
ԱՊՀ գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 10-ին, Դուշանբեում

ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի 10-ին, Դուշանբեում: Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Համագործակցության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«ԱՊՀ-ում Տաջիկստանի նախագահության շրջանակներում եզրափակիչ և կարևոր միջոցառումները կկայանան հոկտեմբերի 10-ին, Դուշանբեում. սա ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովն է», – Լեբեդևն ասել է Դուշանբեում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքների շուրջ կայացած ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ գագաթնաժողովին կնախորդի Համագործակցության արտաքին գործերի նախարարների խորհուրդը։
Բացի այդ, Լեբեդևը նշել է ԱՊՀ-ում Տաջիկստանի հաջող նախագահությունը։
«Ցանկանում եմ նշել Տաջիկստանի հաջող նախագահությունն ԱՊՀ-ում, երկրի բոլոր կառույցներն ակտիվորեն գործարկվել են նախագահության հայեցակարգի իրականացման գործում, որը պատրաստվել էր 2024 թ. դեկտեմբերի սկզբին», – ասել է նա։
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին հայաստանյան պատվիրակությունը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։