կարելի է համարել սահմանային հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելով:

ՍԴ որոշումը դրա մասին է՝ վերջնական կապիտուլյացիայի, երբ կասկածի տակ են դնում ՀՀ Անկախության հռչակագրի իրավազորության հարցը: Եթե նկատել եք՝ այդ կանոնակարգի վավերացման հարց Ադրբեջանում չի սկսվել, խոսք անգամ չկա այդ մասին, իսկ այդ կանոնակարգի մեջ նշված է, որ ուժի մեջ է մտնում երկու երկրների կողմից սահմանված կարգով վավերացնելուց և վավերացման գործընթացի ավարտի մասին կողմերի՝ միմյանց տեղեկացնելուց հետո: ՀՀ-ում վավերացման գործընթացը կավարտվի հոկտեմբերի վերջին, բայց դա ուժի մեջ չի մտնելու, որովհետև Ադրբեջանում նույնը տեղի չի ունեցել, չի էլ լինելու:

Ադրբեջանում ինչ պետք էր՝ ստացավ: Ադրբեջանը դա չի անելու, այդ փաստաթղթերը վավեր չեն լինելու, բայց Ադրբեջանն արդեն ունի իրավական ակտեր՝ ՀՀ կառավարության որոշում, ՍԴ որոշում, ԱԺ վավերացում: Այսինքն՝ մեր իշխանության բոլոր թևերը՝ Օրենսդիր, Գործադիր, Դատական, և Հանրապետության նախագահն այդ փաստաթղթի տակ դնում են ստորագրումը և դա ընդունում: Ադրբեջանն էլ ասելու է՝ ձեր երկրի ՍԴ-ն է, չէ՞, ասել, որ 1991 թվականից այս սահմաններից այն կողմ Ադրբեջան է, կարո՞ղ եմ իմանալ՝ 1991 թվից հետո ով Հայաստանից եկել է Ղարաբաղ՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների կնիք ստացե՞լ է անձնագրի մեջ, ուրեմն՝ ապօրինի հատել է Ադրբեջանի պետական սահմանը:

Ռուբեն Վարդանյանին ներկայացված մեղադրանքներից մեկը դա է: Հիմա այն հայերը, ովքեր մեկ անգամ եղել են Արցախում, ՀՀ ՍԴ որոշմամբ իրենց վերաբերելու է Ռուբեն Վարդանյանին ներկայացված մեղադրանքը՝ Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելը: Հայաստանի իշխանությունները, հանցագործ լինելով, ամբողջ հայ ժողովրդին դարձնում են հանցագործ: Սրանք գիտակցո՞ւմ են, որ ՍԴ որոշումով Հայաստանի անվտանգային շահերին ժամանակին ծառայած անձանց անուններով, պաշտոններով, կոչումներով Ադրբեջանի գլխավոր դատախազի մոտ կա, մի որոշում է պետք՝ միջազգային հետախուզում հայտարարելու համար:

Հլա թող ամռանը գնան Ուռեկի. Վրաստանի սահմանապահի համակարգիչը անձնագիրդ տեսավ՝ կարմիր էկրանը բացելու է, ասի՝ միջազգային հետախուզման մեջ եք: Հլա թող էժան գներով գնան Հռոմ, Շենգենի առաջին սահմանապահին թող հանդիպեն Հռոմի օդանավակայանում, ասելու է՝ Դուք Արցախում եք եղել, ձեր երկրի օրենսդրությունն էլ ասում է՝ դա ուրիշ երկրի տարածք է, ի՞նչ իրավական հիմքով եք գնացել: Ամբողջ ժողովրդին են սրանք դարձնելու հանցագործ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս