Ինչպես հույները հաստատվեցին Արցախում, հիմնադրեցին գյուղ և սկսեցին զբաղվել հանքարդյունաբերությամբ

Հայաստանում և Արցախում ազգային փոքրամասնություններից են հույները, ովքեր մեր երկրում ապրել են դեռ հնագույն ժամանակներից:

Հույների առավել մեծ հոսք դեպի Հայաստան և Արցախ, սակայն, տեղի է ունեցել 18-րդ դարում: Առաջին հույները Հայաստան և Արցախ են եկել Տիգրան Մեծի օրոք, որոնց Կիլիկիայից դեպի նոր կառուցված մայրաքաղաք Տիգրանակերտ և մի շարք այլ բնակավայրեր բերեց Տիգրան Մեծը: Հույների ամենամեծ հոսքը Հայաստան եղել է 1760-ականներին:

Հույների Հայաստան ներգաղթի, լեզվական առանձնահատկությունների և մեր օրերում նրանց թվաքանակի մասին կան հետևյալ տեղեկությունները.

Կարդացեք նաև

«Ինչպես ողջ Անդրկովկասի, այնպես էլ Հայաստանի հույները խոսում են հունարենի պոնտական բարբառով, որը հնագույն հունարենի` իոնական հունարենի տարաձևությունն է։ Շատերը Տրապիզոնից և Կարսի մարզից 19-20-րդ դարերում գաղթածներ են (ինքնանվանում` Ռոմեյուս)։ Հայաստանի բոլոր հույները վարժ խոսում են և հայերեն։ Ներկայումս Հայաստանում բնակվում է 1000-1500 հույն և ևս 100-ը Արցախի Հանրապետությունում»: (Տե՛ս՝ Գ. Ասատրյան, Վ. Առաքելովա, «Հայաստանի ազգային փոքրամասնությունները», Երևան, 2002, էջ 11):

Արդեն իսկ 18-րդ դարում հույների՝ Արցախում հաստատվելու մասին գրում է հայ մեծանուն գրող Րաֆֆին: Նա 1881 թվականի հուլիսին ուղևորություն է սկսում դեպի Սյունիք և Արցախ։ Րաֆֆու ճանապարհորդությունը տևում է մոտ 2 ամիս։ Այդ ճանապարհորդության մասին գրելիս Րաֆֆին գրում է նաև Արցախում տեսած հույների մասին, ովքեր զբաղվում էին հանքի շահագործմամբ.

«Վերջապես հասանք Մեհմանայի հանքերին: Այդ հարուստ հանքերը գտնվում են Հայոց Մեհմանա գյուղի ավերակներից ¾ վերստ հեռավորության վրա: Երևում է, մի ժամանակ հանքերի մերձակայքում եղել է Հայոց խիտ ազգաբնակություն, որպես ցույց են տալիս Սովուկ-Բուլաղ և Սամբակ գյուղերի ավերակները, որոնք ծածկված են անտառի տակ: Ավերակ եկեղեցիների մեջ ահագին ծառեր են աճել: Հանքերը բովագործում են հույներ, որոնք ընտանիքով բնակվում են անտառի խլության մեջ փոքրիկ փայտաշեն խրճիթներում. ինձ շատ բարի մարդիկ երևացին այդ գործավորները. մեկը համարյա ուժով մեզ տարավ իր խրճիթը և հյուրասիրեց թեյով: Նրա կինը ազգով հայ էր, բոլոր երեխաները խոսում էին հայերեն: Հանքը պղնձի է, բովագործում են բոլորովին նահապետական ձևով, այսուամենայնիվ, մեկ պուդից ստացվում է 7 ֆունտ զուտ պղինձ: Պղնձի հանքին շատ մոտ գտնվում է մի արճիճի հանք, որ խառն է արծաթի հետ, բայց վարպետները այնքան անհմուտ են, որ չեն կարողանում արծաթը բաժանել արճիճից: Հանքերը գտել են հիշյալ հույները, մի մասը վաճառել են մի շուշեցի վաճառականի և նրա փողով բովագործում են»: (Րաֆֆի, երկերի ժողովածու, հատոր 9-րդ, էջ 284-285):

Րաֆֆիի հիշատակած Մեհմանա գյուղը գտնվում է Արցախում՝ Մարտակերտի շրջանում: Մեհմանա գյուղի անունը հունական է, որը թարգմանաբար նշանակում է հանքատեղի: Գյուղն ունեցել է նաև Բերզենի անվանումը:

Գյուղի հիմնադրման մասին կա մեկ հետաքրքիր պատմություն.

«Թուրքական կառավարության հավատափոխ լինելու պահանջին հակառակ, Տրապիզոնի հարավից մի խումբ հույն և երկաթագործներ, հույն Խարալամպիի առաջնորդությամբ գաղթում են դեպի Հայաստան։ Անիի ավերակների մոտ 147 տարեկան Թագուհի անունով մի կին նրանց խորհուրդ է տալիս գնալու Արցախ։ 1740-ական թվականներին նրանք հասնում են Շուշի։ Իսկ երբ անգլիացի երկրաբանները 1752 թվականին Արցախի Մեհմանա գյուղի մերձակայքում, անտառապատ լեռան լանջերին հայտնաբերում են մեծ պաշար ունեցող բազմամետաղների հանքավայր, հատկապես արծաթահանքերը, հանքի շահագործումը սկսելուց հետո աշխատող, հիմնականում հույն բանվորները այստեղ իրենց բնակվելու համար տներ են կառուցում։ Հետո անգլիացի կառավարիչը իր փոխարեն կառավարիչ նշանակելով մի հույնի, մեկնում է հայրենիք։ Հույնը Հունաստանից աշխատանքի և բնակվելու է հրավիրում իր ազգակիցներին, որոնք էլ, հայերի հետ միասին, բնակություն հաստատելով այդ տարածքում, կառուցում են բնակավայր, այն անվանելուվ Մեհմանա»: (Տե՛ս Մանուկյան Մ., Արցախի (Լեռնային, Ղարաբաղ) Հանրապետության Շրջանները, Քաղաքները, Գյուղերը. Երևան, 2020, էջ 290):

Արցախի Մեհմանա գյուղում վերջին մարդահամարը տեղի է ունեցել 2015 թվականին: Այդ ժամանակ գյուղում ապրել է 26 մարդ: Արցախում հույներ ապրել են նաև Ստեփանակերտում: Պատմական և հուշագրական փաստերը համադրելով՝ տեսնում ենք, որ հույների մեծ հոսք Հայաստան և Արցախ սկսվեց 18-րդ դարից և շարունակվեց նաև 19-րդ դարում: Արցախ եկած հույները սկսեցին զբաղվել հանքարդյունաբերությամբ:

Նույն արդյունաբերական գործը արեցին նաև այն հույները, ովքեր եկան Հայաստան: Րաֆֆիի հուշը փաստում է այն իրողությունը, որ Արցախում հույները զբաղվում էին հիմնականում պղնձի և արճիճի հանքարդյունաբերությամբ: Հիմնադրված գյուղի՝ Մեհմանա անունը ևս փաստում է, որ այդ շրջանում Արցախի մետաղական հանքարդյունաբերության կարևոր գործով զբաղվում էին նաև հույները: Հույները Հայաստանում և Արցախում հաստատվելով՝ բերեցին նաև իրենց կրոնական, ճարտարապետական մշակույթը: Դա հատկապես իրագործվեց Հայաստանում: Հաջորդիվ հոդվածում կանդրադառնանք Սյունիքի մարզում հույների վարած հանքարդյունաբերական և եկեղեցաշինական գործունեությանը:

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս