
5000 հայի մա՞հն է «Հայաստանի անկախության ամրապնդումը», Տասնյակ հայ երեխաների մա՞հը ծառայեց «երկրի անկախության» ամրապնդմանը. Աբովյան

Արցախի ժամանակավոր կորուստը շարունակում է լինել հայկական քաղաքականության գլխավոր գործոններից մեկը։ Հասկանալի է, որ արցախյան թեման Հայաստանի քաղաքական դաշտում յուրաքանչյուր քաղաքական ուժ դիտարկում է իր ռակուրսից։ Բայց դրա հետ մեկտեղ հայ հասարակության մեջ կա կոնսենսուս, որ Արցախի ժամանակավոր կորստի ուղղակի մեղավորները հայաստանյան ներկայիս իշխանություններն են։
Փաշինյանական իշխանությունը դա գիտի և իր արդարացման համար միանգամայն հրեշավոր փաստարկ է հորինել, որ Արցախի կորուստը ըստ էության «բարիք» է, և հենց Արցախի կորուստն է երկրին տվել «իսկական անկախություն»։
Դա մոտավորապես հնչում է այնպես, որ ձեր հարևանը ցանկանում էր սպանել ձեր երեխային, դուք պաշտպանում էիք նրան և ինչ-որ պահի որոշեցիք, որ հոգնել եք ձեր երեխային պաշտպանելուց, ինչի արդյունքում հարևանը սպանեց ձեր երեխային: Հետո դուք եկաք տուն եւ ձեր ընտանիքին տեղեկացրեցիք, որ դուք հրաժարվել եք պաշտպանել ձեր երեխային, քանզի դա նպատակահարմար չէր եւ ասացիք, որ սարսափելի բան չի պատահել ձեր երեխայի սպանության արդյունքում` պետք է դիտարկել երեխայի սպանության դրական կողմերը.
Եվ սկսում եք պատմել ձեր տան անդամներին որ, ի վերջո, ձեր երեխայի մահից հետո տանը ավելի շատ տեղ է ազատվել, սառնարանում ավելի շատ սնունդ կա, և հարևանն այլևս սպանելու «բան» չունի, քանի որ նա արդեն սպանել է ձեր բոլոր երեխաներին եւ սպառնալիքն արդեն վերացել է` շուտով դուք խաղաղություն կստանաք, «բարիշելով» ձեր երեխային սպանող հարևանի հետ եւ հանգիստ կապրեք:
Ահա մոտավորապես այսպես է հնչում «Արցախի կորուստը մեզ իսկական անկախություն տվեց» արտահայտությունը։
Այնուամենայնիվ, դուք պարզապես պետք է հասկանաք, որ այն բանից հետո, երբ ձեր հարևանը սպանեց ձեր վերջին երեխային, հաջորդը ձեր հերթն է գալիս, և եթե դուք չկոտրեք ձեր մարդասպան հարևանի գլուխը, ապա նրա զոհերի ցուցակում հաջորդը դուք կլինեք:
Եւ վերջում ընդամենը մի քանի հարց նրանց, ովքեր Արցախի ժամանակավոր կորուստը համարում են «երկրի ինքնիշխանության և անկախության ամրապնդում».
1. Ուրեմն` հինգ հազար հայի մա՞հն է «Հայաստանի անկախության ամրապնդումը»:
2. 2020 թվականի հոկտեմբերի 4-ին Մարտունիում թուրք-ադրբեջանական օկուպանտների կողմից թիրախավորված հրետանային հարվածի հետևանքով սպանվել են 9-ամյա աղջնակը և նրա 2-ամյա եղբայրը: Տասնյակ հայ երեխաների մա՞հը ծառայեց «երկրի անկախության» ամրապնդմանը:
3. Ոչնչացված եկեղեցիներ և ավերված հայկական գերեզմանատներ Արցախում, սա էլ ծառայե՞ց «երկրի անկախության» ամրապնդմանը։
4. Թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Հայաստանի ռազմավարական տարածքների օկուպացիան, հայկական գյուղերի գնդակոծություններն ու ադրբեջանցիների հավակնությունները Հայաստանի ողջ տարածքի ուղղությամբ նույնպե՞ս ծառայում են «երկրի անկախության ամրապնդմանը»:
Պատասխանեք այս հարցերին և հետո հարցրեք ինքներդ ձեզ` իսկ ո՞ր երկրի անկախության ամրապնդման մասին են խոսում փաշինյանական իշխանությունները։ Ինչ-որ բան ինձ հուշում է, որ սա Հայաստան չէ։
Եզրակացություններն արեք ինքներդ:
Արման Աբովյան
«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր