Համոզում ես հավատալ «Բենթլիով ընդդիմությանը», որ ի՞նչ անես

ՀԱԿԿ համագումարում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն ու նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանին։ Ասել է թե՝ քաղաքագիտական երկխոսության թեմային։ «Շատերը սվիններով դիմավորեցին մեր այն գաղափարը, թե ինչպե՞ս կարելի է հանկարծ ԲՀԿ-ի հետ համագործակցել, չէ՞որ նրանք, չէ՞որ նրանք…»: Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «ի՞նչ վատ բան էր, եթե կարողանայինք պոկել այսօր մեկին, մյուս օրը՝ մյուսին»:

Իհարկե, անհնար է չհամաձայնել Տեր-Պետրոսյանի մտքի հետ, թե «Քանի դեռ խոշոր բուրժուազիան ու իշխանությունը սերտաճած են, ոչ մի հնարավորություն գոյություն չունի այս երկրում բան փոխելու»:

Սակայն հակասությունն այստեղ ուղղակի աչք է ծակում։

Լավ, մի պահ ենթադրենք, որ հաջողվում է ԲՀԿ-ին պոկել իշխանությունից, համատեղ պայքարել և հասնել իշխանափոխության։ Այդ դեպքում ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն (ասել է թե` մի քանի խոշոր փողատերեր՝ Ծառուկյանի գլխավորությամբ) իշխանությո՞ւն են դառնում։ Այսինքն՝ կրկին ունենում ենք իշխանության և բիզնեսի հիբրի՞դ։ Ի՞նչ պետք է անի այդ ժամանակ ՀԱԿԿ-ն։ Փորձի ազատվե՞լ ԲՀԿ-ից, թե՞ ԲՀԿ-ին փորձի ստիպել հրաժարվել հարստությունից…

Վերը նշվածը կամ ֆանտաստիկա է, կամ մարդկանց հիմարացնելու փորձ։
ԲՀԿ-ն, ի վերջո, նույն Գագիկ Ծառուկյանն է՝ մեկ անձի վրա հիմնված կուսակցություն։ Իսկ Ծառուկյանը նախևառաջ գործարար է։ Խոշոր գործարար։ Իսկ ցանկացած գործարար իրերին (այդ թվում՝ քաղաքականությանը) նայում է՝ առաջնորդվելով բիզնես տրամաբանությամբ։ Ցանկացած պրոցեսի մեջ մտնելուց առաջ գործարարը հաշվարկում է շահելու շանսերն ու հնարավոր ռիսկերը։ Եթե ռիսկը մեծ է, իսկ հաղթելու շանսերը՝ փոքր, ապա բիզնես պրոյեկտը կյանքի չի կոչվում։

Իսկ Գագիկ Ծառուկյանը բավականին լավ հաշվարկում է այդ ամենը։ Դրա համար էլ կամուրջները երբեք չի այրում իշխանության հետ։ Քննադատում է կառավարությանն ու վարչապետին, սակայն՝ ոչ նախագահին։ Անձամբ չի մասնակցում նախագահի երդմնակալությանը, սակայն ուղարկում է իր պատվիրակներին։

Իսկ դա նորմալ է, որովհետև Ծառուկյանը կորցնելու բան ունի։ Կորցնելու բան ունեն նաև ԲՀԿ խմբակցության անդամ-գործարարներ Գուրգեն Արսենյանը, Գրիգորի Մարգարյանը, Աբրահամ Մանուկյանը և այլք։ Կարճ ասած, ինչպես ժամանակին դիպուկ նկատել էր մեր գործընկերներից մեկը՝ Հայաստանում «Բենթլիով ընդդիմություն» չի լինում։
Զարմանալին միայն այն է, որ Տեր-Պետրոսյանը շարունակում է համոզել, որ դա հնարավոր է։
Եվ որպես իր խոսքերի ապացույց՝ նշում է՝ մենք կարողացել ենք մարդկանց մեջ կասկածներ սերմանել՝ նշելով Խաչատուր Սուքիասյանի օրինակը:

«2008 թվականին Խաչատուր Սուքիասյանն ո՞վ էր, նորից խոշոր բուրժուազիայի մաս, ում նկատմամբ նույնպիսի վերաբերմունք կար, ինչպես մյուսների նկատմամբ: Բայց եկավ բացահայտ միացավ մեր շարժմանը, ոչինչ չստացավ դրա դիմաց, հակառակը՝ իշխանությունն առաջին հարվածը հասցրին իրեն՝ պարզապես սնանկացրին այդ մարդուն»:
Ավելի լավ հակագովազդ դժվար է պատկերացնել։

Մարդուն սնանկացրին, իսկ ի՞նչ արեց այն ուժը, որի պատճառով դա տեղի ունեցավ։ Խորհրդարանական ընտրություններում վերցրիք յոթ մանդատը՝ լեգիտիմացնելով ընտրությունների արդյունքները։ Չմասնակցեցին նախագահական ընտրություններին՝ մինչև վերջին պահն ինչ-որ անհասկանալի բանակցություններ տանելով։ Ի դեպ, նույն ԲՀԿ-ի հետ հույս կապելով: Իշխանությունների դեմ պայքարելու փոխարեն՝ սկսեցին ներսում պայքարել մեկը մյուսի դեմ։ Իսկ այսօր՝ նախագահական ընտրություններից հետո, այդ ուժի ակտիվը զբաղված է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Րաֆֆի Հովհաննիսյանի քննադատությամբ։
Իսկ այն, որ կասկածներ հաջողվել է սերմանել՝ փաստ է։

Սակայն սերմերը կասկածներ են ծնել առաջին հերթին սերմը ցանողի նկատմամբ։ Դրա լավագույն ապացույցը նույն Խաչատուր Սուքիասյանն է, ով մի անգամ ռիսկի գնաց և տեսնելով, թե ինչ եղավ՝ այժմ բավականին պասիվ է և զգուշավոր։ Վերջին երկու տարվա ընթացքում որևէ մեկը Սուքիասյանից ինչ-որ կոշտ և հասցեական քննդատություն լսե՞լ է։ Մարդը որոշել է հանգիստ ապրել և զբաղվել իր սիրած գործով՝ iPhone-ի համար ծրագրեր է մշակում, զբաղվում է հյուրանոցային ամրագրման ծառայություններ մատուցող իր կայքով։ Իսկ երեկոյան սուրճ է խմում Հյուսիսային պողոտայի սրճարաններից մեկում՝ առանց վախենալու իշխանությունների հետապնդումներից։

Որովհետև հետապնդելու առիթ չի տալիս։ Որովհետև խոշոր բիզնեսը Հայաստանի ամենախոցելի և հնազանդ խավն է։

Եվ ընդհանրապես, նորմալ երկիր կառուցելու և ինչ-որ բան փոխելու համար պետք է ստանալ ոչ թե այս կամ այն խոշոր գործարարի աջակցությունը, այլ՝ ժողովրդի։ Իսկ ժողովրդի գործոնը ՀԱԿԿ-ում կարծես այլևս չեն կարևորում։

Իսկ փորձել շարունակել ԲՀԿ-ին ներկայացնել որպես ընդդիմություն՝ քաղաքական առումով ավելի տհաճ բան է, քան ոստիկանապետի հետ մոմ վառելն ու աղոթելը։ Վերջին հաշվով, ոստիկանապետը գոնե «Հայր մերը» գիտի՝ ի տարբերություն մարդկանց, ովքեր կանգնած են ԲՀԿ-ի ստեղծման ակունքներում։

Տեսանյութեր

Լրահոս