Ինչո՞ւ Ալիևը հուլիսյան քառօրյա մարտերի «տաք հետքով» պաշտոնանկ արեց հենց Մամեդյարովին. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Մամեդյարովը նախօրեին հայտարարել է, թե չարժե տածել պատրանք, որ Ռուսաստանը դուրս է գալու Կովկասից:

Ինչո՞ւ եմ նրա այդ միտքը համարում ուշադրության արժանի: Ի վերջո, այդ առնչությամբ տեսակետները շատ տարբեր են եւ Մամեդյարովն առաջին ու վերջին մարդը չէ, որ ասում է, թե Ռուսաստանը դուրս չի գա Կովկասից:

Կան մարդիկ պնդում են, որ հենց ինքը Ռուսաստանն էլ հեռանում է, մարդիկ կան, որոնք հակառակն են պնդում: Բայց Մամեդյարովի պարագան արժանի է ուշադրության, քանի որ այդ միջոցով մենք կարող ենք մի փոքր ընդլայնել մեր պատկերացումը 2020-ի իրադարձությունների վերաբերյալ, բացել դրա դիտանկյան մի նոր անկյուն:

Ինքս թեմային անդրադարձել եմ դեռ այդ ժամանակ, այժմ պարզապես «վերհիշենք»:

Ե՞րբ պաշտոնանկ եղավ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: 2020 թվականի հուլիսի 16-ին: Ի՞նչ պահ, ի՞նչ փուլ էր 2020 թվականի հուլիսի 16-ը: Հուլիսի 12-16-ին, այսպես ասած, տավուշյան մարտերն էին, որտեղ Ադրբեջանը կրեց անհաջողություն, ինչի հետեւանքով Բաքվում կազմակերպվեցին բողոքի մեծ ցույցեր: Եղավ Ալիեւի հայտնի հայտարարությունը, թե՝ ինձանից պահանջում եք պատերազմով «ազատագրել» մեր հողերը, բայց ոչ մեկդ պատրաստ չեք գնալ պատերազմ:

Տավուշյան իրադարձություններն իսկապես շատ ուշագրավ էին, ոչ սովորական, բազմաթիվ հարցեր առաջացնող: Ինքս, անդրադառնալով դրանց, հենց առաջին օրը ուշադրության եմ արժանացրել Թուրքիայի ԱԳ նախարարության հայտարարությանը, որն ավելի շատ ուղղված էր Ռուսաստանին եւ կարծես թե ուներ հետեւյալ տրամաբանությունը՝ «այս ի՞նչ եք անում»:

Ընդ որում, Թուրքիան արձագանքել է հենց հուլիսի 13-ի առավոտյան, երբ դեռ մի քանի ժամ առաջ էր եղել ըստ էության քառօրյա մարտերի բռնկումը՝ հուլիսի 12-ի երեկոյան:

Ահա այդ համատեքստում, Ալիեւը հուլիսի 16-ին պաշտոնանկ է անում Մամեդյարովին: Ուշադրության արժանացնենք, ըստ էության քառօօրյա ռազմական անհաջողությունից հետո նա պաշտոնանկ է անում ոչ թե պաշտպանության նախարար կամ ԶՈՒ ԳՇ պետ, այլ՝ արտգործնախարար: Արտգործնախարար, որն այդ պաշտոնին էր դեռեւս 2004 թվականից, փաստացի ուղեկցել էր իրեն նախագահական ժամկետի ըստ էության հենց սկզբից: Իսկ Մամեդյարովը Ադրբեջանի ԱԳՆ-ում է դեռեւս ադրբեջանական ԽՍՀ շրջանից՝ 1982 թվականից: Այսինքն, բավականին նշմարելի է հետագիծը՝ Մամեդյարովը սովետական, ըստ էության՝ սովետա-ռուսական կադր է:

Եվ հարց է առաջանում, Ալիեւն ինչո՞ւ հուլիսյան քառօրյա մարտերի «տաք հետքով» պաշտոնանկ արեց հենց նրան: Արդյո՞ք դա քայլ չէր Ռուսաստանի դեմ, գուցե, իհարկե, արված Թուրքիայի պահանջով: Հենց դրա համար եմ հիշատակում, եւ այն ժամանակ էլ ուշադրության եմ արժանացրել Թուրքիայի ԱԳՆ աննախադեպ օպերատիվ հայտարարությանն այդ օրերին:

Արտգործնախարար նշանակվեց Բայրամովը, մարդ, ըստ էության «ոչ մի տեղից», այսինքն՝ արտաքին քաղաքականության հետ կապ չունեցած: Այդ նշանակման առիթով էլ դեռ այն ժամանակ գրեցի, որ ըստ ամենայնի Ալիեւին արցախյան հարցում այլեւս «պետք չէ արտգործնախարար»»:

Տեսանյութեր

Լրահոս