Բաժիններ՝

Բայդենն արձագանքել է Թրամփի մեղադրանքներին և հայտարարել, որ ինքն է նախագահական որոշումներ կայացրել

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հերքել է գործող նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքները փաստաթղթեր ստորագրելու համար ավտոգրիչ (սարք, որն ավտոմատ կերպով վերարտադրում է անձի ստորագրությունը) գործածելու վերաբերյալ։

Այս մասին հայտնում է Reuters-ը։

Հունիսի 4-ի ուշ երեկոյան հայտարարության մեջ Բայդենը մերժել է այդ ենթադրությունները։

«Թույլ տվեք հստակեցնել. ես եմ որոշումներ կայացրել իմ նախագահության ընթացքում։ Ես եմ որոշումներ կայացրել ներման, կատարողական հրամանագրերի, օրենսդրության և հռչակագրերի վերաբերյալ։ Ցանկացած ենթադրություն, որ դա ես չեմ արել, զավեշտալի է և սուտ», – ասել է նա հայտարարության մեջ։

Բայդենի թիմը նաև հայտարարել է, որ ավտոգրիչի օգտագործումը նախագահական որոշմամբ արդեն իսկ հաստատված իրավական պրակտիկա է։

Հանրապետական ​​Թրամփը վաղուց է պնդում, որ 2020 թվականի նախագահական ընտրություններում իրեն հաղթած դեմոկրատ Բայդենը մտավոր անգործունակ է եղել։ Ըստ Թրամփի՝ Բայդենի չորս տարվա պաշտոնավարման ընթացքում հուշագրեր, կատարողական հրամանագրեր և ներում շնորհելու համար ավտոգրիչի օգտագործումը կարող է անպատշաճ լինել, ինչը կարող է այդ փաստաթղթերն անվավեր դարձնել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան իրավական խորհրդականին հանձնարարել է գլխավոր դատախազի հետ խորհրդակցելով հետաքննել՝ արդյոք «որոշ անձինք դավադրություն են կազմակերպել՝ խաբելու հանրությանը Բայդենի հոգեկան վիճակի վերաբերյալ և հակասահմանադրական կերպով իրականացրել են նախագահի լիազորություններն ու պարտականությունները»:

Բայդենի գրասենյակն ավելի վաղ հայտարարել էր, որ նախկին նախագահի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակ։ Չնայած քաղցկեղի ախտորոշումից հետո Բայդենին առողջություն մաղթելուն՝ Թրամփը շարունակում է քննադատել նրան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս